Լրահոս
Օրվա լրահոսը

Մտքի ճգնաժամ ունենք, իսկ ռազմավարություն ընդհանրապես չկա. Սարո Սարոյան. «Փաստ»

Հուլիս 29,2020 12:10

«Փաստի» զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Սարո Սարոյանը:

– Տավուշյան մարտերից հետո շատ է մատնանշվում նաև դիվանագիտական, արտաքին քաղաքական հարթության մեջ հետևություններ ու քայլեր անելու անհրաժեշտության մասին: Այս առումով ի՞նչ հնարավորություն ենք ստացել և ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ:

-Ես սկզբում նշեցի, որ մենք մտքի ճգնաժամ ունենք, իսկ ռազմավարություն ընդհանրապես չկա: Սա նաև ձեր այս հարցի պատասխանն է: Մենք, ըստ էության, ունենք ռազմական միտք, ունենք մարտնչող բանակ ու զինվոր, ունենք բանակ՝ որպես ինստիտուտ, բայց չունենք բանակի գործողությունները քաղաքական դաշտում իրացնելու և արդեն քաղաքական դիրքեր գրավելու որևէ լուրջ հաջողություն: Կրկին գալիս ենք ընդհանուր տգիտության խնդրին:

Ճյուղային առումով պետությունը, որպես մի ամբողջություն, իր խնդիրը լուծում է, բայց քանի ընդհանուր ռազմավարություն ու միտք չկա, ստացվում է՝ մեր անվտանգության հետ կապված շատ կարճատև խնդիր ենք լուծում. մեկ, երկու կամ մի քանի ամսով հեռացնում ենք վտանգը, բայց չենք կարողանում մեր ռազմական հաջողությունները քաղաքական հարթության մեջ օգտագործել այնպես, որ վտանգը հեռացնենք տարիների, տասնամյակների կտրվածքով:

Սա արդեն քաղաքական խնդիր է, սա արդեն քաղաքական մտքի ճգնաժամ է: Իհարկե, կարող են հարցնել՝ իսկ ի՞նչ լուծումներ կան: Ես կարող եմ թվարկել դրանք, ասել եմ նաև մինչ այս, բայց քանի որ պետական կառավարման մեքենան խաթարված է, և ողջամիտ, խելամիտ առաջարկներն առհասարակ տեղ չեն գտնում պետական մեքենայում, մենք պարզապես մնում ենք իրավիճակի նկարագրության հույսին:

Իհարկե, լուծումներ պետք է առաջ քաշվեն ու քննարկվեն համապատասխան ինստիտուտներում, բայց այդ ինստիտուտները երկու տարվա ընթացքում գոնե պետք է փորձեին կայացնել, օրինակ՝ անվտանգության խորհուրդը պետք է գործուն մարմին լիներ երկրում:

Ինչևէ, շատ բացեր կան, և մասնագետները ստիպված հանրային դաշտում են առաջարկներ ներկայացնում, որոնք, սակայն, ո՛չ ընկալվում են, ո՛չ էլ անհրաժեշտ ուշադրության են արժանանում:

Եթե կառավարողների մարդկային որակները չեն բավարարում ու նրանք վախ են տեսնում մասնագետների հետ քննարկումներ կազմակերպելու առումով, մեզ մնում է իրավիճակը նկարագրել՝ սպասելով լուծումների այն ժամանակ, երբ քաղաքական դաշտում կհայտնվեն այնպիսի սուբյեկտներ, որոնք կցանկանան իրացնել այդ միտքը: Առհասարակ, խնդիրը նաև ամբողջ քաղաքական դաշտում քաղաքական միավորումների բացակայությունն է:

Կուսակցությունները լուրջ ինստիտուտների չեն վերածվում, որովհետև խմբային շահերը շատ ավելի մեծ տեղ ունեն, քան պետական շահի գիտակցումը: Այս ամենի առկայության պարագայում մնում է հանրային դաշտում ինչ-որ լուծումներ առաջարկել կամ այդպես ազդել գործընթացների նորմալ իրականացման վրա, ստիպել հիմարություններին ու տգիտություններին վերջ տալ: Հույսը միայն հանրային ճնշման ուժն է մնացել, բայց արդյո՞ք սա վայել է մեր ազգին, այն դեպքում, երբ մյուս կողմից չկա խելամտություն, չկան քաղաքական միավորներ, որոնք առաջինը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեին թե՛ առաջարկների, թե՛ լուծումների իմաստով:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031