Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգերի փոխարեն ոնց որ ինչ-որ սորոսական սուրոգատ ստեղծելու գործընթացներ են, հասկանո՞ւմ եք». Քոչարյանը խոսում է Փաշինյանի կառավարության արժեքներից

Հուլիս 29,2020 23:13

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից խոսելով՝ դա որակեց տարերային քաղաքականություն՝ կապված միգուցե եղանակից, անհասկանալի:

Ըստ Քոչարյանի, ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու համար պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում, իսկ ինքը խիստ կասկածում է, որ այսօրվա իշխանությունները դա հասկանում են:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հսկայածավալ գումարներ է ծախսվել հազարավոր ՀԿ-ներ ստեղծելու ուղղությամբ, որոնց հիմնական նպատակն է եղել համաշխարհային հանրության գլոբալիզացիայի թեզն առաջ տանելու ուղղությամբ. «Հիմա այդ թրենդը փոխվել է, մարդիկ համարում են, որ քաղաքակրթական եւ մշակութային բազմազանությունը այս մոլորակի ուժն է, սա մեկ այլ արժեք է, որի համար պետք է պայքարել: Ազգային յուրահատկությունը չես կարող հանել որեւէ ազգից: Դա ինքնության հարց է»: Քոչարյանը գտնում է, որն Ռուսաստանը եւ Չինաստանն են այսօր նման արժեքների համար պայքարող առաջատարերը, որոնք ունեն քաղաքակրթական մեծ ներուժ, հզոր մշակույթ ու որոնց ինքնության մեջ իրենց մշակույթն ու պատմությունը չափազանց մեծ դեր ունեն. «Հիմա այսօրվա իշխանության մեծ մասը եկել են այն ՀԿ-ներից, որոնք ձեւավորել են այդ գլոբալիզացման երկրորդ track-ից, այսպես ասենք, այնտեղից են եկել իրենք: Կառավարությունը այդ քաղաքականությունն է դեռ վարում ու հիմա մեզ,ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից բոլորը փախնում են: Եվ այս վերաբերմունքը ազգային արժեքների, եկեղեցու նկատմամբ, որոնք տարբեր ազգերի ինքնության չափազանց կարեւոր բաղադրիչն են, սա են փորձում հանել մեր մշակույթից, մեր կրթական ծրագրերից: Հասկացա՞ք: Մեզ տանում են մի թրենդի մեջ, որն այսօր մարվում է եւ որից ուրիշներն այսօր փախնում են, նույնիսկ եվրոպական բոլոր ընտրությունների արդյունքներով մենք տեսնում ենք, որ ազգային ուժերը էապես բարելավում են իրենց դիրքերը: Սա ուղղակի պետք է կապել արտաքին քաղաքականության հետ»:

Հետո Քոչարյանն ավելի պարզեցրեց իր միտքը. «Ազգերի փոխարեն ոնց որ ինչ-որ սորոսական սուրոգատ ստեղծելու գործընթացներ են, հասկանո՞ւմ եք»:

Ամփոփելով խոսքը՝ Քոչարյանն ասաց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ազգային արժեքների կողմնակից են, պետք է պայքարեն սրա դեմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031