Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայից, Պակիստանից եւ Ադրբեջանից սննդամթերք ներմուծումը Հայաստան պետք է արգելվի. Գրիգոր Գրիգորյան

Հուլիս 29,2020 18:17

«2008-ից ՀՀ-ի իշխող քաղաքական ուժը եւ քաղաքական վերնախավը փաստացի հանձնել են Հայաստանի ռազմավարական եւ մարտավարական նշանակության ուղղությունը երկրորդ երկրի լիակատար կառավարմանը: Դրա վերջնական շտրիխը դրվեց 2017-ին, երբ Հայաստանի բոլոր ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների կոլեկցիան Հայաստանից դուրս բերվեց Վրաստանով՝ Լյուբերի լաբորատորիայով եւ հանձնվեց ԱՄՆ-ին»,- այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՍԱՊԾ նախկին պետ, փորձագետ Գրիգոր Գրիգորյանը՝ «Հայաստանի կենսաբանական լաբորատորիաները» և դրանց վտանգավոր ազդեցությունը թեմայով ասուլիսի ժամանակ:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հիշեցրեց, որ այդ լաբորատորիաների եւ դրանց վտանգավոր ազդեցության մասին մամուլի հրապարակումները հիմք ընդունելով՝ իրենք նախ դիմել էին ՀՀ դատախազություն, որպեսզի քրեական գործ հարուցվի. «Ապարդյուն: Ապա դիմել եմ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որտեղ ներկայացված են բոլոր պետությունները, այդ թվում նաեւ այս հարցով շահագրգիռ, եւ հնարավորություն կլինի արձագանքելու»:

Հայաստանում ԱՄՆ-ի կողմից կենսաբանական ռիսկի նվազեցման ծրագիրը մեկնարկել է 2009 թվականից, աշխատանքները, փաստացի, սկսվել են 2010 թվականից: Փորձագետը ընդգծում է՝ ծրագրի շուրջ ՀՀ-ի հետ բանակցությունները սկսվել են Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո: Հայաստանի կողմից բանակցությունները վարել է այդ ժամանակ նորաստեղծ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Ես բազմիցս ելույթներ եմ ունեցել, բազմիցս զգուշացրել եմ, հորդորել եմ ՀՀ գյուղատնտեսության եւ առողջապահության ոլորտի պատկան մարմիններին՝ աշխատել թափանցիկ, քանզի այդ ոլորտները հատուկ հետաքրքրություն են ներկայացնում գլոբալ մակարդակով երկրների զինված ուժերի կողմից, մասնավորաբար, Հայաստանի թշնամական Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի համար: Այս երեք երկրներն էլ ներկայացված են ամերիկյան կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրում»,- ասաց փորձագետը:

2011-2017 թվականն իրեն հասանելի փաստաթղթերի ուսումնասիրությունը հիմք է տալիս կասկածելու, որ Հայաստանի կենսաբանական անվտանգության համակարգի ողջ կառավարումը հանձնված է ԱՄՆ-ին: Հայաստանում ինֆեկցիոն հիվանդությունները, այդ թվում նաեւ հատուկ վտանգավոր վարակիչ, համակարգվում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից, որը, ըստ Գրիգոր Գրիգորյանի ունեցած տվյալների, հանդիսանում է ԱՄՆ-ի կենսաբանական հետախուզության կենտրոնական միավորը Հայաստանում: Բացի դրանից գործում են նաեւ 11 այլ միավորներ՝ տարբեր մարզերում:

Փորձագետը պնդում է՝ հավաքագրվող տեղեկատվությունը հասանելի են դառնում նաեւ հարեւան Վրաստանին: Դրա ապացույցն այն է, որ 2015 թվականին անջատած ժանտախտի հարուցիչները չգիտես ինչ ճանապարհով եւ ում թույլտվությամբ, հայտնվել էին Վրաստանի՝ հիվանդությունների վերահսկման կենտրոնի լաբորատորիայում եւ անցկացվել են դրանց հետազոտություններ: Ժանտախտի հարուցիչը, ի դեպ, հանդիսանում է Ա խմբի կենսաբանական զենքի համար օգտագործվող հարուցիչներից:

«2012 թվականին Հայաստանում սիբիրախտի վարակ բռնկվեց, որը աննախադեպ էր, քանի որ պաշտոնական տվյալներով այդ հիվանդությամբ վարակվել էր 52 մարդ: Խորհրդային տարիներին Հայաստանում այդ հիվանդությամբ վարակակիրների առավելագույն թիվը 3-ն է եղել, այն էլ վարակված կենդանու միսն օգտագործած անձինք են եղել: Հետաքրքիրն այն է, որ այս բռնկումից երկու շաբաթ առաջ, Նորքի հիվանդանոցը ստացել է սիբիրախտի ախտորոշման նորագույն սարքավորումներ ԱՄՆ-ից»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ ԱՄՆ-ից բացատրել են, որ սա ընդամենը զուգադիպություն է: Փորձագետը չի հավատում դրան:

Մեկ այլ դեպք է հիշեցնում. 2017-ի սեպտեմբեր ամսին Արծվաբերդ համայնքում տուլարեմիայի վարակ տարածվեց: Այս վարակը ևս կենսաբանական զենքի հարուցիչ է համարվում՝ Բ խմբի: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրենն իր ասուլիսում այդ ժամանակ տեղեկացրել է, որ հետազոտությունների արդյունքում վարակի տարածման աղբյուրը չեն գտել: Բնության մեջ, այդ վարակի աղբյուր են համարվում կրծողները, իսկ միջատները՝ տարածողներ: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրենը հայտարարել է, որ վարակը տարածվել է օդային ճանապարհով: Ըստ փորձագետի, վարակի նման եղանակով տարածման դեպքերը խիստ հազվադեպ են, բայց եթե տուլարեմիայի հարուցիչը իբրեւ կենսաբանական զենք է կիրառվում՝ տարածվում է հենց օդակաթիլային՝ աէրոգեն ճանապարհով:

Փորձագետը հիշեցնում է նաեւ 2017-ին՝ Դեբեդ եւ Դսեղ գյուղերում կենդանիների շրջանում դաբաղի մասսայական տարածման դեպքը, երբ ՀՀ պետական լիազոր մարմնի ներկայացուցիչները համառորեն պնդում էին, որ գյուղացիները սխալվում են, դա դաբաղ չէ: «Մենք հիմք ունենք կասկածելու, որ լիազոր մարմինը՝ երկրի այդ ժամանակվա իշխանության իմացությամբ, միտումնավոր թաքցրել է հիվանդության բռնկումները: Դա ոչ միայն ՀՀ օրենսդրության խախտում է՝ քրեական տարրերի պարունակմամբ, այլ նաեւ Հայաստանի միջազգային պարտավորությունների խախտում է: Հիմքեր ունենք կասկածելու, որ ՀՀ կառավարության՝ համապատասխան ոլորտի պատասխանատուներն այդ ժամանակ գործել են ԱՄՆ համապատասխան ստորաբաժանումների ճնշման ներքո»,-ասաց Գրիգոր Գրիգորյանը՝ հավելելով, որ պատրաստ են նաեւ համապատասխան փաստաթղթեր տրամադրել:

Գրիգոր Գրիգորյանը տարօրինակ է համարում այն, որ արդեն երեք տարի ինքն այս թեմայով տարբեր հայտարարություններ է արել եւ ոչ մի արձագանք չկա, բացի պաշտպանվողական կամ ոչ մի բան չասող հայտարարություններից:

Նա չափազանց վտանգավոր է համարում այն, որ Հայաստանում դեռեւս չի գործում արգելքը՝ Թուրքիայից, Պակիստանից եւ Ադրբեջանից սննդամթերք ներմուծելու համար, ինչը շատ խոցելի է դարձնում թե ՀՀ-ն, թե Արցախը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031