Լրահոս
Օրվա լրահոսը

1000 խոշոր հարկատուների ցանկում առաջին խոշոր 100-յակը վճարել է 302 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է 12 մլրդ-ով

Հուլիս 29,2020 14:30

2020 թ. առաջին կիսամյակում, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, փոքր-ինչ նվազել է 50 եւ 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը, մյուս կողմից` 10 խոշորագույնների պարագայում թույլ աճ է գրանցվել:

Այսպիսի պատկեր են արձանագրել «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի մասնագետները՝ ուսումնասիրելով վերջերս ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկը:

Այսպես, ըստ նույն աղբյուրի, 2020-ի առաջին 6 ամիսներին 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել 135 մլրդ դրամ հարկ, 2019-ին` 131 մլրդ դրամ, 2018-ին` 114 մլրդ դրամ: Խոշորագույն 100-յակը վճարել է 302 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է 12 մլրդ դրամով, սակայն գերազանցում է 2018-ի ցուցանիշը:

Որոշակի նվազում կա նաեւ 1000 խոշորագույն հարկատուների ցանկի վերջնամասում տեղ զբաղեցնող ընկերությունների կողմից վճարված հարկերի պարագայում: Այսպես, ցանկի վերջին հարյուրյակում գտնվող հարկատուների վճարումները 2020-ի առաջին կիսամյակում կազմել են 8.0 մլրդ դրամ` 2019-ի 8.5 մլրդ դրամի փոխարեն:

ՀԿ մասնագետների դիտարկմամբ, 2020 թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ-ում 196 ընկերության պարագայում շահութահարկի վճարումը գերազանցել է 100 մլն դրամը, մինչդեռ նախորդ տարի այդպիսի ընկերությունների թիվը 12-ով ավելի էր: Նույն կերպ, 161 ընկերության կողմից վճարված եկամտային հարկի մեծությունը գերազանցել է 100 մլն դրամը, իսկ 2019-ին այդչափ եկամտային հարկ վճարած ընկերությունների թիվը կազմել է 176:

Մեկ այլ կարեւոր միտում է 1000 հարկատուների ցանկում ընդգրկված ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծության կառուցվածքում ուղղակի հարկերի՝ շահութահարկի եւ եկամտային հարկի տեսակարար կշռի որոշակի նվազումը: 2020թ. առաջին կիսամյակում 1000 հարկատուների վճարած հարկերի ընդհանուր մեծության 38%-ը կազմել են ուղղակի հարկերը: Նախորդ տարի այս ցուցանիշը շուրջ 42% էր, 2018-ին` 37.6%:

Ըստ նույն ուսումնասիրության, 1000 հարկատուների ցանկի առաջին 100 ընկերությունների հարկային վճարումների ընդհանուր մեծության 34.6%-ը ուղղակի հարկերն են: Այս ցուցանիշը գրեթե հավասարվել է 2017-ի մակարդակին: Ուղղակի հարկային վճարումների տեսակարար կշռի ցուցանիշը շարունակում է համեմատաբար բարձր մնալ 1000 հարկատուների ցանկի վերջին 100 ընկերությունների պարագայում: 2020-ի առաջին կիսամյակում սույն հարաբերակցությունը կազմել է 51.1%, 2019-ին ավելի բարձր էր` 53.5%, իսկ 2018-ին` զգալիորեն ցածր` 46.3%:

2020թ. առաջին կիսամյակում 64 ընկերություն վճարել է 500 մլն դրամը գերազանցող ուղղակի հարկեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդպիսի ընկերությունների թիվը 77 էր, իսկ 2018-ին` 61: 2020թ. առաջին կիսամյակում 100 մլն դրամը գերազանցող չափով ուղղակի հարկեր են վճարել 350 ընկերություններ, 2019-ին հանրապետությունում գործել է այդպիսի 371 ընկերություն, 2018-ին` 279 ընկերություն:

Այսպիսով, 2020թ. առաջին կիսամյակում 1000 հարկատուների ցանկի առաջին հարյուրյակում տեղ զբաղեցրած միջին վիճակագրական ընկերության` ՀՀ պետական բյուջե կատարված հարկային վճարումների կազմն ու կառուցվածը որոշակի շեղում են արձանագրել վերջին տարիներին արձանագրված նպաստավոր միտումներից: Ըստ որում, բացասական փոփոխություններն ավելի նկատելի են ուղղակի հարկերի պարագայում: Առաջին 100-յակի միջին վիճակագրական հարկատուն 2020-ի առաջին կիսամյակում վճարել է 3.0 մլրդ դրամի հարկ (2019-ին` 3.1 մլրդ դրամ, 2018-ին` 2.8 մլրդ դրամ), որից շահութահարկը` 521 մլն դրամ (2019-ին` 691 մլն դրամ, 2018-ին` 597 մլն դրամ), եկամտային հարկը` 525 մլն դրամ (2019-ին` 528 մլն դրամ, 2018-ին` 406 մլն դրամ), ԱԱՀ-ն` 1.2 մլրդ դրամ (2019-ին` 1.2 մլրդ դրամ, 2018-ին` 1.07 մլրդ դրամ): Վերջին 100-յակի միջին վիճակագրական հարկատուն 2020թ. առաջին կիսամյակում վճարել է 80 մլն դրամի հարկ (2019-ին` 80, 2018-ին` 67 մլն դրամ), շահութահարկը` 15 մլն դրամ (2019-ին` 20, 2018-ին` 12 մլն դրամ), եկամտային հարկը` 25 մլն դրամ (2019-ին` 26, 2018-ին` 19 մլն դրամ), ԱԱՀ-ն` 34 մլն դրամ (2019-ին` 37; 2018- ին` 28 մլն դրամ):

Ամփոփելով ուսումնասիրությունը, կազմակերպության մասնագետները նշում են, որ 1000 հարկատուների ցանկում ներառված կազմակերպությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2020 թ. առաջին կիսամյակի արդյունքներով զգալի ծավալային եւ կառուցվածքային փոփոխություններ է արձանագրել` նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ. վճարված հարկերի ընդհանուր մեծությունը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 3.5%-ով, 100 խոշորագույն հարկատուների կողմից վճարվել է 302 մլրդ դրամի հարկ, որը 12 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, սակայն 20 մլրդ դրամով գերազանցում է 2018թ. մակարդակը, 1000 հարկատուների ցանկում ներառված 100 ամենափոքր ընկերությունները 2020-ի առաջին կիսամյակում վճարել են 8.0 մլրդ դրամ կամ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ` 0.5 մլրդ դրամով պակաս (2018-ի համեմատությամբ` 1.3 մլրդ դրամով ավելի), 1000 հարկատուների ցանկում ներառված ընկերությունների վճարած հարկերի անհամաչափության աստիճանի որոշակի աճ է արձանագրվել:

Ցանկի ամենախոշոր եւ ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր մեծության հարաբերակցությունը 2020թ. առաջին կիսամյակում կազմել է 180 անգամ, նախորդ տարվա 164 եւ 2017-ի 199 անգամի համեմատությամբ:

Ամենախոշոր եւ ամենափոքր 100 ընկերությունների պարագայում նույն հարաբերակցությունը 2020-ին կազմել է 38, փոքր-ինչ բարձր է նախորդ տարվա արդյունքից, սակայն զգալիորեն ցածր է 2017 եւ 2018թթ. մակարդակից, 2020թ. առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ-ում գործել է 1 մլրդ դրամից ավելի հարկեր վճարած 91 ընկերություն:

Նախորդ տարում այդպիսի ընկերությունների թիվը 94 էր, 2018-ին` 80, 2017-ին` 63, 2020թ. առաջին կիսամյակում 500 մլն դրամից ավելի հարկեր վճարած ընկերությունների թիվը 171 է, 2019-ին եղել է 174, 2018-ին` 157, 2017-ին` 147, 2020թ. առաջին կիսամյակում 196 ընկերության վճարած շահութահարկի մեծությունը գերազանցել է 100 մլն դրամը:

Նախորդ տարվա համեմատ այդպիսի ընկերությունների թիվը պակասել է 12-ով: 2018-ին կար այդպիսի 153 ընկերություն: Եկամտային հարկի պարագայում 100 մլն դրամի շեմը 2020թ. գերազանցել է 161 ընկերություն, նախորդ տարի` 176 ընկերություն, 2018-ին` 133:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031