Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրիմուռների թույնը վտանգավոր է մարդու եւ կենդանիների համար». ծաղկող Սեւանը փրկելու ծրագրեր են մշակվում

Հուլիս 29,2020 16:07

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաներն ու ոլորտային կառույցների պատասխանատուներն այսօր Սեւանա լճում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան լճում կապտականաչ ջրիմուռների ծաղկման հետեւանքներին եւ կանխարգելման միջոցառումներին:

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը նախ  նշեց, որ կառավարությունը խիստ հանձնարարականներ է տվել՝ ձեռնարկել բոլոր միջոցառումները, ներկայացրել ծրագրերը, թե ինչ պետք է անել, որպեսզի Սեւանում հաջորդ տարի կանաչում չլինի կամ նվազ ծավալով լինի:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը մանրամասնեց, որ այս տարի Սեւանը ծաղկել է հուլիսի կեսից. «Իրավիճակը լճում այնպիսին էր, ինչպիսին նախորդ տարի նույն ժամանակ: Լճում էկոլոգիական վիճակը վատ է, ծաղկման գործընթացը՝ շարունակական: Վիճակը շատ վատ չի, բայց լավ էլ չի»:

Նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ կառավարության ծրագրով մի շարք աշխատանքներ են նախատեսված, մասնավորապես՝ անտառածածկ հատվածների հատում. «Կառավարության հրատապ հրահանգով՝ այդ տարածքները մաքրվելու են: Նախատեսվում է նաեւ շենք-շինությունների ապամոնտաժում: Էկոհամակարգի հավասարակշռությունը վերականգնելու նպատակով դեպի լիճ հոսող կեղտաջրերի մաքրման կայանների նախագծահաշվարկային միջոցառում է նախատեսված: Որպես առաջնահերթ միջոցառում քննարկվում է կեղտաջրերի՝ դեպի լիճ հոսքի կանխարգելումը: Եվրամիությունն այս նպատակների համար դրամաշնորհ ունի, բանակցություններ են ընթանում, վերջնական փուլում ենք»:

ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի խոսքով՝ լճի ծաղկումը խոսում է ջրի որակի վատացման մասին, որն արձանագրվել է վերջին տարիներին. «Դա գնալով խորանում է: Բնականաբար, կլիմայական գործոնը նշանակությունի ունի, եւ այդ պատճառով այս տարի ծաղկումն ավելի ուշ սկսվեց: Բարեբախտաբար, ինտենսիվ ծաղկման փուլում չենք դեռեւս, բայց սա չի նշանակում, թե ծաղկման գործոնները ծնող երեւույթները հաղթահարված են: Բավական է մի փոքր շեղում, եւ ծաղկումը կխորանա: Ջրիմուռները ծաղկումից հետո նստում են հատակում, եւ քայքայման ժամանակ խլվում է լճում առկա թթվածինը: Այդ օրգանական աղտոտվածությունը նպաստում է խեցգետինների հիվանդություններին: Վերջին տարիներին խեցգետնի պաշարները կրճատվել են»:

Էվելինա Ղուկասյանն ընդգծեց, որ կապտականաչ ջրիմուռները թունանյութ են արտազատում, որը վտանգավոր է կենդանական աշխարհի եւ լճում լողացողների համար. «Եթե մարդկանց դեպքում այն ազդում է լյարդի եւ աղեստամոքսային համակարգի, մաշկի վրա, ապա կենդանիների դեպքում հանգեցնում է մահացության: Սնկային հիվանդություններ եւս առաջանում են կենդանիների մոտ»:

Նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը նաեւ հայտնեց, որ լողափերի հատվածում, որտեղ քաղաքացիները հանգստանում են, այս պահին կանաչման վտանգ չկա. «Փոքր Սևանում լողալու խնդիր չկա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031