ՖԿՍՊԻ 75-ամյակի առիթով էքստրեմալ տուրիզմի եւ արկածային մարզական միջոցառումների կազմակերպման գաղափարի հիմնական հեղինակ, Արմենիա ռաֆթինգ ակումբի նախագահ Վազգեն Խաչիկյանն այդ առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Aravot.am-ի հարցին, թե արտակարգ դրության պայմաններում նմանատիպ զանգվածային միջոցառումների անցկացումը պարետատան հետ խնդիրներ չի՞ առաջացնի, եթե նկատի առնենք նաեւ այն, որ օրերս պետական այրերի մասնակցությամբ ռաֆթինգի կազմակերպումը համացանցում որոշակի աղմուկ բարձրացրեց, պատասխանեց.
«Մենք այս պահին նախնական ստացել ենք 16 թիմի մասնակցության հայտ: Կարծում եմ, թիվը դեռ կարող է մեծանալ: Մենք առայժմ չենք որոշել միջոցառման մեկնարկի օրերը, սակայն նախատեսում ենք մրցումները կազմակերպել հանգստյան օրերին՝ մի քանի շաբաթվա ընթացքում: Իհարկե, կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված խնդիրներ չունենալու նպատակով մենք համապատասխան նամակով կդիմենք պարետատուն, կիրազեկենք եւ մեր միջոցառումները կիրականացնենք թույլտվություն ստանալուց հետո միայն: Հույս ունենք նաեւ, որ արտակարգ դրության ռեժիմն էլ շուտով կփոխվի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ