Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք անվավեր ճանաչել կառավարության ընդունած որոշումը, այդ նոր կարգի կիրառությունը դիմորդների նկատմամբ ճանաչվի ոչ իրավաչափ». Ալեքսանդր Կոչուբաև

Հուլիս 29,2020 18:24

«Մենք այսօր հայցադիմում ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Վիճարկում ենք դիմորդների ընդունման նոր կարգի վերաբերյալ կառավարության որոշումը»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը, որի 59-րդ կետով դիմորդների՝ հայտ ներկայացնելու հետ կապված փոփոխություն է կատարվել:

Դիմորդների պահանջի մասին նա պարզաբանեց. «Հայցերից մեկով մենք պահանջում ենք անվավեր ճանաչել կառավարության ընդունած որոշումը, որով կարգավորվում է ընդունելության քննությունների անցկացման կարգը, կառավարության որոշումը, որով մասնագիտություններն են հաստատվել: Մյուս հայցով պահանջում ենք, որ այդ կարգի կիրառությունը դիմորդների նկատմամբ ճանաչվի ոչ իրավաչափ»:

Նշենք, որ ՀՀ վարչական դատարանում հայցը վարույթ է ընդունվում մեկ շաբաթվա ընթացքում:

Փաստաբանին խնդրեցինք պարզաբանել՝ մասնավորապես ի՞նչ հիմքով են վիճարկում որոշումը, քանի որ օրինակ՝ դիմորդների ծնողները ՀՀ ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպմանը պնդեցին՝ «կարգը, որն ընդունվել է և սկսել է գործել մայիսի 26-ից, չէր կարող անդրադառնալ, հետադարձ ուժ ունենալ այն հիմքի հետ կապված, որ դիմորդները մայիսի 25-ից են սկսել հայտերն ուղարկել, իսկ կարգը սկսում է գործել մայիսի 26-ից»:

Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հակադարձեց՝ պետք էր հետևել թարմացումներին, քանի որ ծնողները կարող էին տեղյակ չլինել այլ ոլորտների օրենսդրական փոփոխություններից, բայց ընդունելությանը վերաբերող փոփոխություններին պարտավոր էին ծանոթ լինել:

Փաստաբանն այս առիթով ասաց. «Դա չի կարող հակափաստարկ դիտվել: Փաստաթղթերի ընդունման օր է հայտարարվել մայիսի 25-ը: Բնականաբար, ծնողը, դիմորդը դրանից շատ առաջ մայիսի սկզբներին փաստաթղթեր պիտի հավաքի և հետո դիմի ընդունող հանձնաժողովներին: Այստեղ դեռևս այն փուլում, երբ սկսել են հանձնաժողովները փաստաթղթեր ընդունել, կարգ փոփոխելը կարծում եմ անտրամաբանական է: Փոփոխությունը կարող էր մեկ տարի առաջ, վեց ամիս առաջ արվել, որպեսզի պատշաճ ծանուցումներ լինեին: Բացի այդ՝ կառավարությունն ունի իրավասություն ամեն տարվա դեկտեմբերի 1-ը մինչև հաստատել մասնագիտությունների ցանկը բուհերի համար, մինչդեռ կառավարությունը հաստատել է մայիսի 26-ին, հետևաբար այդ որոշումը չէր կարող կիրառվել այս ուսումնական տարվա համար, քանի որ այն պետք է ընդունվեր 2019-ի դեկտեմբերի 1-ին, որպեսզի այս ուսումնական տարում նա կարողանար կարգավորել: Բազմաթիվ նման խնդիրներ կան, որոնք մեր հայցադիմումի բովանդակությունն են կազմում»:

Հիշեցրինք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը դիմորդների և նրանց ծնողների հետ հանդիպմանը նաև ասաց, որ հունիսի 25-ին ԱԺ-ը՝ կապված արտակարգ իրավիճակի հետ օրենք է ընդունել բուհերի ընդունելության կարգի փոփոխության մասին, հետո բոլոր պատգամավորներն իրենց էջերում տեղեկացրել են, նախարարը ևս, փաստաբանն արձագանքեց. «ԱԺ-ում ինչ իրենք արել են, բացի ծիծաղ՝ այլ բան չի կարող առաջացնել, քանի որ մայիսի 21-ի նիստում կառավարությունն ընդունում է այս որոշումը, և դրանից հետո գտնում են, որ իրենք իրավասու են այդպիսի որոշում կայացնել մինչև դեկտեմբերի 1-ը: Գնում են, օրենքում փոփոխություններ են անում և հունիսի 25-ին՝ մեկ ամիս հետո, օրենքի փոփոխություն են կատարում առ այն, որ կառավարությունը կարող է արտակարգ իրավիճակ լինելու պարագայում այդ մասնագիտությունների ցանկը հաստատել այս ժամկետում: Սա ծիծաղելի է. չգիտեմ՝ ով է կառավարությանն այսպիսի բան հուշել, իրականում սա խայտառակ և ծիծաղելի որոշում է, քանի որ հունիսի 25-ից հետո կառավարությունը կարող էր՝ արտակարգ իրավիճակով պայմանավորված այլ ժամկետում հաստատել մասնագիտությունների ցանկ և ըստ այդմ՝ ընդունել կառավարության որոշում դեկտեմբերի 1-ից տարբերվող»:

Փաստաբանն ասաց, որ եթե ՀՀ վարչական դատարանում հաջողություն չունեցան, կարծում է՝ այդ ամենը կլինի ուշացած արդարադատություն: Խոսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորության մասին՝ նա ասաց. «Մինչ եվրոպական դատարան դիմելը շատ փոքր խումբ կմնա, որը կգնա մինչև վերջ Եվրոպական դատարանի մակարդակում արձանագրելու համար, որ տեղի է ունեցել հիմնարար իրավունքների խախտում: Եթե այս խնդիրը մինչև հաջորդ ուսումնական տարի չկարգավորվի, կարծում եմ՝ ամեն ինչ ուշացած կլինի, քանի որ դիմորդները մյուս տարի նոր քննություն պիտի տան և ընդունվեն բուհեր: Հիմա պայքարողներից քչերը կցանկանան գնալ մինչև Եվրոպական դատարան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031