Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ից հետո պետական աշխատավարձի բարձրացման տեմպն ավելի առաջանցիկ է, քան ոչ պետականում. Արա Գալոյան

Հուլիս 29,2020 12:44

Ամփոփվում է այս տարվա առաջին կիսամյակը: Հիմա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների նախնական ամփոփման հերթն է: Պաշտոնական վիճակագրության տեսանկյունից դրանցից ամենաառաջինը Տնտեսական ակտիվության ցուցանիշն է: Ցուցանիշ, որ անցած տարվա հունվարհունիսի նկատմամբ պակաս է (կամ՝ կրճատվել է) 4.7 տոկոսով:

Համավարակն՝ իր արտակարգ դրությամբ, հետք է թողել տնտեսության վրա: Որոշ ոլորտներ աճ արձանագրել են: Օրինակ՝ արդյունաբերությունը (աճը 1.5 տոկոս է): Մանրամասներ առայժմ չկան, բայց նախորդ հաշվետվություններից բարդ չէ ենթադրել, որ աճն ապահովվել է հիմնականում հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման հաշվին: Կիսամյակի հետ հայտարարվում է, որ գյուղատնտեսության ոլորտը ևս աճ ունի՝ 1.7 տոկոս: Միանգամից պետք է արձանագրել, որ սա սպասվածից ցածր ցուցանիշ է և չի կարելի բավարար համարել: Ի վերջո համավարակը գյուղոլորտի վրա նվազագույն բացասական ազդեցություն պիտի ունենար: Հատկապես, որ գյուղատնտեսական իմաստով տարին ոչ նպաստավոր չես համարի: Այս ոլորտում կատարված գործընթացները կարելի կլինի դիտարկել մոտ 10 օրից՝ պաշտոնական նոր (ու մանրամասն) հաշվետվությունների հրապարակումից հետո: Հիմա ավելացնենք նաև, որ աճ արձանագրվել է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում (4.4 տոկոս):

Տնտեսության մյուս հատվածներն աճի ցուցանիշ չունեն: Շինարարությունն ամենաշատ կրճատված ոլորտներից է՝ նախորդ տարվա համեմատ 23.4 տոկոս: Նույնիսկ ծառայությունների ոլորտը, որի շնորհիվ էր վերջին մեկ-երկու տարում ՏԱՑ-ը բարձր ցուցանիշ գրանցում, կրճատվել է: Անկումը նախորդ տարվա համեմատ 6.4 տոկոս է: Առևտրի ոլորտն էլ է կրճատվել: Խոսքն այս պարագային էլ երկնիշ թվով ռեցեսիայի մասին է՝ 11.1 տոկոս: Նշենք, որ 2018 և 2019թթ․ առաջին կիսամյակի ընթացքում մեր արտաքին ապրանքաշրջանառությունն աճ չէր արձանագրում (օրինակ, 2019-ին 2018-ի նկատմամբ աճն ընդամենը 0.1 տոկոս էր): Ու հիմա արձանագրվել են հետևյալ թվերը՝ արտահանումը կազմել է 1 մլրդ 87 մլն դոլար (2019-ի 1 մլրդ 173 մլն դոլարի փոխարեն), իսկ ներմուծումը՝ 2 մլրդ 25.5 մլն դոլար (2019-ի 2 մլրդ 321.4 մլն դոլարի փոխարեն): Փաստորեն, լուրջ անկում կա թե՛ արտահանման (6.5 տոկոս), թե՛ ներմուծման (12.9 տոկոս) ոլորտներում: Այն, որ արտահանումների ծավալն ավելի քիչ է կրճատվել, կարելի է նույն հանքահումքային արդյունաբերության հաշվին գրանցել:

Բացի այս տվյալներից մակրոտնտեսական ընդհանուր պատկերն ավելի ամբողջական դարձնելու նպատակով պաշտոնական վիճակագրությունը հրապարակում է նաև տվյալներ աշխատավարձի մասին: Հասկանալի է, որ խոսքը միջին աշխատավարձ ասածի մասին է: Միջին աշխատավարձի չափը երեք տվյալով է հրապարակվում՝ ընդհանուր, անվանական աշխատավարձ, անվանական աշխատավարձը պետական և մասնավոր հատվածներում: Լիբերալ տնտեսական պատկերացումներից հայտնի փաստ է, որ պետությունը վատ տնտեսվարող է: Մասնավորի համեմատ: Ուստի պետական աշխատավարձը միշտ ավելի ցածր է, քան մասնավոր հատվածինը: Առաջին կիսամյակի տվյալներով միջին աշխատավարձը մեր երկրում հունվար-հունիսին կազմել է 186 հազար 410 դրամ: Պետական կառույցներում միջին աշխատավարձը 162 հազար 11 դրամ է, իսկ ոչ պետականում՝ 198 հազար 323 դրամ: Այս համամասնությունը 2018թ․ հետո կամաց-կամաց խախտվում է: 2018-ից հետո պետական աշխատավարձի բարձրացման տեմպն ավելի առաջանցիկ է, քան ոչ պետականում: Օրինակ, այս տարի պետական միջին աշխատավարձն աճել է 8.3 տոկոսով, իսկ ոչ պետականը՝ 3.8 տոկոսով: Այս մասին վերջերս շատ է խոսվում: Իսկ հիմա արդեն վիճակագրությունն է փաստում: Պաշտոնական վիճակագրությունը:

Արա ԳԱԼՈՅԱՆ

Տնտեսական մեկնաբան

 politeconomy.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031