Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում մեկնարկել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին օժանդակություն ցուցաբերելու նախաձեռնություն, որի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանական դպրոցը, փաստաբանները և փաստաբանական գրասենյակները որոշակի միջոցներ են տրամադրել:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ խորհրդակցելու արդյունքում պարզվել են սահմանամերձ գյուղերի առաջին անհրաժեշտության կարիքները:
Տրամադրված միջոցներով օժանդակություն է ցուցաբերվել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղական համայնքին: Չինարի գյուղում ջրագիծ անցկացնելու համար տրամադրվել է 1600 մետր խողովակ՝ կցորդներով, ինչպես նաև գյուղի բոլոր բնակիչների համար՝ պարենային մթերք:
Չինարի գյուղում, ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը՝ Արա Զոհրաբյանի, Սիմոն Բաբայանի և Մելանյա Առուստամյանի կազմով, հանդիպել է գյուղի ներկայացուցիչների և բնակիչների հետ: Արա Զոհրաբյանը հայտնել է փաստաբանների զորակցությունը սահմանամերձ գյուղի բնակիչներին:
Կարդացեք նաև
Նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն են հայտնել ֆրանսահայ փաստաբանները, այդ թվում՝ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը, որոնց օժանդակությունը ստանալուց հետո կուղղվի Տավուշի մարզի սահմանամերձ մյուս գյուղերին:
Տավուշի մարզկենտրոն Իջևանում Փաստաբանների պալատի ներկայացուցիչները հանդիպել են նաև մարզի հոգևոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ստացել նրա օրհնությունը, շրջայց կատարել նորակառույց առաջնորդանիստի վարչական շենքում, որտեղ գործում են մարզի երեխաների ու երիտասարդների հոգևոր դաստիարակության բարձրացմանը նպաստող հոգևոր-մշակութային տարբեր խմբակներ: