Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյան. «Խմբում ընտրել են այնպիսի մարդկանց, որոնց միջոցով կարող էին ավերումներ անել»

Հուլիս 29,2020 14:05

«Հայացք» մամուլի ակումբում խոսելով գրականության նոր չափորոշչից եւ ծրագրից՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը հայտարարեց, որ գրականության ծրագիրն անընդունելի է: Նրա խոսքով, փորձագիտական խմբում ընտրել են այնպիսի մարդկանց, որոնց միջոցով կարող էին ամբողջ ավերումներն անել եւ հեռանալ ազգայինից: Գրականագետի կարծիքով, փոփոխությունների հանրային պահանջ չկար, դրա համար դրանք զայրույթ ու վրդովմունք առաջացրին:

Նրա խոսքով, շատ տեղին է, որ այժմ համալսարանի դասախոսները, մտավորականները, պատմաբանները, լեզվաբանները, հայագետները դեմ են արտահայտվում ԿԳՄՍՆ-ի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթերին, քանի որ ի թիվս այլնի, խախտվել է պատմական ժամանակագրությունը, մինչդեռ առանց ժամանակագրության՝ գրողների տեղերը կփոխվեն, երեխան չի իմանա, որ գրողը երբ է ապրել, չի պատկերացնի լեզվական շերտերը, պատմահասարակական իրավիճակը:

«Բնագավառներ կան, որ փորձում են այնպիսի փոփոխություններ անել, որ ծառայի իրենց, իրենց գաղափարները տարածեն, մինչդեռ քանի իշխանություն էլ փոխվի, քիմիան մնում է քիմիա, ֆիզիկան՝ ֆիզիկա»,-ասաց նա:

Դավիթ Գասպարյանի խոսքով, ԿԳՄՍ նախարարը լսելով սխալ հուշումների, սխալ խորհուրդների տեղիք տալով, ասել էր, որ իր գրած դասագրքից եւս հայ բառը հանված է, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում: Դավիթ Գասպարյանը ցույց տվեց իր գրած ավագ դպրոցի դասագրքերը, որոնց կազմին գրված է «Հայ գրականություն», պարզաբանեց, թե ինչու է միջին դպրոցում դասագիրքը կոչվում գրականություն. յուրաքանչյուր դասարանում կան արտասահմանյան հեղինակներ՝ Շեքսպիր, Հեմինգուեյ, Սարոյան, Հոմերոս…Նրա պարզաբանմամբ, թեեւ դասագրքերը կոչվում են գրականություն, բայց հայ գրականությունը լիովին ընդգրկված է:

Նա խոսեց հինգ-վեցերորդ դասարանի դասագրքի մասին, որ կոչվում են Մայրենի, քանի որ լեզուն եւ գրականությունը միավորված են, առաջարկեց կիսել այդ դասագիրքը՝ լեզուն առանձին, գրականությունն՝ առանձին: Դավիթ Գասպարյանը կարծիք հայտնեց, որ հինգ-վեցերորդ դասարանի երեխան ընթերցանության մեծ պահանջ ունի, եւ կարելի է ճիշտ ընտրությամբ արտասահմանյան գրականություն զետեղել:

Դավիթ Գասպարյանի տպավորությամբ, փոփոխություններն արվում են, որպեսզի ազգային հիշողությունը մոռացվի, մինչդեռ, նրա ձեւակերպմամբ, մեր գրականությունը մեր հոգեկերտվածքի արտահայտությունն է՝ սկսած Ոսկեդարի առաջին գործերից:

Նա հիշեցրեց, որ համանման իրավիճակ է եղել նաեւ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո. «Մտածեցին՝ հեղաշրջել ենք աշխարհը, ցարին տապալել ենք, պրոլետարիատը եկել է իշխանության, ուրեմն պետք է ստեղծվի պրոլետարիատի արվեստ, որը ժխտում էր համաշխարհային արվեստն ու մշակույթը, կար Ազատ Վշտունի, կիսաթերուս մի բանաստեղծ, էս Վշտունին Հակոբ Հակոբյանին ասում էր. «Մի Դանթե՞ կամ թե Պուշկի՞ն ես դու,- Չէ, իմ ընկեր. Ավելի ուժգին ես դու…»: Այսօր էլ կա Ազատ Վշտունի՝ բոյ բուսաթով եւ իր ընկերներով…

Ես երիտասարդ գրողների պաշտպան եմ, այո, արվեստը սիրում է փորձարարություն, դա գրական պրոցես է, որն ընդունում եմ, բայց նման գրականությունը պետք է զտվի, նոր մտնի դասագիրք: Երեխային պետք է կրթադաստիարակչական բնույթի նյութեր տանք, զտված անուններ պետք է մտնեն դասագիրք»:

Գրականագետը գտնում է, որ արտասահմանյան գրականությունը ավագ դպրոցում պետք է ներկայանա առանձին գրքով, զուգահեռ դասագիրք ստեղծվի, դասաժամեր հատկացվեն: Նա նաեւ փաստում է ՝ ծրագրում ընդգրկված են անուններ, որոնք համաշխարհային դեմքեր են, բայց դասագրքային հեղինակներ չեն. «Կաֆկայի «Կերպարանափոխություն» գործն, օրինակ, հասուն մարդու գործ է:

Հայ գրականությունը համաշխարհային գրականության մաս է, Սերվանտես, Մարկես, Շեքսպիր Բալզակ համաշխարհային դեմքեր են, համաշխարհայինը ամենավերեւի շերտն է…Մեր ազգային գրականությունից համաշխարհայինում կարող են տեղ ունենալ Խորենացին, Նարեկացին, էպոսը, Ոսկեդարի պատմիչները, Սայաթ Նովան, Չարենցը…Այս անունները ստեղծում են համաշխարհային գրականություն պատկերացումը, իսկ եթե Ոսկեդարը շրջանցում ենք, եւ չենք զետեղում դասագրքում, դա նշանակում է՝ այլեւս համաշխարհային գրականության մաս չենք»:

Դավիթ Գասպարյանի կարծիքով, առաջարկվող ծրագիրը պետք է արմատապես մերժել, ստեղծել մի նոր խումբ՝ իրական մասնագետներից, ոչ թե թաքուն մրցույթով ընտրվածներից. «Թող իրական մարդիկ հավաքվեն՝ ըստ ժամանակակից դպրոցի եւ հանրային պահանջի ստեղծեն ծրագիր, չափորոշիչ եւ դասագիրք: Դպրոցին պետք է ճիշտ չափորոշիչ տալ, ազգային գրականություններն ունեն ազգային բնավորություն, հայ գրականությունը նման չէ ոչ մի գրականության, ճապոնական գրականությունը տարբեր է այլ ազգերի գրականություններից, Մարկեսի գործերը խորապես ազգային են, արված բարձր արվեստով, դրա համար էլ համաշխարհային գրականություն են…Աշակերտներին պետք է սովորեցնենք, որ գրականությունը արվեստ է, իսկ արվեստի մասին պատկերացումը տրվում է տեսական գիտելիքներով»:

Ժամանակակից գրողներին էլ անդրադարձ եղավ: Դավիթ Գասպարյանը նշեց, որ ժամանակակից գրականությունը գրական ընթացք է, բոլորն էլ կարեւոր գործ են ուզում անել, բայց դա մի բան է, դասագրքում հեղինակ զետեղելը՝ մեկ ուրիշ բան: «Փորձագիտական խմբի ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, թե երեխան զզվում է հայոց լեզվից, եթե հայոց լեզվին ծառայող մասնագետն է սա ասում, ուրեմն մեղմ՝ ասած լավ չէ, ուրեմն վատ են խոսել հայոց լեզվի մասին, որ երեխայի մոտ նման կարծիք է ձեւավորվել»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031