Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրադարանները կվերաբացվեն հավանաբար օգոստոսի կեսերին»

Հուլիս 29,2020 13:00

Հարցազրույց Երեւանի քաղաքապետարանի
Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական
գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հետ

– Վերջերս ԿԳՄՍ նախարարությունը  պարետատուն է ներկայացրել գրադարանների եւ թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ։ «Առավոտը» տարիներ շարունակ ծանոթ լինելով ձեզ եւ ձեր ղեկավարած գրադարանի աշխատանքներին, համոզված է, որ համավարակով պայմանավորված, փնտրել եք նոր ձեւեր ու մեթոդներ, ընթերցողի հետ կապը չկորցնելու եւ նրա հետ տարվող  կրթամշակութային գործունեությունը շարունակական դարձնելու նպատակով։ Հաճախ այցելում ենք գրադարանի ֆեյսբուքյան էջ ու նկատում, որ ամեն օր երկու անգամ նյութեր են տեղադրվում դպրոցական ամառային պարտադիր ընթերցանության ծրագրից։ Հանդիպել ենք նաեւ դերասանների մատուցմամբ հեքիաթների ընթերցանությանը եւ այլն, եւ այլն…

– 2020թ. մարտի կեսերին կորոնավիրուսով պայմանավորված, գրադարանն անմիջապես անցավ ընթերցողների հետ աշխատանքի օնլայն հարթակ, կատարվեց 2019թ. ընթերցողների վերագրանցում եւ նոր ընթերցողների գրանցում, դրանով հնարավորություն տալով նրանց մուտք գործել գրադարանի թվային բազաներ «Ոսկե շղթա 1, 2, 3» եւ օգտվել էլեկտրոնային ավտոմատ գրացուցակներից։ Սա մեր առաջին քայլն էր։ Երկրորդը՝ գրադարանի ֆեյսբուքյան էջում ժամանակի երակի վրա մշտապես մատը պահելով ներկայացնում ենք հայ, համաշխարհային դասական եւ ժամանակակից գրականության գործերը տեսանյութերի ձեւաչափով, որն, ի դեպ, պատրաստվում է գրադարանի հասարակայնության հետ կապերի բաժնում։ Վերջերս իրականացրինք մեր ֆեյսբուքյան էջի վերլուծություն, գրանցելով շատ հետաքրքիր արդյունքներ եւ տեսանյութերի դիտման, եւ գրականության մեծ դիտումների թիվ եւ այլն։ Այս ընթացքում, նշեմ, որ օնլայն դասընթացները չեն դադարեցրել գրադարանի ամերիկյան, բրիտանական եւ ֆրանկոֆոնիայի կենտրոնները։ Հենց օրեր առաջ գրադարանի երկու բաժնի վարիչները՝ ամերիկյան եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, օնլայն դասընթացներ վարեցին «Նորաբաց գրադարաններ» թեմայով Շիրակի, Ախուրյանի, Մարալիկի, Արփիկի եւ Ամասիայի գրադարանների աշխատողների հետ։ Նշեմ, որ այդ ծրագիրը շարունակական է լինելու առաջիկայում Լոռու եւ Տավուշի մարզերի գրադարանների աշխատողների համար եւս։ Քանի որ վերաբացման մոդելային լուծումները, մշակութային հաստատությունները դիտարկվում են որպես սթրեսի հաղթահարման եւ հանրային առողջության կանոնների պահպանման օրինակելի տարածք։ Իհարկե, ստեղծված պայմաններում հանրության առաջ վերաբացվելու պատրաստակամությունն ու պատասխանատվությունը գիտակցում են մշակութային բոլոր հաստատությունները։ Այս համատեքստում նախարարության գրադարանների գծով գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանի հետ կայացել են օնլայն քննարկումներ։

– Դրանց արդյունքում ի՞նչ ընդհանուր հայտարարի եք եկել…

– Տեղեկացնեմ, որ ԿԳՄՍ-ն առաջարկել է երեք մոդել, նշելով, որ գրադարաններն իրենք կարող են ընտրել դրանցից որեւէ մեկը։ Մեր գրադարանը պատրաստ է աշխատել առաջարկած երեք մոդելով։ Եթե հետաքրքիր է՝ մանրամասնորեն ներկայացնեմ դրանք։ Մոդել առաջին. պայմանական այն անվանենք կիսահեռավար, որը ենթադրում է գրադարանավարի եւ ընթերցողների հետ կապ էլեկտրոնային փոստի միջոցով։ Էլեկտրոնային փոստով ստանալ անհրաժեշտ պատվերը, լրացնել պատվերաթերթիկ 30 րոպեի ընթացքում պատասխանել ընթերցողին։ Եթե գիրքը առկա է, գրանցել ընթերցողական քարտում, նշանակել օրը եւ ժամը՝ այն ստանալու համար։

Մոդել երկրորդ. Ստեղծել բացօթյա սպասարկման կետեր մինչեւ 3-5 ընթերցասեղաններով, ապահովելով սոցիալական հեռավորությունը կամ գրադարանի հարակից բակային հատվածներում ստեղծել տացքակետ, ապահովելով ընթերցողների ապահով աշխատանքը։

Վերջին մոդելն անվանենք մինի ընթերցասրահ։ Այն ենթադրում է ընթերցասրահների վերաձեւավորում, պահպանելով մինչեւ 2 մետր հեռավորությունը, անհատական պաշտպանության միջոցների ապահովումը եւ ընթերցասրահում աշխատելու համար նախապես օրը, ժամը եւ աշխատանքի տեւողության թույլտվությունը ստանալու պարագայում։

Այսօր արդեն կահավորվում է մեր գրադարանի, այսպես կոչված, ախտահանիչ սենյակը, որտեղ, օրինակ, ընթերցողների կողմից վերադարձված գրքերը 3-5 օր մնալուց հետո նոր վերադարձվում է սպասարկման։ Սա արդեն ուսումնասիրել ենք գրադարանների միջազգային փորձը։

– Ի դեպ, դուք այցելել եք աշխարհի, առանց չափազանցության, բոլոր խոշոր գրադարաններ՝ ԱՄՆ-ից մինչեւ Եվրոպա ու Արեւելք։ Ենթադրում ենք, որ համավարակի ընթացքում դուք կապ եք պահպանել արտերկրի ձեր գործընկերների հետ։

– Այո, առայսօր կապի մեջ եմ որոշ գործընկերներիս հետ, մեր զրույցի թեման բնականաբար մեկն է՝ համավարակի պայմաններում գրադարանային աշխատանքի մեթոդներն ու ձեւաչափերը, եվրոպական մի քանի երկրներում արդեն վերաբացվել են գրադարանները, Ռուսաստանի ազգային գրադարանն էլ է արդեն ընդունում ընթերցողներին։

– Եվ քանի որ անկախ համավարակից դուք աշխատում եք, հավանաբար ունեք նաեւ նոր ծրագրեր։

– Այո, մեկ-երկուսը կարող եմ ներկայացնել։ Մեր գրադարանում Երեւանում Մոսկվայի տան աջակցությամբ կստեղծվի «Ռուսական կենտրոն», նպատակը՝ խորացնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մշակութային, կրթական համագործակցությունը՝ Ռուսաստանի մասին փաստացի, ճշգրիտ ու բաց տեղեկատվություն տրամադրելու միջոցով։ Հաջորդ ծրագիրը դա evoca բանկի տարածքում նոր թվային գրադարան հիմնելն է։

– Կոնկրետ օր կարո՞ղ եք նշել, թե երբ կվերաբացվեն գրադարանները։

– Հավանաբար՝ օգոստոսի կեսերին։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հ. Գ. Մեր զրույցը գրադրանի տնօրենի հետ բազմիցս ընդմիջվում էր ընթերցողների հեռախոսազանգերով՝ գրադարանի վերաբացման առիթով տեղեկություն ստանալու համար։

«Առավոտ» օրաթերթ
28.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031