Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, նվազել է 4,7 %-ով։
Շինարարության ոլորտում կիսամյակի կտրվածքով անկումը կազմել է 23,4 %, առևտրաշրջանառության ոլորտում ՝ 11,1 %, ծառայությունների ոլոտում՝ 6,4 %։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ միայն չնչին աճ է գրանցվել արդյունաբերական արտադրանքի և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների առումով, համապատասխանաբար՝ 1,5 և 1,7 %-ով։
Ճգնաժամն աննախադեպ ծանր հետևանքներ է ունեցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, հատկապես տուրիստական ընկերությունների, հյուրանոցների, հյուրատների և մի շարք այլ կազմակերպությունների վրա։
Իսկ, ընդհանուր առմամբ, ճգնաժամը հաղթահարելու համար դուռ կարող է բացել արտադրության և արտահանման խթանումը, բայց վերջին շրջանի զարգացումները ցույց տվեցին, որ հայ արտահանողների իրավունքներն արտասահմանում, անգամ ԵԱՏՄ տարածքում այնքան էլ պաշտպանված չեն։
Կարդացեք նաև
Հայ-ադրբեջանական սահմանային բախումների ֆոնին Ռուսաստանում գործող ադրբեջանական առևտրական ընկերություններն ուղղակի հրաժարվեցին ընդունել հայկական գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես ծիրանի խմբաքանակը։ Եվ քանի որ իշխանություններն ի զորու չեղան արագ արձագանքել ու պաշտպանել հայ արտահանողների իրավունքները, խնդրին այլընտրանքային լուծում տրվեց տեղի հայ գործարարների միջամտության արդյունքում։
Այս միջադեպը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել սփյուռքի ներուժը և ունեցած կապերը Հայաստանի շահերին ծառայեցնելու, մասնավորապես տնտեսությունը զարգացնելու, արտահանումը խրախուսելու և արտերկրից ներդրումներ բերելու հարցում։ Բայց, ցավոք սրտի, տնտեսության հետ կապված իշխանությունների պատկերացումը որոշ փոքր նախաձեռնություններից այնկողմ չի անցնում։
Մի քանի ճանապարհի ասֆալտապատումն ու դպրոց-մանկապարտեզների վերանորոգումը դեռևս չի նշանակում, թե այսպիսի նախաձեռնություններով բոլոր անհրաժեշտ հիմքերը ստեղծում են ճգնաժամի ողնաշարը կոտրելու համար։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: