«Այսօր երկրում համաճարակային դրությունը գնահատվում է միջին ծանրության, առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի է»,- պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով արտակարգ դրության երկարաձգմանը՝ նա ասաց․ «Հայտնի է, որ օգոստոսի 12-ին երկրում ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը։ Ներկա դրությամբ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են, և մեծապես կախված են նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակաբանական պատկերն առաջիկայում։ Դեռևս մեծ անորոշություն է նաև երկրորդ պոտենցիալ ալիքի հետ կապված խնդիրը։ Այս առնչությամբ պետք է նշեմ, որ պարետատունը, հիմնվելով անցած ամիսների կուտակված փորձի և քաղած դասերի վրա, մշակում է առաջիկայի համար համավարակի կառավարման պլան, որը ուղենիշային կլինի կառավարության գործողությունների համար»։
Տիգրան Ավինյանը հավելեց, որ քննարկում են սահմանափակված մի շարք ոլորտները վերաբացելու հնարավորությունը և դրանց հետ կապված կանոնները․ «Եվ այսպես 2020-2021 ուսումնական տարվան ընդառաջ մշակման փուլում են կրթության ոլորտի, այդ թվում՝ մանկապարտեզների, դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների, բուհերի և ոչ ֆորմալ կրթության մասով կառավարման պլանները։ Սրանց միջոցով պարզ կդառնա, թե երկրում համաճարակային տարբեր իրավիճակներում ինչպե՞ս, ի՞նչ մոդելով պետք է գործի կրթական բնագավառը, և ինչպիսի՞ առանձին կանոններ պետք է որդեգրվեն, պահպանվեն տարբեր կրթական հաստատությունների կողմից»։
Առաջիկա օրերին կհրապարակվեն մանրամասն ուղեցույցներ գրադարանների, թանգարանների, համերգների և թատրոնների վերաբացման վերաբերյալ։ Սակայն, Տիգրան Ավինյանի խոսքերով՝ իրավիճակը տարբեր է լինելու միջազգային ավիափոխադրումների պարագայում․ «Դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնելը։ Միևնույն ժամանակ, ինչպես վարչապետը հորդորեց, ես նույնպես ցանկանում եմ հորդորել, որ մեր քաղաքացիները իրենց հանգիստը կազմակերպեն Հայաստանում։ Եվ վստահ եմ, որ զբոսաշրջության բազմազան հնարավորությունները թույլ կտան մեր հայրենակիցներին իրենց հանգիստը նույնքան լիարժեք անցկացնել Հայաստանում՝ պահպանելով սանիտարահամաճարակաբանական անվտանգության կանոնները»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ