Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի տեղային բախումները ձեռնտու են Թուրքիային մի քանի առումով. նախ, Հայաստանի հետ լարվածությունը պահում է ակտիվ, երկրորդ, թուլացնում է Ադրբեջանի իշխանության դիրքերը. Կարեն Վերանյան. «Հայկական ժամանակ»

Հուլիս 29,2020 10:43

Նախիջեւանում սկսվել են թուրք-ադրբեջանական ցամաքային զորավարժությունները:

Թուրքական զորքերը Նախիջեւան են մտել նախօրեին երեկոյան:

«Ցանկացած գործողություն, որին մասնակցում է Թուրքիան եւ որում ակտիվորեն քննարկվում է տարբեր հակամարտություններում Թուրքիայի  ներգրավվածությունը, այդտեղ ռիսկեր միշտ էլ պետք է տեսնել»,- ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վերանյանը՝ հավելելով, որ դրանից սակայն ոչ թե պետք է աղմուկ բարձրացնել, այլ պատրաստ լինել այդ ամենին հակահարված տալու:

– Պարոն Վերանյան, որքանո՞վ է հավանական, որ այս զորավարժությունները կարող են քողարկում լինել՝ ռազմական գործողություններ նախապատրաստելու համար:

– Չեմ կարծում Թուրքիան այսօր իր առջեւ խնդիր է դրել Ադրբեջանի ձեռքով անուղղակի ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ: Իհարկե Ադրբեջանին կարող է հրահրել, որ տեղային որոշակի բախումներ լինեն, բայց անմիջական պատերազմի մասին խոսք չկա: Տեղային բախումները  ձեռնտու են Թուրքիային մի քանի առումով. նախ, Հայաստանի հետ լարվածությունը պահում է ակտիվ, երկրորդ, թուլացնում է Ադրբեջանի իշխանության դիրքերը: Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի Ալիեւի իշխանությունը թուլանա, խարխլվի եւ Թուրքիան փորձի այդ վակուումը անմիջապես լրացնել իր ազդեցութունը բերելով առաջին հերթին Ադրբեջան եւ փորձելով դա ընդլայնել տարածաշրջանի մակարդակով: Այսինքն մի կրակոցով մի քանի նապաստակ խփելու փորձեր է անում Թուրքիան: Սա չպետք է դիտարկել զուտ Հայաստանի դեմ քայլ, Թուրքիայի թիրախը Հայաստանը չէ: Թուրքիայի նպատակները շատ ավելի լայն են, ավելի շուտ Ռուսաստանի հետ դիմակայությունն է՝ տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը խախտելու համար: Չեմ կարծում Թուրքիան այսօր փորձի գնալ այդ քայլին. Հարավային Կովկասում ձեւավորված ուժային հավասարակշռությունը՝ ստատուս քվոն, որ այսօր կա, բավական կայուն կերպով պահպանվում է տարածաշրջանի հիմնական խաղացողների միջեւ: Խոսքը Իրանի, Ռուսաստանի մասին է: Մենք Իրանի մասին քիչ ենք խոսում, բայց Իրանն էլ կարեւոր գործոն է, եւ թեեւ հավասարակշռված հայտարարություններով է հանդես գալիս, բայց ամեն դեպքում թույլ չի տա, որ ի հաշիվ այլ ուժերի եւ առաջին հերթին Թուրքիայի՝ այդ փխրուն կայունությունը խախտվի: Դա շատ տեսանելի է եւ Իրանում եւ Ռուսաստանում: Այնպես որ եթե Թուրքիայի համար հնարավորություն ստեղծվեր իրավիճակը փոխել նաեւ Հարավային Կովկասում եւ Հայաստանի սահմանին, հավատացած եղեք՝ օր առաջ Թուրքիան այդ քայլին գնալու էր, բայց այդ հնարավորությունը չկա եւ առաջին հերթին չկա մեր վերջին օրերին տարած փայլուն հաղթանակի տեսանկյունից: Ադրբեջանը ըստ էության փորձելով սադրանքների գնալ, սահմանային լարվածություն ստեղծել, լուրջ խնդիրների առաջ կանգնեց:

-Ինչպե՞ս պետք է պատրաստվել: Օրինակ հիմա ինչպե՞ ս պատրաստվեն մեր զինված ուժերը, զուգահեռ զորավարժությո՞ւն անեն, թե՞ մարտական պատրաստության վիճակի բերված սպասեն:

– Մենք  արդեն զորավարժություն արեցինք մարտական գործողություններին զուգահեռ՝ ՀՕՊ համակարգերի ներգրավմամբ եւ ռուսական կողմի հետ համատեղ: Կարծում եմ սա շատ լավ արձագանք էր եւ այն փայլուն հաղթանակի շարունակությունը, որ մենք ունեցանք սահմանին: Առաջին հերթին պետք է մեր զինված ուժերը կազմ ու պատրաստ լինեն, սահմանային անվտանգությունից սկսած՝ թիկունքի պաշտպանությունից վերջացրած պետք է պատրաստ վիճակի բերվի: Թիկունքի պաշտպանություն ասելով նկատի ունեմ շարքային եւ բարձրաստիճան զինվորականության ամենօրյա զգոնության հանգամանքը: Այս ամենը շատ կարեւոր է: Այս փուլում մեր խնդիրը նաեւ Հայաստանի եւ Արցախի պաշտպանական անվտանգային համակարգի ընդհանուր կոորդինացման արդյունավետության բարձրացումն է, որպեսզի կարողանանք արագ եւ օպերատիվ արձագանքել ցանկացած մարտահրավերի: Որովհետեւ գիտենք, որ Ադրբեջանն այսօր չունի հնարավորություններ լայնածավալ գործողություններ իրականացնելու, եւ ընդհանրապես, լայնածավալ գործողություններ ասվածն արդեն վաղ անցյալում է, հիմա ավելի շատ այսպես ասած բլիցկրիգային բախումների տրամանաբանությունն է աշխատում: Եվ դա հասկանալով մենք պետք է ամբողջ սահմանի երկայնքով շատ ամուր համակարգ ստեղծենք եւ հնարավորություն չտանք, որ հակառակորդը բաց տեղեր տեսնի: Գրեթե ամեն ինչ կախված է մեր մոտեցումից մեր դիրքորոշումից, եթե մենք այդ հնարավորությունը չտանք հակառակորդին, հակառակորդը եթե նախաձեռնի էլ որոշ արկածախնդրություն՝ ետ է շպրտվելու եւ լուրջ հաջողության չի հասնելու, եթե ոչ հակառակը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031