Լրահոս
Օրվա լրահոսը

Սարի թաղի գործով տուժող․ Անվերադարձ կորցրել եմ իմ աջակողմյան լսողությունը

Հուլիս 29,2020 17:40

«2019 թվականից ես պարզապես ծանուցում եմ ստացել, որ գործը վերաբացվել է, բայց քննիչի կողմից ոչ մի հրավեր ես չեմ ստացել, պարզապես ոչինչ չի կատարվել»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում, անդրադառնալով Սարի թաղի դեպքերին, ասաց ոստիկանական գործողություններից տուժած Խաչատուր Պետրոսյանը։

Նա հիշում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ին ոստիկանական պատնեշից 400-500 մետր հեռավորության վրա են կանգնել, երգել և ծափահարել են․ «Ոստիկանները աստիճանաբար մեզ մոտեցան մինչև 20 մետր հեռավորություն պահպանելով։ Եվ հանրահավաքի կազմակերպիչներին իրենք հորդորում էին հեռանալ, եթե ոչ՝ կկիրառեն ուժ։ Կիրառել ուժ՝ երգող, ծափահարող քաղաքացիների նկատմամբ։ Առաջին կամ երկրորդ կրակոցից հետո, ես՝ որպես ծանր մարմնական վնասվածք ստացած քաղաքացի, ոչինչ Սարի թաղից չեմ հիշում, քանի որ երկրորդ կրակոցից հետո՝ առաջին շարքում էի կանգնած քաղաքացիների հետ, ես ընկել եմ։ Երբ գիտակցության եմ եկել, օգնություն եմ կանչել։ Ինձնից 15-20 մետր հեռավորության վրա տեսա ոստիկանների, օգնություն խնդրեցի, նրանք ինձ օգնություն չցուցաբերեցին։ Այնուհետև ես հեռվում, մթության մեջ տեսա ինչ-որ վազող քաղաքացիների, ավելի բարձր օգնություն խնդրելուց հետո մոտեցան ինձ, բանից պարզվեց, որ լրագրողներ էին։ Ինձ օգնել են լրագրողները, այնուհետև շտապօգնության մեքենա են կանչել, և ինձ տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց»։

 

Խաչատուր Պետրոսյանը այդ օրը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել և մինչև այժմ ունի գլխապտույտներ, ավելի բռնկուն է դարձել․ «Լուսաձայնային նռնակը մոտ է պայթել։ Ամառ էր, շոգ էր, կիսաթև էինք հագնված, աջ թևիս ամբողջ մաշկն այրվեց այդ պայթյունի բոցից և վառվեց մաշկս։ Մի քանի բեկորներ հայտնվեցին աջ թևիս տարբեր հատվածներում, երբ պայթյունը մոտ էր ինձ, ես ստացա ծանր մարմնական վնասվածք նաև գլխիս հատվածում։ Ճակատային հատվածից են բեկորներ հանել, և այդ պայթյունը այնքան մոտ էր ինձ, որ ստացել եմ նաև գլխուղեղի ցնցում։ Իմ աջակողմյան հատվածը մինչ այսօր էլ չի լսում, և ես անվերադարձ կորցրել եմ իմ աջակողմյան լսողությունը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031