Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 29-ին ՀՀ ԱԺ-ում բուհերի ընդունելության քննության արդյունքում դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողները «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների առաջարկով հանդիպեցին ՀՀ ԱԺ պատգամավորների հետ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ծնողներին ասաց, որ իրենք կարող էին չիմանալ գյուղական ոլորտին, հանրային ծառայությունների կարգավորման և այլ ոլորտներին առնչվող օրենսդրական փոփոխություններ, բայց թե ինչ է կատարվում ընդունելության գործընթացում, պարտավոր էին տեղեկանալ: Հետևաբար կիմանային, որ ընդունելության կարգի փոփոխություն է տեղի ունեցել:
Դիմորդի ծնող Մասիս Բաբալյանն արձագանքեց. «Որ ասում եք՝ ոչ մի կարգ չի խախտվել, դիմորդները պարտավոր էին տեղյակ լինել ցանկացած որոշման, հակադարձեմ, որ դիմորդները, իմանալով, որ վերջին երկու ամիսը նախատեսված էր, որ առավոտից երեկո պիտի պարապեին, ընդունելության կարգին կոնկրետ մենք ծանոթացել ենք մայիսի 3-ին»:
Կարդացեք նաև
Լիլիթ Ստեփանյանն ասաց. «Մայիսի 3-ից հետո նախարարը և մենք մեր էջերում, ԱԺ-ում հայտարարել ենք օրվա հետ կապված»:
Ծնողն արձագանքեց՝ դիմորդը պարտավոր չէ կարդալ, թե ինչ է գրված ֆեյսբուքյան էջերում. կա պատշաճ կերպով ծանուցման եղանակ:
Պատգամավորն էլ ասաց՝ ի՞նչ աներ նախարարությունը, հերթով զանգե՞ր. կարգն ուղարկվել է ավագ դպրոցներին: Հետո էլ դիմելով Մասիս Բաբալյանին, ասաց. «Պարո′ն Բաբալյան, զարմանում եմ՝ Ձեր երեխան ընդունվել է, շնորհավորում եմ»:
Այս խոսակցությանը միջամտեց դիմորդ Հայկ Բաբալյանը: Ասաց, որ այս տեխնիկական խնդիրների պատճառով իրենք ազդում են 17 տարեկան դիմորդի հոգեբանության վրա:
Պատգամավորն էլ, դիմելով նրան, հայտարարեց. «Ձեր ձայնը մի բարձրացրեք, Հա′յկ ջան: Դուք ԱԺ-ում եք գտնվում. մենք պատգամավորներ ենք, լսում ենք ձեր խնդիրները: Հասկանալի է, որ այսօրվա քննարկումից հետո գրավոր կդիմենք նախարարություն, բայց դա Ձեզ իրավունք չի տալիս բարձրացնել Ձեր ձայնը: Մենք պիտի ամփոփենք, քանի որ թերևս ես պայմանավորվածություն ունեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ