Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է աղբահանության համակարգի ռազմավարությունն ու դրանով նախատեսված միջոցառումների ծրագիրը:
Զեկուցվել է, որ ռազմավարությամբ մշակվել է երկամյա միջոցառումների ծրագիր, որով նախատեսվող աշխատանքները միտված են լինելու հանրապետությունում աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը, էկոլոգիական պայմանների ապահովմանը, վերամշակման ենթակա թափոնների համար համապատասխան մեխանիզմների ներդրմանը և այլն:
Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները, մասնավորապես արդեն իսկ ձեռք է բերվել 59 տեխնիկա, 600 աղբաման: Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվում են նաև երկու խոշոր նոր աղբավայրերի կառուցման աշխատանքները՝ Երևանում և Հրազդանում: Շինարարությունը կմեկնարկի արդեն առաջիկայում:
Ռազմավարությամբ նախատեսվում է համայնքների համար գծագրել աղբահանության կոնկրետ սխեմաներ, բնակավայրերում հիմնել աղբի հավաքման կետեր, իսկ շինանրարական աղբի համար սահմանել առանձին ընթացակարգեր:
Կարդացեք նաև
Քննարկվել են նաև աղբի վերամշակման հնարավորություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է հանրապետությունում աղբահանության բարձր մակարդակի կազմակերպումը և նշել, որ ռազմավարությունը պետք է իր միջոցառումներով ապահովի այդ խնդիրը լիարժեք: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև հանգստի վայրերում, գետերի ափամերձ տարածքներում աղբահանության կազմակերպումը և տվել համապատասխան հանձնարարականներ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ