Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Պասկեւիչյան. «Վանո Սիրադեղյանի անունը չկա գրականության ցանկում, եւ դա ամոթ է»

Հուլիս 29,2020 12:17

«Այն, ինչ այսօր կատարվում է դպրոցական կրթական համակարգում, ընդհանուր առմամբ, ես շատ դրական եմ գնահատում՝ ամբողջ աղմուկով հանդերձ՝ գռեհիկ կամ քաղաքավարի, դա շատ դրական եմ համարում, բայց կարծում եմ, որ այս գործընթացում կան մի շարք բաներ, որոնք հարցեր են առաջացնում, հենց այդ հարցերին կուզենամ անդրադառնալ»,-«Հայացք» մամուլի ակումբում ասաց բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանը՝ անդրադառնալով գրականություն առարկայի չափորոշչին եւ գրականության ցանկին:

«Մեր հասարակության մեջ տասնամյակներ շարունակ կա լուրջ տատանում՝ մենք տատանվում ենք ազգային թերարժեքության եւ գերարժեքության միջեւ…Միշտ ասում ենք՝ դե մենք ինչ ժողովուրդ ենք, ինչ գրականություն, ինչ պատմություն ունենք եւ այլն, մյուս կողմից էլ կա այն գերարժեքությունը, որ ում արյան մեջ մի հայկական մազ ենք գտնում, հայտարարում ենք, որ համաշխարհային ազգ ենք, համաշխարհային առաքելություն ունենք…»,-ասաց Տիգրան Պասկեւիչյանը:

Մյուսը հարցն, ըստ նրա՝ նյութի ընտրությունն է. «Կան շատ մարդիկ, որ ասում են՝ էս ովքե՞ր են մտել ցուցակների մեջ, մյուսներն էլ ասում են՝ ինչու մենք չկանք այս ցուցակներում: Եթե խոսքը գնում է կամընտրականության մասին, ուրեմն ցանկում պետք է լինեին բոլորը՝ Վահրամ Մարտիրոսյանը, Հրաչյա Բեյլերյանը, Վիոլետ Գրիգորյանը…Տանյա Հովհաննիսյանին ընդհանրապես մոռացել են…

Մարդիկ կան, որոնք լուրջ գրական փաստեր են ստեղծել գրականության մեջ, բայց քանի որ ֆեյսբուքում, սոցցանցերում ակտիվ չեն, մոռացվում են, օրինակ` Արմեն Դավթյանը, այսօր այդ մարդը թողել է պոեզիան, զբաղվում է պատմական հետազոտություններով, ու չկա ֆեյսբուքում, նրան մոռացել են: Կամ Վահագն Աթաբեկյանը…մարդը դիվանագետ է, Հայաստանի շահերն է ներկայացնում դիվանագիտության մեջ, իրավունք չունի լինել սոցցանցերում, ուրեմն ի՞նչ, իրեն պետք է մոռանանք:

Չկա ցանկերում Վանո Սիրադեղյանը, եւ դա ամոթ է, եթե անգամ նա հետախուզման մեջ է, այդ հարցերը կապված են քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի հետ, ոչ թե գրող Վանո Սիրադեղյանի հետ…Վանո Սիրադեղյանի նման քանի՞ արձակագիր ունեք, որ նրան դուրս եք թողել…Նման կերպ վարվելը նույն սովետական մտայնության հետեւանք է…Պարույր Միքայելյան կար, որը թարգմանիչ էր, թարգմանել էր Գյոթեի «Ֆաուստը»… Քանի որ մարդը գնաց Գերմանիա, «Ֆաուստը» հայերեն երկրորդ հատորը չունեցավ, իսկ նրա «Ճանապարհորդ ոզնին» հավաքեցին գրախանութներից…Զարմանում եմ, որ չկա Աղվան Վարդանյանի անունը այդ ցանկում: Նա այսօր Քոչարյանի թիմում է, ձախողված քաղաքականություն է վարում, բայց դա չի նշանակում, որ նա բանաստեղծ չէ…»:

Տիգրան Պասկեւիչյանը տարակուսանք է հայտնում՝ օրինակ ո՞վ է կարդալու Սերվանտեսի Դոն Կիխոտը, Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետը» կամ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին». «Պետք է ձեւ մտածել… Ես կառաջարկեի դասերը վերածել պրեզենտացիաների…Եթե դու վերցնես Սերվանտեսի «Դոն Կիխոտը» եւ սարքես պրեզենտացիա՝ Դոն Կիխոտը թարգմանություններում, Դոն Կիխոտը նկարչության մեջ, Դոն Կիխոտը՝ կինոյում, երեխայի համար հետաքրքիր կլինի: Մեզ պետք է, որ իրենք ինֆորմացիա ստանան եւ հետն էլ սովորեն հետազոտելու արվեստը: Եվ հետո կարող է քննություն կոչվածը լինի ոչ թե այնպես, թե ինչ էր Խաչատուր Աբովյանի ձիու անունը, այլ երեխային ասվի՝ մի հատ Աբովյանի մասին սեփական հետազոտությունդ արա, բացատրի էդ ժամանակի պատմական հետնախորշերը, լեզվի հարցը: Այդպես մարդը սովորում է վերլուծել»:

Տիգրան Պասկեւիչյանն օրինակներ է բերում՝ Շեքսպիրի «Համլետը», տասնիններորդ դարի վերջում հայերը թարգմանել են եւ սկսել են խաղալ, թարգմանել են նաեւ վերջին տարիներին: Հարց է տալիս՝ հիմա դա գերարժեքությա՞ն, թե՞ թերարժեքության նյութ է. «Դա կարելի է այնպես մատուցել, որ երեխան հասկանա՝ Շեքսպիրն այնքան արժեքավոր է, որ հայերը այդքան ջանք ու ժամանակ են հատկացրել նրան»: Նույնը Ջոյսի «Ուլիսեսին» է վերաբերվում, այն ընդամենը ինը լեզվով է թարգմանվել, եւ Սամվել Մկրտչյանի շնորհիվ, այդ ինը լեզուներից մեկը հայերենն է:

Մի օրինակ էլ բերեց՝ 88-ին, երբ հանդիպել էին Փարաջանովի հետ, տղաներից մեկը հարցրել էր՝ ճի՞շտ է, որ Փիրոսմանին հայ է: Ի պատասխան Փարաջանովն ասել էր՝ Սարյանն ու Մինասը ձեզ քիչ ե՞ն, ինչն ըստ Պասկեւիչյանի, նշանակում էր՝ նախ քո ունեցածը արժեւորիր:

«Արվեստն ու գրականություն նման են գետի: Անկախ սոցիալական, տնտեսական եւ այլ հարաբերություններից՝ տասնամյակներով այդ գետը հոսել է…Բարի մտադրություն է արվեստը բերել դպրոց, բայց այսօր վերցրել այդ գետի հունը շրջել ենք դպրոցի վրա, որը կարող է ավերածություններ գործել, մարդիկ կզզվեն… Օրինակ, ես չեմ ուզում, որ իմ ստեղծագործությունը որեւէ ուսուցիչ հանձնարարի աշակերտին, ես կուզենամ , որ ուսուցիչը ստեղծի այնպիսի միջավայր, որ աշակերտն ինքը գնա փնտրի, գտնի ու կարդա»,-ասում է բանաստեղծը: Նաեւ զարմանում է, ինչո՞ւ է ջնջված հեղափոխական պոեզիան՝ Չարենցը, Տերյանը, ինչու է դուրս թողնված սոցռեալիզմը…

Տիգրան Պասկեւիչյանի տպավորությամբ, ընդհանուր առմամբ, գրականության ցանկն այնպես է ստեղծված, որ երեխաները չկարդան, մինչդեռ պետք է հակառակը լիներ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031