Թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին խոսելով՝ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը «Արարատ» մամուլի ակումբում հրավիրած ասուլիսում հորդորեց պահպանել սառնասրտություն. «Նման զորավարժություն նախկինում եղել է, նույնատիպ ռազմական սցենարով, որը Հայաստանի նկատմամբ ագրեսիա է, ըստ էության, ենթադրել, բայց շատ կարեւոր է այդ ամբողջ տեղեկատվական դաշտի նկատմամբ զգոնությունը եւ հանրության մեջ խուճապ կամ ապատեղեկատվություն չտարածել: ԱԳՆ-ն, ռազմաքաղաքական ղեկավարությունը, զինվորականությունն այս ամենին վստահ եմ, հետեւում են եւ նաեւ այս ընթացքում արտաքին գործերի նախարարը խոսել է մի շարք իր գործընկերների հետ: Այս ընթացքում մենք հնարավոր բոլոր գործընկեր երկրների հետ կապը պահում ենք եւ հանրության ուշադրությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի նման պահվածքի նկատմամբ ֆիքսում ենք:
Տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը կոչ էր անում հանդարտության եւ բանակցությունների միջոցով միայն խնդրի լուծման ճանապարհ գտնելուն: Դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շատ ագրեսիվ վարքագիծ են դրսեւորում եւ նրանք անում են միացյալ զորավարժություններ: Շատ կարեւոր է, որ այս ընթացքում մենք մեր սառնասրտությունը եւ մեր գործընկերների հետ կոմունիկացիան շատ բարձր մակարդակով պահենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ