Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերջին 4 ամսում ո՞ր բիզնեսներն են ժամանակավոր փակվել կամ լուծարվել. ՊԵԿ-ը Aravot.am-ին ցանկ է տրամադրել

Հուլիս 29,2020 18:08

Մաշտոցի պողոտայում գործող կոսմետիկայի այս խանութն էլ (լուսանկարում) փակվեց: Դատելով փակման առիթով հայտարարված զեղչերից ու լիկվիդացիոն գներից, տնտեսվարողը գործունեությունը դադարեցրել է: Համենայն դեպս, բիզնեսն այլ հասցե տեղափոխելու մասին որեւէ հուշում կամ ցուցանակ խանութի դռներին փակցված չէր:

Կորոնավիրուսով պայմանավորված, տնտեսական ճգնաժամը, հազարավոր բիզնեսների պես, այս խանութն էլ չշրջանցեց: Չփրկեց անգամ երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյաններից մեկի ՀՀ վարչապետի՝ այցելությունը առեւտրի այս կետ:

Հիշեցնենք՝ մարտի 17-ին, արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ախտահանման միջոցների, դիմակների գների, ապրանքների դեֆիցիտի վերաբերյալ դժգոհությունների առիթով Մաշտոցի պողոտայում շրջայց կատարեց,  եղավ նաեւ այս խանութում, սեփականատիրոջից հետաքրքրվեց՝ ինչպես են գործերը: Այն ժամանակ լավ էին: Կոսմետիկայի խանութում անգամ բժշկական դիմակների առեւտուրն էր եռում:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/229549328186708/?v=229549328186708

 

Այսօր արդեն մայրաքաղաքի փողոցներում բիզնեսի փակումն ազդարարող ցուցանակներ շատ կան: Թե քանի՞ եւ մասնավորապես՝ ի՞նչ բիզնեսներ են այս ամիսների ընթացքում փակվել կամ լուծարվել, Aravot.am-ը հարցում կատարեց Պետական եկամուտների կոմիտեին:

Ըստ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության, այս տարվա ապրիլի 1-ից մինչեւ հուլիսի 23 ընկած ժամանակահատվածում իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել են 6 հազար 779 կազմակերպություններ եւ անհատ ձեռներեցներ՝ ԱՁ-ներ, որոնք 23.07.2020թ.-ի դրությամբ չեն վերսկսել իրենց գործունեությունը: Նշյալ ժամանակահատվածում հաշվառումից հանվել եւ լուծարվել են 1446 կազմակերպություններ ու ԱՁ-ներ:

Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տրամադրած ցանկից, գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության ու ձկնորսության ոլորտում 73 կազմակերպություն դադարեցրել է գործունեությունը, 18-ը՝ լուծարվել:

Հանքագործական արդյունաբերության ոլորտում նույնպես բիզնեսներ են փակվել՝ 12-ը ժամանակավոր դադարեցրել են գործունեությունը, 1-ը՝ լուծարվել: Մշակող արդյունաբերությամբ զբաղվող 527 ընկերություն է ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը, 137-ն էլ՝ լուծարվել: Էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման բիզնեսով զբաղվող 9 ընկերություն ժամանակավոր չի գործի, մեկն էլ արդեն լուծարվել է: Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման եւ վերամշակման ոլորտից ոչ մի ընկերություն չի լուծարվել, բայց 3-ը՝ ժամանակավոր դադարել են աշխատել: Շինարարության ոլորտում 1443 ընկերություն է գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել, 16-ն էլ լուծարվել են:

Զգալի թվով բիզնեսներ են ժամանակավոր փակվել ու լուծարվել մեծածախ եւ մանրածախ առեւտրի, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգման ոլորտում: 3 հազար 143-ը ժամանակավորապես չեն գործում, 845-ը՝ լուծարվել են: Փոխադրումների եւ պահեստային տնտեսության ծառայություններ մատուցող 239 ընկերություն էլ ժամանակավորապես չի աշխատում: Այս ոլորտում լուծարվել է 41 տնտեսվարող սուբյեկտ:

Քիչ չեն նաեւ կացության եւ հանրային ծննդի ծառայություններ մատուցող ընկերությունները, որոնք ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը: 610-ը դեռ չի վերաբացվել, 81-ն ընդհանրապես լուծարվել է: Նշյալ ժամանակահատվածում տեղեկատվության եւ կապի ոլորտում գործող 169 ընկերություն ժամանակավորապես չի գործում, 16-ն էլ լուծարվել է: Փակվել եւ դեռեւս չեն վերաբացվել ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն իրականացնող 37 կազմակերպություն, լուծարվել են 11-ը:

Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ից, այդ ամիսների ընթացքում անշարժ գույքի ոլորտում գործունեություն իրականացնող 3 կազմակերպություն է լուծարվել, 162-ն էլ փակվել են, բայց ժամանակավոր: Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն իրականացնող 326 կազմակերպություն ժամանակավորապես չի գործում, այս ոլորտի 46 տնտեսվարող սուբյեկտ էլ լուծարվել է:

Վարչարարական եւ օժանդակ գործունեությամբ զբաղվող 309 ընկերություն նույնպես գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է, 21-ն էլ լուծարվել: Պետական կառավարման եւ պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության 2 կազմակերպություն է ժամանակավորապես փակվել: Իսկ կրթության ոլորտում՝ 113-ը, 8 կազմակերպություն էլ՝ լուծարվել: Առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկման 56 կազմակերպություն է գործունեությունը դադարեցրել, 6-ն էլ լուծարվել է: Մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ոլորտում 143 ընկերություն է ժամանակավորապես փակվել եւ հուլիսի 23-ի դրությամբ դեռ չի բացվել: Այս ոլորտի 24 ընկերություն էլ արդեն լուծարվել է:

ՊԵԿ-ի տվյալներով, սպասարկման եւ այլ ծառայությունների ոլորտում ժամանակավոր փակվել եւ դեռեւս չեն բացվել 697 կազմակերպություն, 171-ն էլ լուծարվել են:

Օտարերկրյա կազմակերպություններից էլ երկուսն են գործունեությունը ժամանակավոր դադարեցրել: Տնային տնտեսությունների գործունեության ոլորտում, որպես գործատու, 4 կազմակերպություն ժամանակավոր փակվել է եւ մինչ հուլիսի 23-ը դեռ չի վերագործարկվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031