Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկները նախընտրում են Ծաղկաձորը, Դիլիջանը․ Գյումրու հյուրանոցատերերը ընկել են պարտքերի տակ

Հուլիս 29,2020 13:40

Գյումրու Շիրազի անվան պատմական փողոցում գործող մեծ հյուրանոցներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև համավարակի այս փուլում իրավիճակը փոքր-ինչ կայունացել է, սակայն իրենք մեծ պարտքեր են կուտակել։

«Եթե նախորդ ամիսներին հատուկենտ հյուրեր ունեինք և ցանկացած հյուրի վրա ուրախանում էինք, այժմ մարդկանց վախն արդեն թոթափվել է, կարելի է ասել՝ քիչ, թե շատ աշխուժություն նկատվում է, իհարկե, ներգնա տուրիզմի առումով։ Հիմնականում հյուրեր ենք ունենում մայրաքաղաքից, քիչ նաև այլ մարզերից, հիմնականում սպասարկում ենք սոցփաթեթի շահառուներին, որոնք պետության կողմից աջակցություն ունեն և այդ աջակցության շնորհիվ հանգստանում են Հայաստանի տարբեր վայրերում։

Գյումրին այդ առումով մի քիչ վատ իրավիճակում է, քանի որ մարդիկ չեն կարող գնալ ծովային հանգստի, հիմնական հոսքը Վրաստան էր, նախընտրում են կուրորտային հանգիստ և այս դեպքում առավելություն են ստանում մեր մյուս քաղաքները՝ Ծաղկաձոր, Դիլիջան, անտառային հատվածներ ունեցող տեղանքները։ Գյումրի հիմնականում գալիս են մեկ-երկու օր մնացողները, որոնք գալիս են կտրվելու իրենց առօրյայից ու հոգսերից, սակայն հիմնականում հանգիստն անցկացնում են ավելի շատ կուրորտային շրջաններում։ Ամեն դեպքում կարելի է ասել, որ մեր շրջանառությունը մոտավորապես 10-15 տոկոսով վերականգնվել է, դա թույլ է տալիս վերականգնել աշխատակազմը, ընթացիկ ծախսեր անել, սակայն նախորդ ամիսներին կուտակած հսկայական պարտքերը թե՛ պետությանը, թե՛ հարկային մարմիններին, և թե՛ կոմունալ ծախսերը խեղդել են տալիս բիզնես տեսակետից։

Ինչպես գիտեք, տուժած ոլորտներին անտոկոս վարկեր էին տրամադրելու, այդ վարկին դիմել ենք, արդեն երրորդ ամիսն է՝ վարկն անընդհատ ուշանում, ուշանում է, անընդհատ տույժ-տուգանք է աշխատում, այսպիսի բարդ իրավիճակի առաջ ենք կանգնած»,-ասաց Վարդան Սրտաշյանը։

Գործարարն ասաց, որ կրճատել են աշխատակազմի 50 տոկոսին, այնպիսի պարտքեր են կուտակվել, որ դեռ չեն կարող մտածել դրանց մարման մասին, ընդ որում խոսքը գնում է միլիոնավոր դրամի պարտքերի մասին։

«Պատկերացրեք 3-4 ամիս հնարավորություն չի եղել պարտքերը վճարելու, և պետք է լրացուցիչ աշխատանք, որպեսզի այդ գումարները մարվեն։ Արդեն ամառը վերջանում է, և մարդիկ արդեն սկսում են հանգստից էլ հրաժարվել։ Ձմեռային սեզոնին պատրաստվելու համար ցանկացած տուրիստական կազմակերպություն և ընդհանրապես սպասարկման ոլորտի կազմակերպություն գոյատևում էր, ընթացքը շարունակում էր ամառվա ընթացքում կուտակած գումարներով։ Այս տարի ոչ միայն չկարողացանք գումարներ կուտակել, այլ նաև պարտքեր ձեռք բերեցինք, թե ինչ է լինելու ձմռանը, երևի թե միայն Աստված գիտի»,-ասաց Վարդան Սրտաշյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031