Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմարության սահմանը

Հուլիս 29,2020 12:30

Մի կյանքի ընթացքում շատ բան սովորեցինք, բայց էդպես էլ ապրել չսովորեցինք: Մենք գտնվում ենք քաղաքականապես էլեկտրականակցված  գոտում, որը հասարակությանն երբեմն հասցնում է շիզոֆրենիայի: Էյնշտեյնն ասում էր, այս կյանքում անսահման երկու բան կա՝ տիեզերքն եւ մարդկային հիմարությունը. ընդ որում՝ տիեզերքի հարցում ես վստահ չեմ: Տավուշի լոկալ պատերազմից հետո կրքերն այնքան բորբոքվեցին, որ հայրենասիրությունը դարձավ ազգային զբաղմունք: Ֆուտբոլի բալեշչիկի պես պատերազմ էինք բալետ անում՝ առանց իսկ դրա դարդն ու ցավը ըմբռնելու: Բոլոր ջրերը գնում էին մեկ հունով: Բավական է մեկ ինքնուրույն առու եւ ազգը սելավի պես՝ տակով կաներ: Ռուսաստանյան ազդեցիկ հեռուստատաընկերոթյուններից մեկի գլխավոր խմբագիրը՝ հայազգի Մարգարիտա Սիմոնյանը փորձել էր աշխարհաքաղաքական այլ դիրքերից դիտարկել մեր ձախողումների պատճառներն եւ դա բավական եղավ, որ 10 000 ստորագրություն հավաքվի, որպեսզի նրան  պարտադրվի փոխել իր ազգությունը: Եվ արի ու տես, որ այդքանն էլ բավական չեղավ, որպեսզի նա գրիչի փոքրիկ հերձումով իրենից յան տա, հայությունը հաստատող պստլիկ «յան»:

Նույն կերպ՝ ստորագրություններով կարելի է նաև ազգին հարիր մի աղոթած էշ գտնել ու հայ դարձնել… Եթե ստացվի… Գժվել կարելի է… Մարդ ինչքան երևակայություն պիտի ունենա, որ թշնամական ոխը անզուսպ հայհոյանքներով ու բանդգուշանքով կնոջից հանի: Հույզերն ու զգացումները պատերազմ չեն գնում: Բանականության, սթափ մտքի և լրջության պակաս կա, առողջ դատողության բացակայություն… Կորցրել ենք հյուսիսն ու հարավը, իսկ արեգակն համառորեն արևելքից արևմուտտք է գնում, և ամենևին էլ մեր քեֆով չի գնում… Արևմուտքը, այնուամենայնիվ, գերադասում ենք արևելքից… Կանգ առնել է պետք. Կարելի՞ է , չէ՞, մի պահ կանգ առնել ու մտածել, թե Մարգարիտա Սիմոնյանն ի՞նչ է ասում, նամանավանդ, որ նրա պարսավանքը հայ ժողովրդի դեմ չէր … Էս վերջերս մոդա է դարձել Ռուսաստանին հայհոյելը… Կարելի՞ , չէ՞ մտածել՝ ինչով է դա հղի, դրա դիմաց ի՞նչ կորցրեց Վրաստանը, ի՞նչ կորցրեց Ուկրաինան, Պրիդնեստրովիան, իսկ ի՞նչ կարող ենք կորցնել մենք… Ախր, ինչու՞ չենք հասկանում, որ դա մեր խաղը չի… Դրանով շահագրգռված է Արևմուտքն, որպեսզի հարավից բռնի Ռուսաստանի ոտքերից՝ հանուն դրա պատրաստ լինելով անգամ օգտագործել Ադրբեջանին ու Թուրքիային… Հա՛, Ամերիկան մեզ կպաշտպանի՞… Կպաշտպանի այնպես՝ ինչպես պաշտպանեց Վրաստանին և Ուկրաինային… Իմացեք, Մարգարիտայի բերանով մեր հետ խոսում է Պուտինը… Ահա, թե ինչ է կատարվում կնոջ փեշի քողի տակ… Ի՞նչ է, դուք պատրա՞ստ եք դիմակայել սպիտակ արջին… Ռուսաստանը մեզ իր հովանու տակ է վերցնում իր շահերից ելնելով, իսկ հանուն իր շահի նա կարող է և ճզմել մեզ… Դա հասկանու՞մ եք, թե՞ արդեն Դավթի թուր կեծակին հանել եք… Զգուշացեք, եթե բանականությունն իսպառ չի լքել ձեզ, ճկուն եղեք, բայց ոչ խոսքով, որով Պուտինին քծնեք, իսկ գործով ծառայեք Արևմուտքին… Ռուսը դուռակ չի… Երեկ էլ Հ 1-ով մեր քաղաքական ընտրանին ռուսներին խելք էր սովորեցնում՝ բացատրում, թե իրենց շահերից ելնելով ինչու պիտի զորավիգ լինեն հայերին: Պարզվում է, դա մենք պիտի գլխի գցենք ռուսներին, իսկ ինքներս ծեքծեքուն պչրուհու պես ավելորդ շրջաններ գծենք Արևմուտքի գրկում: Էտ էլ հո ծիրանի առևտու՞ր չի… Կրակի հետ եք խաղում… Ժողովրդական առածն ասում է, խելոքը թշնամուն բարեկամ է դարձնում, իսկ հիմարը՝ բարեկամին՝ թշնամի… Գոնե հասկացա՞ք, թե այս ճգնաժամային օրերին Ռուսաստանն ինչու՞ էր զորավարժություններ անցկացնում հատկապես Կասպից և Սև ծովերում… Արդյոք ո՞ւմ համար էին որոտում հրանոթները… Արևմուտքի նավերն ինչպես մեկ դար առաջ անկարող են մագլցել Հայոց լեռներն, իսկ մենք, այսօր էլ, կարող ենք ազգովի բարձրանալ թեկուզ և մեկ կնոջ վրա… Արեգակն ինչպես հազարամյակներ առաջ՝ ծագում է արեւելքից…

Հասարակական շիզոֆրենիան շիզոֆրենիա, սակայն այն ոչինչ է անհատական մտքի երեւակայական թռիչքների հանդեպ, ուղղակի անբռնելի, անհասանելի… Արեգակն անգամ կխամրի նրա փայլատակումից: Ամեն տեղ ազատություն կա, ազատության մեջ անսահման ազատություն: Էստեղ է, որ ըստ Ալբերտ Էյնշտեյնի  տեսության՝ տիեզերքը պատռվում է, քանզի հիմարությունը փայլատակում է հյուսիսի գունազարդ լուսարձակումներով, առավել եւս, երբ հանդես է գալիս ձեռք ձեռքի տված  գռեհկությամբ, իհարկե,  նաեւ խնկարկված հոտավետ բուրմունքներով… Դե, բռնվեք, եթե վստահ չեք ձեր ոտքերին:

Ես ատում եմ բոլոր տեսակի պատերազմներն ու հեղափոխությունները: Պատերազմի հարցում ամեն ինչ պարզ է, իսկ հեղափոխությունների՝ թավիշ ու անթավիշ… Չէ՞, որ թարմություն է բերում, քանդվում է հինը, ստեղծվում նորը, տեղ է բացվում առաջընթացի… Բայց ի՞նչ գնով… Հեղափոխությունը կրկին պատերազմ է, որի փորձություններին զոհ է գնում գրեթե մի ողջ սերունդ՝ քաղաքացիական բախումներ, դասակարգային հալածանքներ, քաղց,  սպանդ, տեռոր… բայց եւ ազատություն… Էն էլ ինչպիսի~ ազատություն… Ազատություն բոլոր բնագավառներում, ամենից առաջ սեքսուալ… Երիտասարդությունը շարժվում է  առջեւից, անհրաժեշտ է հագուրդ տալ  հեղափոխական կրքերին… Ռազմական կոմունիզմ, սեքսուալ կոմունիզմ… Ջահելներն ազատ սեքս են ուզում… Հեղափոխական Ռուսաստանում դրա ջատագովն Ալեքսանդրա Կոլոնտայն էր, ով ազատ սեքսը համարում էր նույնքան անհրաժեշտ՝ ինչքան կենարար ջուրը: Մի բաժակ ջրի պես նա սեքս էր պահանջում: Կոմերիտական կազմակերպություններում  գաղափարականից զատ հիմնական շարժիչ ուժը սեքսուալ գործունեությունն էր: Ցանկացած կոմերիտական նախօրոք մշակված ռեգլամենտով կարող էր ստեղծարար սեռական գործունեությամբ զբաղվեր ուզածն աղջնակի հետ, թեկուզ եւ կույսի, չէր բացառվում նաեւ ամուսնացածների: Հրաժարվելու դեպքում նախատեսվում էր կոմերիտական տուժ, իհարկե, անցանկալի հետեւանքներով: Դա գրավում էր երիտասարդությանը, օ~…  շատ էր գրավում… Հավատարիմ լինել կոմունիստական իդեալներին եւ սիրել որքան կարելի է… Իհարկե, որոշ սահմանափակումներ կային՝ շաբաթական կտրվածքով, քանակական չափաբաժնով: Առավել ակտիվիստներին տրվում էր աբոնոմենտ՝ արտոնյալ պայմաններով… Դե, արի ու հեղափոխական մի եղիր…

Այդ սերունդի ասպետն  էր Նիկիլայ Իվանովիչ Եժովը: Նա ավելի քան «պրադվինուտի» էր, թեեւ հասակը 1 մէտր 51 սանտիմետր էր. բնական սեքսը նրա համար որոշակի վաղեմություն ուներ: Նիկոլայ Իվանովիչը հոմոսեքսուալիստ էր, բայց ոչ հումանիստ… Նրա Ներքին գործերի նարկոմ եղած ժամանակ Ռուսաստանում րոպեն մեկ մի մարդ էր գնդակահարվում: Բայց եւ այնպես, մեծ սիրահարի մեջ կար մի արկածային սիրտ եւ ստեղծագծարար ուղեղ, որ աշխարհը չուներ: Եվ դա այն դեպքում, երբ նա մի կարգին կրթություն էլ չուներ. պաշտոնական փաստաթղթերում կրթության սանդղակում նշում էր՝ незаконченное образование… Նիկոլայ Իվանովիչի մտքի երեւակայական թռիչքին  անգամ մեծն տիեզերաբան Ալբերտ Էյնշտեյնը կնախանձեր. այստեղ էր, որ սահմանն իսկապես անսահման էր…  Նիկոլայ Իվանովիչ Եժովը խրախճանքների մեծ սիրահար էր: Ինչպես  հին Հռոմում՝ նոր Կեմլում եւս բոլոր խնջույքներն ավարտվում էին օրգիայով: Իհարկե, Նիկոլայ Իվանովիչն որպես ուղղադավան բիսեքսուալ Հուլիոս Կեսարի նման կարող էր պարծենալ, որ բոլոր կանանց ամուսինն է եւ բոլոր ամուսինների կինը, սակայն նրա իրական պարծանքը մի այլ տեղ էր. նեղ անձնական ինտիմ մրցույթներում հաղթելն, որը նրան թեեւ օլիմպիական մեդալ չէր պարգեւում, սակայն փոխարենն աներեւակելի հաճույք եւ բերկրանք էր բերում:

Ստալինյան Ժողկոմխորհում կար այսպես կոչված Լեւ Եֆիմովիչ Մարիասին՝ ԽՍՀՄ Կենտրոնական բանկի կառավարման խորհրդի անդամ, Ֆինանսների նարկոմի տեղակալ: Նիկոլայ Իվանովիչ Եժովի ոխերիմ մրցակիցը հենց նա նա էր:

Թունդ խմում էին ու ծխում: Ոչինչ անհետեւանք չէր կորչում. ծխախոտի  ծուխը քուլա-քուլա պարուրում էր սրահը, իսկ մոխիրը զգուշությամբ թափ էին տալիս հատուկ այդ նպատակով սեղանին դրված դեղին հինգ կոպեկանոցների վրա, մինչեւ որ մետաղադրամների վրա մոխրի  թումբ էր առաջանում: Դրանք նախապատրաստական աշխատանքներն էին, որից հետո սկսվում էր բուն մրցումը… Իջեցնում էին շալվարներն ու որովայնը պրկելով՝ ողջ ուժով զոռ տալիս. օրգանիզմում կուտակված գազերը մոլեգնում էին…. Հինգ կոպեկանոցների գլխին ցունամի էր բարձրանում, պատկերացնել կարելի է դրանց վիճակը՝ վրաները խեղճ, խեղճ ծվարած դյուրաշարժ մոխրակույտերով… Իսկ հոտերը, հոտերը՝ «եդեմական» բույրերը… Հաղթում էր նա՝ ով ավելի շուտ «թնդանոթային» համազարկով հոդս կցնդացներ դիմափոշուց էլ թեթեւ ու նրբաշաղ գորշավուն մոխիրը… Իսկը ռուսական եղանակով…

Ֆանտաստիկա՝ տիեզերածավալ, դեռ ավելին… Օ~ mores  o~ tempora…

Ինքը տարաբնույթ մրցումների մեջ էր, կնոջը՝ Եվգենյա Խայուտինային՝ թողնելով գրողներ Միխայիլ Շոլոխովի եւ Իսահակ Բաբելի հույսին Օ~ mores  o~ tempora…

…Որ նեղն եմ ընկնում՝ հոգով, սրտով, մտքով դբա մեր գեղն եմ գնում: Աշխարհում կա՞ մի մարդ, որ իրենից դժգոհ է… Աստծո տվածից ոչ ոք դժգոհ չէ՝ մեկին շատ խելք է տվել, մեկին քիչ, մեկին՝ հարստություն, մեկին՝ պակասություն, մեկին սիրունություն, մեկին տգեղություն, մեկին իմաստնություն, մեկին տգիտություն… եւ բոլորն էլ իրենց ստացածից գոհ եւ երջանիկ են, քանզի ամեն ոք կարծում է, թե ինքն ամենախելոքն է ու ամենաիմաստունը:

Կլեկչի Բաղդոն ըմանդա շաշ էր: Եվ դա, ի տարբերություն բոլորի, նա գիտեր: Թերեւս նա աշխարհի միակ մարդն էր, որ իր ստացածից գոհ չէր: Կլեկչի Բաղդոն մեծ մուրազ ուներ՝ խելքովանալ… Դրա համար պատրաստ էր անգամ հարազատ գլխից  զրկվել: Շատ էր տանջվում՝ իրեն պատեպատ զարկում, տարաբնույթ փորձեր անում, գլուխը դես-դեն թեքում, վիզը ծռում, թե ոնց անի՝ իր անխելք քյալլից ազատվի, սրտի հախից գար, բայց ըլեր ոչ… Ոնց շաշ կար՝ էնենց էլ մնում էր: Մի օր էլ գյուղ ուսումնական մարդիկ էին եկել: Բաղդոն նրանցից ամենախելոքի պոչը բռնել ու բաց չէր թողնում: Ուր գնում՝ հետը գնում էր, կանգ էր առնում, ինքն էլ էր կանգ առնում, նստում էր՝ ինքն էլ հետը, քեֆի ժամանակ էլ կողքից պոկ չէր գալիս: Ուսումնականը քեֆին հըլբաթ շատ էր խմել. գլուխը դրել էր սեղանին ու աչքը կպցրել: Բաղդոն զգոնությունը չէր կորցրել, շուրջը պտտվում էր՝ աչքը վրից չկտրելով, մեկ-մեկ էլ գլխի վրա հակվում՝ չափ ու ձեւ անում, էտ էլ քիչ էր՝ գլուխը տաներ-բերեր, տաներ-բերեր…

-Ա՛ բեմուրազ,-ասին,- էտ ընչի՞ հըմա ես գլուխդ տանում-բերում…

Բաղդոն հըլբաթ շատ էր մտքերի ետեւից ընկել՝ մճրոտելով շլինքը թեքեց դբա հարցնողն ու թլկոտալեն ասավ.

-Ա՛ խալխ, դե Ասսու բանը սհենց ա, էլի՛… մնին վենձ խելք ա տալի, մնին էլ թամուզ դատարկ բրախում… Բա օքմին մի հնար չէր ունեցել՝ էս ուսումնականի գլուխը պրուժինավատ էր արել, դրել իմ գլխի տեղը, իմ գլուխն էլ պոկել, դրել նրա գլխի տեղը, ըժու էլ մեր ուսումնականը զարթնել ու տեհել էր, որ ինքը թամուզ էշ ա…

Էդպես ո՞նց կլիներ… Ինչպես եղել էր՝ այնպես էլ կլիներ… Եվ քանի որ աշխարհի բոլոր գլուխներն անփոփոխ իրենց տեղում են՝ չի լինելու աշխարհի վրա՝ ոչ խելք եւ ոչ էլ իմաստնություն: Կլինի միայն հիմարություն, անսահման հիմարություն…

 Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031