Խոսակցություններ կան, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ, որոշ այլ պաշտոնյաների նման, մտադիր է հրաժարականի դիմում գրել ու հեռանալ։ Բայց ինչ-ինչ հանգամանքների պատճառով դեռ ձգում է, կամ չեն թողնում, որ հերթական թափուր հաստիքը չառաջանա։ Զուտ ընթացակարգային առումով, նա ուղղակի պետք է հրաժարական տա եւ հեռանա։ Բայց այստեղ ձեւը չէ կարեւոր, այլ՝ բովանդակությունը։
Իշխանություններն էլ առանձնապես ոգեւորված չեն Վարդազարյանով, նրան համարում են Արթուր Վանեցյանի կադրը, վճռաբեկի նախկին նախագահ Արման Մկրտումյանի հետ քավոր-սանիկական կապն են հիշում։ Հիշեցնենք․ եթե նա հեռանա, օրենքի պահանջով ԲԴԽ նախագահ պետք է ընտրվի ոչ թե դատավորների, այլ գիտնական-իրավաբանների շրջանակից, ինչը նույնպես ցանկալի չէ իշխանությունների համար։ Ռուբեն Վարդազարյանի հետ հարցազրույցի 2-րդ մասն ենք ներկայացնում ձեզ։
– Որտեղի՞ց են այն խոսակցությունները, որ Ռուբեն Վարդազարյանը հրաժարականի դիմում է գրել, բայց դեռեւս չի հեռանում՝ ինչ-ինչ պատճառներով։
– Եկեք Ձեր հարցին հարցով պատասխանեմ՝ որտեղի՞ց այդ տեղեկությունները։ Ես նստած եմ Ձեր առջեւ, ինձ հարցրեք՝ գրե՞լ եք, թե՞ չէ, ես պատասխանեմ՝ ոչ, երբեք չեմ գրել։
Կարդացեք նաև
– Ձեզ կապում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, ում ժամանակ նշանակվեցիք, նաեւ քավոր-սանիկական կապեր կան վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի հետ։ Թերեւս դրանով է պայմանավորված, որ Դուք գործող իշխանությունների «սրտի ԲԴԽ նախագահը» չեք։
– Ես 53 տարեկան եմ, ծնվել եմ Երեւան քաղաքում ու միշտ ապրել եմ Երեւան քաղաքում եւ շատ մարդ եմ ճանաչում այստեղ։ Ու իմ՝ Երեւանում ծնված լինելու փաստն արդեն բացառում է ինկուբատորում ծնվելու կամ կոլբայի մեջ մեծանալու պնդումը։ Իհարկե, ես հա՛մ Վանեցյանի հետ եմ ընկերություն արել ու անում եմ, հա՛մ Մկրտումյանի հետ եմ ընկերություն անում, եւ քավոր-սանիկ ենք, ե՛ւ մեր բակի էն մարդկանց հետ եմ ընկերություն անում, որոնց հետ կարող է իջնեմ՝ զրուցարանում նարդի կամ շախմատ խաղամ։ Ես դասարանցիներ ունեմ, որոնց հետ ընկերություն եմ արել ու շարունակում եմ անել․․․ Ես նորմալ մարդ եմ։ Ձեզ թվում է՝ ես ծնվեցի 1967 թվականին, ունեցա ինչ-որ մի սպիտակ գիծ իմ կյանքում, եւ 2019 թվականին Ռուբեն Վարդազարյանը հայտնվեց ԲԴԽ-ո՞ւմ։ Իհարկե, ես ունեմ դատավոր ընկերներ, բժիշկ ընկերներ, արվեստագետ ընկերներ, դերասան ընկերներ։ Ասում եմ՝ ես իմ շրջապատում ունեմ մարդիկ, որոնք որ բառիս բուն իմաստով անբան են եւ զրուցարանում առավոտից իրիկուն նարդի են խաղում։ Իհարկե, ես բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվում, բայց դա ինչո՞վ է խանգարում՝ լինել ազատ ու անկախ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: