«Լիդիանի» նախկին աշխատակիցներից ոմանք ստիպված են եղել արտագաղթել
«Երկու տարվա ընթացքում մեր աշխատակիցներից շատերը ստիպված են եղել արտագաղթել, մինչդեռ կառավարությունը խոսում է արտագաղթը կանգնեցնելու մասին, որպեսզի մարդիկ այստեղ բարեկեցիկ ապրեն: Կներեք, բայց 2 տարվա ընթացքում մեր շատ աշխատակիցներ իրենց բարեկեցիկ կյանքից զրկվել են, եւ ցավալին այն է, որ Հայաստանում ոչ մի տեղ չեն կարողանում նմանատիպ լավ պայմաններով աշխատանք գտնել»,-ասում է «Լիդիան Արմենիա» ընկերության նախկին աշխատակիցների նախաձեռնող խմբի անդամ Լիանա Հովսեփյանը: Նա նույնպես 2 տարի է՝ զրկված է աշխատելու իր իրավունքից:
Այսօր «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները եւ նրանց շահերը ներկայացնող փաստաբան Արմեն Մելքումյանը «Փաստարկ» մամուլի ակումբում ասուլիս էին հրավիրել՝ հայտնելու, որ Լիդիանի 100-ից ավելի աշխատակիցներ դիմել են դատարան՝ հետագայում նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրենց իրավունքները պաշտպանելու մտադրությամբ։
«Լիդիան» ընկերության 100-ավոր աշխատակիցներ ՀՀ ոստիկանությանը դատի են տվել
Կարդացեք նաև
Արմեն Մելքումյանն ասաց, որ Վարչական դատարանը հայցն ընդունել է վարույթ. «Հայցով պահանջում ենք ճանաչել ոստիկանության անգործությունը՝ հակաօրինական, եւ անմիջապես վերականգնել օրենքը եւ աշխատակիցների օրինական իրավունքները»։
Փաստաբանի խոսքով, Հայաստանի դատարաններում հաջողության չհասնելու դեպքում դիմելու են ՄԻԵԴ՝ ՀՀ կառավարությունից պահանջելով աշխատակիցների՝ կորցրած 10 տարվա աշխատավարձի փոխհատուցում։ Ընկերության պատասխանատուները հաշվարկել են եւ պարզել, որ այդ գումարը կազմում է 30-35 միլիոն դոլար:
«Լիդիանը դեռեւս շինարարության փուլում երկրի 20 խոշոր հարկատուների ցանկում էր։ Ոսկին այսօր աննախադեպ բարձ գին ունի։ Ապօրինությունը զրկել է Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարներից, իսկ մեզ՝ մեր օրինական աշխատավարձից»,-նշեցին նախկին աշխատակիցները:
Լիանա Հովսեփյանի խոսքով, 2018 թվականից ի վեր, արդեն երկու տարի է, մի խումբ բնապահպան-ակտիվիստների պատճառով ընկերության հարյուրավոր աշխատակիցներ անգործ են եւ չգիտեն էլ՝ խնդիրը ե՞րբ կլուծվի: Ասում է՝ դիմել են կառավարություն, վարչապետին, սակայն՝ անարձագանք. «Մի շարք ստուգումներ է անցել Ամուլսարը, եւ այդ ստուգումների արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել, բայց միեւնույն է՝ հանքի ճանապարհները շարունակում են փակ մնալ, մենք էլ՝ անգործ: Կառավարության մոտեցումն անհասկանալի է. լռում է, ոչինչ չի անում, չի արձագանքում: Վերջերս էլ տեսաք՝ Ամուլսարում եղավ քաշքշուկ ոստիկանների եւ, այսպես կոչված, բնապահպան-ակտիվիստների միջեւ եւ, այնտեղ գտնվող ոստիկանության մարզային ստորաբաժանման պետ Գեւորգ Ազիզյանն ասաց, որ ինքն աջակցում է ակտիվիստներին եւ ամեն հարցով նրանց կողքին է: Հարց է ծագում, այն՝ ինչ կատարվում է, կառավարության կողմից թույլատրվա՞ծ է, եւ նրանք անում են այն՝ ինչ ուզո՞ւմ են: Մեր հարցի լուծումը որտե՞ղ է լինելու, վերջապես ի՞նչ պետք է անի կառավարությունը»:
Վարչական դատարանում առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին
Նախկին աշխատակիցները տեղեկացրին, որ հայցադիմումին են միացել նաեւ արտերկրում արդեն իսկ աշխատանք գտած Լիդիանի նախկին աշխատակիցները. «Մեր բարձրակարգ մասնագետները դրսում վերապատրաստվել էին, որպեսզի գան ծառայեն Հայաստանում, բայց նրանցից շատերն արտագաղթեցին: Մինչ այս, համբերատար սպասում էինք, բայց անընդհատ մեզ ասում են՝ հիմա այս ստուգումն է, այն ստուգումն է, բայց ոչ մի հստակ բան չեն ասում, մենք մեզ խաբված ենք զգում եւ այդ պատճառով էլ դիմեցինք դատարան, որովհետեւ այլ լուծում չէր մնում: Կառավարությունից ոչ մի դրական արձագանք, ոչ մի փոփոխություն չի լինում»:
Արմեն Մելքումյանն ասաց, որ Վարչական դատարանում առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին: Նրա խոսքով. «2018 թվականի հունիսի 20-ից սկսած, ոստիկանությունը ՀՀ օրենքով ամրագրված իր գործառույթները չի իրականացնում, հանքի ճանապարհները չեն բացում, այդ խուլիգանությունները չեն վերացնում, բիրտ խուլիգանական դրսեւորումները չեն հետապնդվում, որոնք իրականացվում են նույն անձանց կողմից: Սա աննախադեպ է, նման նախադեպ չկա զարգացող երկրներում, չկա մի երկիր, որտեղ դուք կտեսնեք, որ 10-15- հոգի ապօրինաբար խախտել են բավականին խոշոր ներդրողի ազատ տնտեսական գործունեությունն իրականացնելու իրավունքը, խոչընդոտել աշխատակիցների իրավունքի իրացմանը, իսկ ոստիկանության կողմից գրեթե դրսեւորվում է անգործություն: Կարող ենք փաստել, որ Ամուլսարի տարածքում եւ կից համայնքներում մենք չունենք ոստիկանություն, չունենք պետություն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցնում են հանքի ճանապարհը բացելու հորդորը, որը բնապահպան-ակտիվիստներն այդպես էլ չկատարեցին
Նախկին աշխատակից Արթուր Հովսեփյանը, որը «Լիդիան Արմենիա» ընկերության տեխնիկական անվտանգության գծով պատասխանատուն է, ասաց, որ միֆ է շրջանառվում, թե ազդակիր համայնքների բնակիչները դեմ են հանքի շահագործմանը: Նրա խոսքով, այդպես չէ. շատերը նույնիսկ պատրաստակամ են այնտեղ աշխատելու:
Նա հիշեցրեց նաեւ վարչապետի՝ բնապահպան-ակտիվիստներին Ամուլսարի ճանապարհը բացելու հորդորը, որն այդպես էլ չկատարեցին սարն ապաշրջափակած ակտիվիստները. «Վարչապետն իր ելույթում նշեց, որ «Լիդիանը» ամենաբարձր ստանդարտներով աշխատող ընկերությունն է Հայաստանում, եւ մնացած հանքավայրերը պետք է իրենց համար նշաձող սահմանեն «Լիդիանին»: Մենք ունենք լեգիտիմ կառավարություն, եւ օր առաջ այս հարցին պետք է լուծում տրվի»:
Մեկնաբանելով տեղեկությունները, թե «Լիդիանի» բաժնետերերի ցանկում կա թուրքական կապիտալով բաժնետեր, պարոն Հովսեփյանն ասաց, որ «Լիդիանը» Տորոնտոյի բորսայում ցուցակված ընկերություն է եւ բաժնետոմսեր կարող են գնել յուրաքանչյուրը՝ ֆիզիկական թե իրավաբանական անձիք. «Նրանց թվում կարող է լինել Ռուսաստանի, Մոզամբիկի քաղաքացի, կարող է լինել նաեւ ազգությամբ թուրք բաժնետեր: Այս հարցը մի քանի կիսագրագետ վերցրել են ու քաղաքականացրել եւ մանիպուլյատիվ գործողություներ են իրականացնում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ