Լրահոս
Օրվա լրահոսը

Արաքս Մելքոնյան․ Սարի թաղի գործով վարույթ իրականացնող մարմինը պատշաճ քննություն չի իրականացրել

Հուլիս 29,2020 16:31

«Մարտի 1-ից հետո թերևս ամենախայտառակ միջոցառումն էր ոստիկանության կատարմամբ»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում, անդրադառնալով Սարի թաղի դեպքերին՝ ասաց Սարի թաղում ոստիկանական գործողություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» Հ/Կ նախագահ Արաքս Մելքոնյանը։

Արաքս Մելքոնյան

Նա նշեց, որ հուլիսի 29-ին լրանում է Սարի թաղի դեպքերի չորս տարին, սակայն դեռևս քրեական գործով՝ ոստիկանության գործողությունների առնչությամբ որևէ մեղադրյալ քրեական գործում չկա․ «Այս չորս տարիների ընթացքում վարույթ իրականացնող մարմինը, ըստ էության, արդյունավետ քննություն չի իրականացրել, որովհետև մի շարք հանգամանքների քննությունը ի զորու չի եղել արձագանքել, պատասխան գտնել և արդյունք ունենալ։ Դա ենթադրում է, որ վարույթ իրականացնող մարմինը պատշաճ քննություն և պատշաճ ջանասիրություն այս առնչությամբ չի գործադրել, մասնավորապես՝ ի սկզբանե բացառապես տուժողների ցուցմունքների վրա է հիմնվել, և իր գնահատականները կառուցել է հատկապես ոստիկանության ուժերի ներկայացուցիչների ցուցմունքների հիման վրա»։

Արաքս Մելքոնյանի խոսքով՝ հրահանգը եղել է կոնկրետ անձի կողմից, որի անունը հայտնի է նաև վարույթ իրականացնող մարմնին․ «Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը հրահանգը տվել է, և դա վարույթ իրականացնող մարմինը պատասխանել է նաև մեզ։ Դատախազը վարույթի կասեցման մեր բողոքին պատասխան հայտնել է, որ չեն կարող իրենք բացահայտել, թե որ ոստիկանն է այդ նռնակը նետել, բայց տեղյակ են, որ հրամանը եղել է Լևոն Երանոսյանից։ Այսինքն՝ մենք կոնկրետ ոչ իրավաչափ գործողություն իրականացրած պաշտոնատար անձի և բարձր պաշտոնատար անձի տեղեկությունն ունենք։ Միանշանակորեն, հնարավորություն կա նրան պատասխանատվության ենթարկելու»։

Նա ընդգծեց, որ սա 1-2 անձի իրավունքների խախտման հարց չէ․ Սարի թաղի քրեական գործով ներգրավվել է 63 տուժող․ «Հատկանշական է այն, որ բոլորը չէ, որ տուժել են հատուկ միջոցների գործածումից։ Այսինքն՝ կան մարդիկ, որոնք բռնության, խոշտանգման են ենթարկվել ոստիկանությանը կից, այսպես ասած, այդ քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից։ Նրանք ուղղորդվել են, և նույնիսկ իրենք են ուղղորդել ոստիկանությանը։ Իսկ վարույթ իրականացնող մարմինը իր որոշումներում նշում է, որ որևէ ապացույց ձեռք չի բերել, որ այդ հրոսակախմբերը ուղղորդվել են ոստիկանության կողմից»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031