Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին նոր քաղաքական մարտավարություն է հարկավոր

Հուլիս 30,2020 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ինչպես է պաշտոնական Երեւանը հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի
միջազգային համակարգի ստեղծմանը հասնելու

Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում հանդիպեց ՊՆ եւ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ քննարկելու Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը: Նա այդ օրը հստակ արձանագրեց, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը լարվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետեւանքով: «Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաեւ գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելը: Իսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլեւ գլոբալ անվտանգության համար, վերջին օրերին ակնհայտ դարձավ: Ինչ վերաբերում է հետագա անելիքներին՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը: Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից եւ պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի»,- նշեց Փաշինյանը:

Թեեւ պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ կողմնակից է խաղաղ բանակցային գործընթացին, սակայն փաստացի, արձանագրվում է, որ առանց հրադադարի ռեժիմի պահպանման՝ վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգի բանակցություններ վարելը կորցնում է իր իմաստը:

Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումներին՝ Փաշինյանը նկատել էր. «Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում ներքին ծանր իրավիճակ է: Բայց մենք չենք կարող դառնալ նախագահ Ալիեւի ստեղծած ծուղակի պատանդը: Տարիներ շարունակ հայերի նկատմամբ սփռած ատելությունն ու պատերազմի սպառնալիքը ստեղծել էին ռազմական գերազանցության պատրանք, որն այժմ հօդս է ցնդում: Մենք վստահ չենք՝ արդոք Ադրբեջանի ղեկավարությունն ունի զինադադարը պահպանելու եւ սադրիչ հռետորաբանությունը կանխելու կարողություն կամ ցանկություն»: Այնուհետ նա վերահաստատել էր Հայաստանի հանձնառությունը խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում խիստ կարեւոր է ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը եւ տվյալ հարցում գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրականացումը. «Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները հանրայնորեն մերժեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ընդունի, որ խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք»:

Անցյալ շաբաթ  Փաշինյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության եւ ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Նա փաստեց, որ անհրաժեշտ է հետեւություններ անել. «Մենք չենք կարող անտեսել այն, ինչ տեղի է ունեցել: Չենք կարող անտեսել այն փաստը, որ 2016թ. ապրիլից հետո երկրորդ անգամ Ադրբեջանն ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, երբ առկա էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից եւ հռետորաբանությունից: Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնում է մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի դեմ պայքարում»:

Ապա հավելեց, որ ՀՀ-ն իր դիրքորոշումը հուլիսյան հաղթական մարտերից հետո ամրապնդել է եւ դրանք արտահայտվում են հետեւյալում. «Առաջին. Հայաստանի եւ Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսակետից խիստ կարեւորում եմ Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունը եւ այդ համագործակցությանն առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակության հաղորդելը:

Երկրորդ. Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:

Երրորդ. Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից եւ վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:

Չորրորդ. բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են եւ դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկում են բանակցային ողջ գործընթացը: Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից եւ պատրաստ է փոխզիջման: Առանց որեւէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի եւ Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որեւէ պարագայում:

Հինգերորդ. վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքներին: Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի զինված ուժերի եւ խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ: Արդեն երրորդ տասնամյակը ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին եւ Արցախում ապրող մարդկանց եւ խախտում է նրանց քաղաքական, տնտեսական, բնապահպանական, տեղաշարժի եւ այլ իրավունքները: Այն մոտեցումը, որ այդ իրավունքները կարող են իրացվել միայն հակամարտության կարգավորումից հետո, ընդունելի չէ: Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս:

Վեցերորդ. հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչեւ համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է: Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական եւ ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ եւ որ կողմն է խախտել հրադադարը: Նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն եւ կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում՝ թե՛ պետական սահմանին եւ թե՛ շփման գծում: Զինվորականների միջեւ տեղում ուղիղ կապի ապահովումը արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու եւ պարզաբանելու ուղղությամբ:

Յոթերորդ. հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք վճռականորեն մերժել եւ մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը»:

Այժմ կարեւոր է, թե առաջիկա հնարավոր բանակցություններից առաջ պաշտոնական Երեւանը ինչ աշխատանքներ է տանելու նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների հետ եւ Հայաստանի գործընկեր, բարեկամ պետությունների հետ:

Արձանագրվել է, որ հուլիսի 12-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա տեղի է ունեցել հարձակում, այնուհետեւ ռազմական գործողություններ են տեղի ունեցել:

Պաշտոնական Երեւանը խոստովանել էր, հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նրանց երկրները, եւ հատկապես արդյունավետ համարեց Ռուսաստանի Դաշնության ներգրավումն այդ հարցում:

Իսկ միակ երկիրը, որ փորձում է իրավիճակն էլ ավելի լարել՝ ակնհայտորեն Թուրքիան է, որի տարածաշրջանային ձգտումները ի համեմատություն հայ-ադրբեջանական նախորդ լարումների՝ այս անգամ ավելի ցցուն են: Տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի վերջին փորձերն ուղղակի անթաքույց են: Օրերս Փաշինյանն այս առիթով փաստեց. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի Զինված ուժերի եւ խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ»:

Պաշտոնական Երեւանի ուղերձները հստակ են՝ Հայաստան-Արցախ ընդհանուր անվտանգության համակարգը պետք է է՛լ ավելի ամրապնդվի, Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ, իսկ Ադրբեջանի իշխանությունները հրապարակայնորեն պետք է հրաժարվեն ուժի կիրառումից:

Ինչպե՞ս է պաշտոնական Երեւանը պատկերացնում արդյունավետ միջազգային մոնիթորինգի համակարգի կիրառումը, երբ դեռ 2016թ. ապրիլյան պատերազմից շատ առաջ եւ դրանից հետո պաշտոնական Բաքուն համառորեն մերժում է վստահության մեխանիզմների ներդրման՝ միջնորդների պահանջներն ու հորդորները:

Պաշտոնական Երեւանը, վստահաբար, այլ մեթոդներ պետք է գործի դնի, Փաշինյանին այլ մարտավարություն է հարկավոր, որովհետեւ միամիտ պետք է լինել կարծելու համար, թե պաշտոնական Բաքուն կհամաձայնի վերոնշյալ գաղափարին:

Նշանակում է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, թե՛ միջազգային հանրությունը պետք է պատասխանատվություն ստանձնեն հրադադարի ռեժիմի պահպանմանը նպաստող մեխանիզմների կիրառմանը տարիներ շարունակ ընդդիմացող կողմի պահվածքի հանդեպ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 29.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031