Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան համառորեն փորձում է տարածաշրջանում թելադրող դառնալ

Հուլիս 29,2020 22:00

Նրան կհաջողվի՞ Նախիջևանն իրենը դարձնել

Երկար տարիներ թուրքական իշխանությունները ազգային խտրականության քաղաքականություն էին վարում երկրի քուրդ ազգաբնակչության նկատմամբ: Ճնշումներն ավելի ինտենսիվ էին Թուրքիայի հարավ-արևելքի քրդաբնակ մարզերում՝ Վանում, Դիարբեքիրում, Շիռնաքում, Մարդինում: Իրենց ազգային և ժողովրդավարական իրավունքների համար պայքարող քրդերն իշխանությունների կողմից խիստ պատիժների էին արժանանում, քանի որ բոլոր ըմբոստներին երկրի իրավապահները պիտակավորում էին որպես Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամներ: Իսկ այդ կուսակցությունը Թուրքիայում և Արևմուտքում ճանաչում են որպես ահաբեկչական խմբավորում:

Տարիների ընթացքում համոզվելով, որ քրդերն այդքան հեշտ չեն ընկճվում և շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար, թուրքական գործադիր իշխանությունը հայտարարեց, որ Քրդստանի բանվորական կուսակցությունը հիմնականում ղեկավարվում է սիրիական և իրաքյան քրդաբնակ շրջաններից: Կարողանալով դա համոզել ազդեցիկ պետություններին, այդ պատրվակի տակ՝ թուրքական ցամաքային զորամիավորումներն ու զինտեխնիկան ներխուժեցին Սիրիա, իսկ ավելի ուշ՝ թուրքական օդուժը ռմբակոծումներ իրականացրեց Իրաքի հյուսիսային հատվածի քրդաբնակ համայնքների վրա: Բայց Թուրքիայի համար ոչ պակաս կարևոր էր հնարավորինս ամրանալ ու հաստատվել էներգետիկ հարուստ պաշարներ ունեցող այդ երկրներում և այնտեղ ձեռք բերել ազդեցության լծակներ: Բանակի ռազմական հաջողությունները թուրք ազգաբնակչության մեջ բորբոքեցին երբեմնի Օսմանյան կայսրության սահմանների վերականգնման ձգտումներ և այդ գործը գլուխ բերող համարեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո Սիրիայում ընթացող ռազմական գործողություններն ավելի պասիվ փուլ մտան և Էրդողանը զգալով երկրում խմորվող հասարակական նկրտումներն ու իր հետ կապվող հույսերը, փորձեց մեկ այլ ուղղությամբ նույնպես զավթողական քայլեր կատարել: Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահը ստորագրեց Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը: Այդ քայլով նա նախ իր վարկանիշը բավականին բարձրացրեց երկրի բնակչության հավատացյալ և ազգայնական շերտերի մոտ, միաժամանակ կատարելով ստուգողական քայլ՝ իր նկատմամբ քրիստոնյա պետությունների ռեակցիան ստուգելու համար (հետագա հնարավոր նվաճողական գործողություններից առաջ):

Երկու օր անց՝ հուլիսի 12-ին Տավուշի սահմանապահ դիրքերից մեկում տեղի է ունենում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի զինծառայողների ՈՒԱԶ մեքենայով հայ-ադրբեջանական սահմանը հատելու հայտնի փորձը՝ իր հետագա զարգացումներով: Էրդողանին այսպիսի նորությունը շատ ձեռնտու էր: Աշխարհի քրիստոնյա հանրության ուշադրությունը փորձելով շեղել Սուրբ Սոֆիայի տաճարի թեմայից, նա անմիջապես հանդես է գալիս Հայաստանին դատապարտող աղմկալից հայտարարություններով՝ գլխիվայր շրջված ներկայացնելով իրավիճակը, թե, իբր, Հայաստանի հանդունգն և պարբերաբար հարձակումների հետևանքով, դրանք սահմանային բախման են վերածվել: Անվերապահ աջակցություն հայտնելով բարեկամական Ադրբեջանին, նա շեշտում է, որ Թուրքիան կդիմակայի նրա տարածքի նկատմամբ ամեն տեսակ հարձակումներին: Տավուշի սահմանային լարվածության թուլացումից հետո՝ հուլիսի 24-ին Սուրբ Սոֆիայի տաճարում 86 տարվա դադարից հետո մեծ հանդիսավորությամբ նամազ կատարվեց:

Համոզվելով, որ քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների և արևմտյան պետությունների ղեկավարների կողմից արված դատապարտող հայտարարություններն այնքան էլ վտանգավոր և շարունակական չէին, Թուրքիայի նախագահը Սուրբ Սոֆիայի տաճարի բռնի մահմեդականացումը մարսված համարեց և փորձեց արագ անցնել նախապատրաստված հաջորդ քայլին: Նա նախաձեռնեց թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ Նախիջևանում, Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում: Ինչպես տեսնում ենք, զորավարժությունների տևողությունը և տարածական փռվածքը բավականին մեծ է: Բայց ամենից կարևորը Թուրքիայի առաջնորդի համար, կարծում եմ, հուլիսի 27-ին Նախիջևան մտնելու հանդիսավորությունն է եղել: Ըստ համացանցային տեղեկատվության՝ Էրդողանը թուրքական 11 հազարանոց զորախմբի Նախիջևան մտնելու ժամանակահատվածում հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ և խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հայ-ադրբեջանական սահմանային իրադրության մասին:

Թե ինչպիսի տոնայնությամբ է խոսել և ինչ պահանջներ է ներկայացրել նախագահ Պուտինը Նախիջևանում այդքան մեծ զինանձնակազմով անցկացվելիք զորավարժությունների վերաբերյալ, հայտնի չէ: Հիշենք, որ շուրջ 1 դար առաջ կնքված ռուս–թուրքական պայմանագրով Նախիջևանը տրվել է Ռուսաստանին՝ դրվելով խորհրդայնացված Ադրբեջանի հովանավորության տակ (Թուրքիայի պահանջով): Սակայն հաշվի առնելով վերջին երեք տասնամյակներում Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապի բացակայությունը, Թուրքիան քայլ առ քայլ փորձում է Նախիջևանն իրենը դարձնել: Այդ ծրագիրը, բնականաբար, խստորեն հակասում է Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի շահերին: Թվում է, թե Նախիջևանը կորցնելուն առաջին հերթին դեմ պետք է լիներ Ադրբեջանը, բայց նա այլ ելք չունենալով, արդեն հաշտվել է Նախիջևանը կորցրած լինելու փաստի հետ և դրա փոխարեն բավարարվում է Թուրքիայի գայթակղիչ խոստումներով՝ Ղարաբաղն իրեն վերադարձնելու վերաբերյալ: Ալիևին դա հավատացնելու համար ընդամենը պահանջվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պարզապես հայտարարի, թե  հանուն Ադրբեջանի պատրաստ է զոհել իր կյանքը:

Ի՞նչ կհաջորդի թուրք-ադրբեջանական համատեղ այս մեծ զորավարժություններին, որում ընդգրկված են այդ երկու երկրների զինանձնակազմերի ստորաբաժանումները, ծանր հրետանին, ծանր զրահատեխնիկան, ավիացիան և հակաօդային պաշտպանության միջոցները, հայտնի կդառնա առաջիկայում: Բայց մի բան պարզ է, որ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ժամանակ առ ժամանակ հնչեցվող «մեկ ազգ՝ երկու պետություն» կոչը  Օսմանյան կայսրության սահմանների վերականգնման ախորժակ ունեցող Թուրքիայում ինչ-որ մի պահից սկսած կարող է վերաձևակերպվել «մեկ ազգ՝ մեկ պետություն» կոչի, որը բավականին կսրի իրավիճակը հարավային Կովկասում: Հայաստանի զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակը պետք է միշտ պատրաստ լինեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ցանկացած անսպասելի գործողությունների զարգացմանը: Մենք մեր զգոնությունն ու ոգին պետք է միշտ բարձր պահենք, քանի որ ապրում ենք թյուրքական երկու հայատյաց պետությունների հարևանությամբ:

Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031