Տեղեկացնում ենք, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի՝ այս տարվա հուլիսի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերը՝ համայնքի ղեկավարի կողմից իբր հանցակազմ պարունակող գործողությունների վերաբերյալ, ամբողջովին հիմնազուրկ են, չփաստարկված, եւ ըստ էության, տեղեկատվական դաշտում սենսացիոն ձեւակերպումների միջոցով սեփական վստահորդի շահերը առաջ մղելու նպատակ են հետապնդում:
Լենինգրադյան փողոց հ.23/7 հասցեում «Լույսեր» ՓԲ ընկերությանը 06.12.2019թ. տրամադրվել է հ.01/18-07/2-71844-1246 նախագծման թույլտվությունը:
Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 11.09.2017թ. «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի եւ շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու մասին» հ. 128-Ն հրամանի հավելվածի 3-րդ գլխի 6-րդ կետի՝ նախագծային փաստաթղթերի երկու փուլով մշակման դեպքում «Նախագիծը» հաստատվող փուլ է համարվում և կարող է մշակվել համաձայնեցված էսքիզային նախագծի հիման վրա։ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համաձայն՝ «Նախագիծ» փուլի հիման վրա կարող է տրվել շինարարության թույլտվություն համապատասխան նշումով` շինարարական աշխատանքների (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն) հաջորդական իրականացման վերաբերյալ:
Համաձայն ընկերությանը 06.12.2019թ. բնակելի համալիրի կառուցման համար տրամադրված հ.01/18-07/2-71844-1246 նախագծման թույլտվության 20-րդ (առաջադրանքի գործողության ժամկետը եւ նախագծի մշակման փուլերը) կետի սահմանվել է փուլային համաձայնեցում, համաձայն որի ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 18.03.2020թ. հ. ՔՏՄ/09.2.3/4218-20 եւ «Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲ ընկերության 25.02.2020թ. ՀՀ-ում գործող շինարարական նորմերի համապատասխանությանը հավաստող հ.20-079 դրական փորձաքննական եզրակացությունների հիմքով՝ Երևանի քաղաքապետարան ներկայացված բնակելի «Գ» մասնաշենքի հիմքերի կառուցման նախագիծը 03.04.2020թ. համաձայնեցվել եւ տրամադրվել է հ.01/18-20384-411 շինարարության թույլտվություն:
Կարդացեք նաև
Միեւնույն ժամանակ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՕ-110-Ն օրենքի III-րդ գլխի 14-րդ հոդվածի 7) ենթակետի համաձայն քաղաքաշինության բնագավառում` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության ենթակա են 1500 քմ-ից ավելի կառուցապատման մակերեսով քաղաքաշինական կառույցները: Արդյունքում՝ «Լույսեր» ՓԲ ընկերությանը տրամադրված նախագծման թույլտվության 22-րդ կետով ամրագրվել է համապատասխան դրույթ՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության (այսուհետ՝ ՇՄԱԳ) փորձաքննության վերաբերյալ:
Ընդգծենք՝ քանի որ Երեւանի քաղաքապետարան համաձայնեցման է ներկայացվել բնակելի համալիրի «Գ» մասնաշենքի (հիմքերի կառուցման) նախագիծը, որի կառուցապատման մակերեսը չի գերազանցել վերոնշյալ իրավական ակտով ամրագրված 1500 քմ սահմանաչափը, նախագծի 1-ին փուլի շրջանակներում ՇՄԱԳ փորձաքննության անհրաժեշտություն չի դիտարկվել:
Հակոբ Կարապետյան
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ