Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ ձեզ, առաջին տարում առաջին հայտով բուհ չընդունվելն անհատական կամ ազգային ողբերգություն մի սարքեք». Լիլիթ Ստեփանյանը՝ ծնողներին

Հուլիս 29,2020 14:47

«Կարգը, որն ընդունվել է և սկսել է գործել մայիսի 26-ից, չէր կարող անդրադառնալ, հետադարձ ուժ ունենալ այն հիմքի հետ կապված, որ դիմորդները մայիսի 25-ից են սկսել հայտերն ուղարկել, իսկ կարգը սկսում է գործել մայիսի 26-ից»,- ՀՀ ԱԺ-ում բուհերի ընդունելության քննության արդյունքում դուրս մնացած դիմորդների եւ նրանց ծնողների հետ «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների առաջարկով կազմակերպված հանդիպմանը հայտարարեց դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը:

Նրանց հետ հանդիպեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Մասիս Բաբալյանը հայտնեց՝ ընդունելության նոր կարգը, որն ընդունվել է մայիսի 21-ին կառավարության նիստով, ՀՀ վարչապետն այն ստորագրել է մայիսի 25-ին և սկսել է գործել մայիսի 26-ից ու շարունակեց. «ԿԳՄՍ նախարարն ասում է, որ ինքը դեռ ապրիլից այդ նոր կարգին ծանոթացրել է: Իր՝ ապրիլի 30-ի ուղիղ եթերում, երևում է, թե ինչպես է նա փորձում ներկայացնել նոր կարգը: Բայց եթե դեռ կառավարության որոշում չկա,  նախարարն ի՞նչ իրավունք ուներ ապրիլին արդեն ասել, որ գործելու է  նման կարգ: Ինքն իրավունք չունի որպես ոլորտ ղեկավարող պետական այր ներկայացնել և պնդելու մի կարգ, որը դեռ կառավարության որոշմամբ չի ընդունվել»:

Նա ասաց, որ պահանջում են՝ վերականգնվի իրենց երեխաների՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը  ու պնդեց. «Այդ դիմորդներից ոչ ոք և նաև նրանք, որոնք առաջին հայտով են ընդունվել, նույնպես տեղյակ չեն եղել կարգի 59-րդ կետին: Երբ նախարարն ասում է, որ բոլոր միջոցներով տեղեկացրել են, ասեմ, որ ոչ մի դիմորդ պարտավոր չէ առավոտից երեկո հետևել, տեսնել, թե երբ պիտի նախարարը լայվ մտնի, որ տեսնի, թե ինչ է ներկայացնում: Գոյություն ունի պատշաճ ծանուցման կարգ, որը չի իրականացվել ո′չ ԳԹԿ աշխատակազմի կողմից, ո′չ ԿԳՄՍ նախարարի կողմից»:

Նա նաև շեշտեց. «Մայիսի 21-ի կառավարության որոշմամբ ընդունված կարգը կարող է միայն գործել 2021-2022 դիմորդների համար, հետո հունիսի 29-ին ԱԺ-ը՝ կապված արտակարգ իրավիճակի հետ, օրենք է ընդունում, ըստ որի՝ բուհերի ընդունելության կարգի հետ կապված կարող է կարգի պահով փոփոխություն լինել, բայց այդ օրենքը, քանի որ ընդունվել է  կառավարության կողմից 2020-ի մայիսի 21-ին, ընդունված որոշումից հետո չէր կարող գործել, քանի որ խստացնող օրենք է և հետադարձ ուժ չունի, հետևաբար բոլոր առումներով ԿԳՄՍ նախարարը և ԳԹԿ աշխատակազմը բուհերի ընդունելության հետ կապված թույլ են տվել խախտումներ»:

Ըստ ծնողի՝ թող հնարավորություն տրվեր դիմորդներին մասնակցել նաև մեկ այլ բուհի տվյալ մասնագիտության մրցույթին, ինչը ևս չի արվել:

Նա նշեց, որ իրազեկումը պատշաճ չի կատարվել, մինչդեռ կարող էին պարզաբանել շփոթության մեջ գցող 59-րդ կետը, որ միայն թափուր տեղերի առկա լինելու դեպքում դիմորդները կարող են մասնակցել մրցույթին, այն դիմորդները, որոնք առաջին հայտով չեն անցել. «Եթե իրենք ուզում էին, որ իրականում դիմորդները տեղեկացված լինեին, պետք է հասարակ կարգ մշակեին, երբ դիմորդը հայտը ներկայացնում էր, իրենք հետադարձ տեղեկություն ուղարկեին՝ հարգելի դիմորդ,  մայիսի 21-ին կառավարությունը նոր կարգ է հաստատել, ուստի խնդրում ենք ուշադիր լինել նոր կարգի 58-59-րդ կետերին, ծանոթանալուց հետո ցանկության դեպքում կարող եք փոխել ձեր հայտերի հերթականությունը»:

Նաև նշեց՝ խախտում է եղել այն, որ հին կարգն առոչինչ չի համարվել:

Նա վրդովվեց. «Ի՞նչ է նշանակում 7,5 հավաքողն ընդունվի, 18,75 չընդունվի»:

Իրենց պահանջների մասին ասաց. «Մենք երբեք չենք ասել, որ այս քննությունները համարվեն առ ոչինչ, թեպետ օրենքի խախտումով է իրականացվել: Թող ԿԳՄՍ նախարարը և ԳԹԿ աշխատակիցները բարի լինեն, դա տղամարդկություն է, ասեն, որ շտապել են, ընդունեն իրենց սխալներն ու ասեն՝ քանի որ ժամկետների հետ կապված ենք սխալ թույլ տվել, ապա այն դիմորդները, որոնք բարձր գնահատական են ստացել, կարող են երկրորդ, երրորդ, չորրորդ հայտերով մրցույթի մեջ մտնել, և իրենց խնդիրը կլուծվի: Մինչդեռ մեզ միայն հեռակայի տարբերակ են առաջարկում»:

Ծնող Հասմիկ Բաբաջանյանն ասաց, որ իր դուստրը բժշկական համալսարան է դիմել, սակայն 14,75 միավորով դուրս մնացել, մինչդեռ գիտի, որ 20  և ավելի դիմորդներ 12,25 միավորով ստոմատոլոգիա բաժին են ընդունվել:

Նա ասաց, որ իրենք կարգը շատ լավ կարդացել և ուսումնասիրել են. «Հարգելի′ պարոն Հարությանյան, մենք կարդում ենք, լսում պարտավոր չենք լայվերով մենք լսել Ձեզ: Դրա համար պետք է լիներ պաշտոնական տեղեկատվություն, մանավանդ արտակարգ իրավիճակային պայմաններում, երբ երեխաներն արտակարգ ռեժիմում էին:

Աննա Կոստանյանն ասաց՝ իր խորին համոզմամբ, եթե երկրորդ, երրորդ քննություն լիներ, այս խնդրի առաջ միգուցե կանգնած չլինեին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էլ հորդորեց դավադրություններ չփնտրել ու ասաց, որ անգամ ամենավատ երազում ոչ մի նախարար կամ պատգամավոր այս համավարակը չէր տեսնի: Հետո էլ նշեց. «Փոխեք ձեր վերաբերմունքը բարձրագույն կրթության այս ողջ էպոպեայի հետ կապված: Խնդրում եմ ձեզ առաջին տարում առաջին հայտով բուհ չընդունվելն անհատական կամ ազգային ողբերգություն մի սարքեք»: Ասաց, որ կարող էին ծնողները չիմանալ գյուղական ոլորտին, հանրային ծառայությունների կարգավորման և այլ ոլորտներին առնչվող օրենսդրական փոփոխություններ, բայց թե ինչ է կատարվում ընդունելության գործընթացում, պարտավոր էին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց. «Բոլորս էլ միակարծիք ենք, որ բոլոր ոչ լիարժեք խնդիրներից, տեխնիկական վրիպակներից չպետք է տուժի ՀՀ քաղաքացին»:

Պատգամավորները նշեցին, որ այս հանդիպման հետ կապված նամակ կպատրաստեն և կուղարկեն նախարարություն՝ փորձելով ինչ-որ ձևով  լուծել խնդիրը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031