Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնածանք մասնավոր սեփականության հանդեպ

Հուլիս 29,2020 10:00

Ամուլսարի պատմությունը տեւում է արդեն մի քանի տարի: Հեղափոխությունից առաջ իշխանությունն առանձնապես չէր հուզվում հասարակական բացասական կարծիքի պատճառով, եւ եթե հեղափոխությունը չլիներ, հանքն արդեն կշահագործվեր, իսկ բոլոր բողոքները օրինականության այս կամ այն աստիճանով կճնշվեին: 2018-ից հետո «ժողովրդի ձայնը» կարեւորվեց, եւ հիմա հանքի վերաբերյալ վերջնական որոշումը պարբերաբար հետաձգվում է:

Ձգձգումների պատճառը պարզ է. մի կողմից պոպուլիստական իշխանությունը չի կարող դեմ գնալ մեծամասնության կարծիքին, մյուս կողմից հասկանում է, որ այս, մեղմ ասած, ոչ բարենպաստ տնտեսական պայմաններում պետք է կառչել ցանկացած հնարավորությունից՝ եկամտաբեր ճյուղերը զարգացնելու, դրանցից հարկեր ստանալու եւ, կոպիտ ասած, «դոլարներ աշխատելու» համար: Այդ է, հավանաբար, պատճառը, որ կշեռքի նժարը, կարծես թե, մի փոքր թեքվեց «Լիդիանի» օգտին, եւ ի հեճուկս բողոքողների, մի խումբ բանվորներ ոստիկանների ուղեկցությամբ բերվեցին հանքի տարածք:

Եվ այսպես, բնապահպանները եւ Հայաստանի բնակչության մեծամասնությունը վստահ են, որ Ամուլսարի հանքն աշխատեցնելու իրավական հիմքեր չկան: «Լիդիան» ընկերությունը եւ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն պատճառով շահագրգռված են, որ հանքն աշխատի, հակառակը՝ համոզված են, որ իրենց աշխատանքը խոչընդոտելու համար ոչ մի օրինական հիմքեր չկան: Կառավարությունը, ինչպես արդեն ասացի, ոչ մի կողմին վերջնականապես չի ասում ո՛չ «այո», ո՛չ էլ՝ «ոչ»:

Ինչպե՞ս է այս պարագայում հարցը լուծվում իրավական պետության մեջ: Դե, իհարկե, դատարանի միջոցով: Բայց եթե դատարանի որոշմանը կողմերը չեն վստահում, կամ՝ եթե այդ որոշումը կողմերից յուրաքանչյուրը կարող է մեկնաբանել իր օգտին, ուրեմն՝ հարցը դարձյալ կմնա օդի մեջ կախված: Ահա թե ինչու զուտ տնտեսության զարգացման, բիզնեսի տեսանկյունից այդքան վճռական նշանակություն ունի անկախ եւ վստահելի դատարանը:

Բիզնեսը, ներդրողները գնում են այնտեղ, որտեղ նրանք իրենց պաշտպանված են զգում, որտեղ դատարանները քաղաքականացված չեն, որտեղ կա հարգանք, կասեի անգամ՝ ակնածանք մասնավոր սեփականության հանդեպ: Դա էապես ավելի կարեւոր է, քան բնական հարստությունները: Պատմությունն էլ է դա ցույց տալիս. օրինակ 17-րդ դարում, փոքր, ռեսուրսներով աղքատ Հոլանդիան ի վերջո տնտեսական առավելության հասավ հզոր Իսպանիայի հանդեպ, որովհետեւ սեփականությունը Նիդերլանդներում հուսալիորեն պաշտպանված էր, շուկայական հարաբերություններն ավելի զարգացած էին, տնտեսական վեճերը դատարաններում արդար էին լուծվում: Պարզ է, որ բիզնեսմենները (այդ թվում՝ իսպանացի) կգերադասեին գործ ունենալ հենց այդ երկրի հետ:

Եվ հակառակը՝ երբ քաղաքական պատճառներով հանքային ջրերի գործարանը խլում են բիզնեսմենից, կամ երբ իրավապահները սկսում են համատարած ստուգել ոչ լոյալ գործարարի բիզնեսները, դա Հայաստանի նկատմամբ վստահությունը չի ավելացնում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    . ստորեւ, ոսկիի գինը, անցած երկու տարիների ընթացքում… եթէ մինչ այդ Ամուլսարի հանքի արտադրութիւնը հաստատուէր, ապա՝
    . Հայաստանում քորոնաժահրի համաճարակի տնտեսական եւ ընկերային աղէտալի հետեւանքները հնարաւոր կը դառնար արդէն անմիջապէս մեղմացնել
    . օտար ներդրողներն ալ, իրենց շահերից մեկնելով, կարող էին միջամտել, ի դէմ՝ Ադրբեջանի ռազմական ոտնձգութիւններին, ի նպաստ՝ խաղաղութեան; յիշենք որ Ադրբեջանը հիմնականօրէն իր – հանգստօրէ՜ն արտահանուող – քարիւղին շնորհիւ է, որ ունի այդքան օտար դաշնակիցներ
    https://www.chartoasis.com/gold-per-oz-commodity-chart-2-years-cop2/
    ***
    Ամուլսարի հանքը իսկապէս փակ պահել ուզողները, յեղափոխութեան զօրակիցներ էին: Միւսները, ձեւացնում են միայն որ հանքի բացման դէմ են, որպէսզի վնաս բերեն Փաշինյանին: Հետեւաբար, յեղափոխութեան աջակցած ակտիվիստների այս վարքագիծը վստահաբար աւելի վատ ու վնասաբեր է, որպէս Փաշինյանի կռնակէն դաշոյնահարում, քան թէ, օրինակի համար, յեղափոխութեան իբրեւ թէ նախնական դաշնակիցներ՝ ԲՀԿ-ին կամ Մարուքյանին ըսածներն ու ըրածները:
    Նամանաւանդ համաճարակին պատճառով, երկիրը տնտեսական եւ սոցիալական լրիւ փլուզումէ փրկել ջանալու համար, Փաշինյանը սուր ու ծայրագոյն կարիքը ունի այս հանքը բանալու: Հանքի շահագործումը նաեւ օգտակար է, պատերազմական կացութեան կապակցութեամբ – ինչպէս որ, իր քարիւղին շնորհիւ, Ադրբեջանը քաղաքական դաշնակիցներ ունի այլ երկիրներում – : Այս ամէնը նկատի ունենալով, եթէ այս հանքը փակ մնայ, դա պիտի նպաստէ որ Փաշինյանը իշխանութիւնը կորսնցնէ: Իսկ յաջորդ իշխանութիւնը այս հանքը վստահաբար պիտի բանայ, եւ այն ատեն, խնդրոյ առարկայ արմատական բնապահպանները լրիւ անզօր պիտի հանդիսանան՝ ամբողջովին շղթայազերծուած ոստիկանութեան առջեւ:
    ***
    այժմու կացութեան մէջ, աւելի քան երբե՛ք ՝
    «Ամուլսարը Փաշինյանի փրկութեան սկիզբն է [19.08.2019] »
    https://haytougchamlian.blog/ամուլսարը՝-փաշինյանի-փրկութեան-սկիզ/

  2. Հ.Շ. says:

    Ամուլսարի հանքի՝ օտար, հիմնական եւ հետեւաբար շատ խոշոր դերակատարների պարագային, եթէ հրաժարին այս ծրագրէն, նրանց կրելիք վնասը՝ աննշան է: Իրենց համար, իրենց այլ ու ընդհանուր գործունէութեան համեմատ՝ աննշան է: Write-off կ’անեն, ու վերջ: Հարկային գետնի վրայ, կարող են նոյնիսկ անուղղակի օգուտ քաղել, շնորհիւ այդ write-off ին: Մինչ ամէն դէպքում, քանի որ տակաւին արտադրութիւնը չէր սկսած, ստոյգ ալ չէր՝ որ երբեւիցէ մաքուր շահոյթ ունենալու են, այս ծրագրին մէջ: Այդ ամենախոշոր ներդրողներից մի քանի հատի պարագային, չեմ ալ գիտեր թէ ինչպէս յաջողած են զանոնք համոզել, որ Հայաստանի նման երկրի մը մէջ, այդ բնոյթի ներդրում կատարեն…

    RBC Asset Management-ի տնօրինած ինչքերու ընդհանուր արժէքը՝ 450 միլիար տոլար է: Franklin Resources՝ 690 միլիար տօլար:
    Իսկ Հայաստանի GDP-ն՝ 12 միլիար տօլար…

    Եթէ այս հանքը փակ մնայ, միմիակ լրջօրէն տուժողը լինելու է Հայաստանը:

    Այս աստիճան, զուտ խենթութիւն, տակաւին չէ եղած այդ երկրին մէջ:

  3. Արթուր says:

    Տնտեսության զարգացման խնդրին պետք է գլոբալ մոտեցում եւ փոփոխություններ, որպեսզի կարողանանք դիմակայել մարտահրավերներին ժամանակի եւ տարածության մեջ: Իսկ այս ճանապարհին արդարադատության հարցը դրանցից միայն մեկն է ու ըստ ինձ շատ կարեւոր, անհրաժեշտ բայց ոչ բավարար: Այս տեսանկյունից Ամուլ սարի հանքավայրի հարցը դառնում է մասնավոր խնդիր:
    Ունենալ երկրի տնտեսա-քաղաքական կառավարման այնպիսի մոդել, որը կտանի զարգացման անկախ օրվա իշխանություններից, սա է գլխավոր խնդիը եւ սա չի վերաբերվում միայն Հայաստանին, կիրառելի է ցանկացած երկրի դեպքում:
    Այս թեմայով շատ հետաքրքիր տնտեսա-քաղաքական աշխատություն/հետազոտություն ունի մեր հայրենակիցշ տնտեսագետ Տարոն Աջեմողլուն իր «Ինչու են որոշ երկրներ հարուստ, իսկ մյուսները աղքատ, բարգավաճում եւ աղքատություն» գրքում 2012թ. (ռուսերեն տարբերակը այստեղ՝ https://www.litres.ru/daron-adzhemoglu/pochemu-odni-strany-bogatye-a-drugie-bednye-proishozhdenie-vlasti-procvetaniya-i-nischety):
    Եւ ուրեմն, ըստ Աճեմողլու ուսումնասիրությունների, երկրի զարգացման համար անհրաժեշտ (բայց ոչ բավարար) կարեւորագույն խնդիր է ունենալ տնտեսա-քաղաքական կառավարման այնպիսի մոդել, որտեղ իշխանության երեք ճուղերը՝ օրենսդիր, գործադիր եւ դատական կլինեն մաքսիմում անկախ:

    ՀԳ. տնտեսական զարգացում ունենալու համար անհրաժեշտ է սկսել այս խնդրից՝ տարանջատել իշխանության երեք ճուղերը, այլապես …

  4. Alfred says:

    Հայաստանում ամերիկյան դեսպանը պարզ հայտարարեց, մինչև Ամուլսարը չաշխատի ներդրում չսպասեք։

  5. Արթուր says:

    Նույնիսկ Ամուլ սարի աշխատելու դեպքում ներդրումներ չեն լինելու:
    Խնդիրը շատ ավելի գլոբալ է: Անհրաժեշտ են տնտեսա-քաղաքական ռեֆորմներ, որը պետք է սկսել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության իրական տարանջատումից (ոչ թղթի վրա) ու փոխադարձ անկախությունից: Որն էլ իր հերթին կապահովի իշխանության ճյուղերի փոխադարձ զսպման մեխանիզմներ: Առանց երկրի ղեկավարման նոր տնտեսա-քաղաքական մոդելի ներդրումներ մի սպասեք:

    Օրինակ ընդունել նոր սահմանադրություն եւ ոչ ինչ-որ մեկի հագով կարված, այլ հանուն ՀՀ-ի: Ցավում եմ կորցված 2,5 տարվա համար….

  6. Ruben says:

    Ի՞նչ մետաղներ են (այդ թվում՝ հազվագյուտ մետաղներ/редкоземельные) պարունակում արտահանվող խտանյութերը:
    Ինչու՞ է հանրապետությունում հանքաքարը արդյունահանվում հիմնականում բաց եղանակով (разрез), այլ՝ ոչ փակ (шахта):

    Տարածքը՝ հումքի աղբյուր/сырьевой придаток:
    Տարածքում՝ գողացել են, գողանում են և կգողանան մինչև կապտելը:
    Թալան, թալան մինչեւ վերջ: «Դուխով»…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031