Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքվի՝ քրոնիկ արգելակող ու ռազմատենչ կեցվածքը պետք է արձանագրվի

Հուլիս 29,2020 12:00

Պետք է մտորել նաեւ ռազմատենչ քաղաքականության համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցի մասին

Անցյալ շաբաթ հուլիսի 12-ին Ադրբեջանի նախաձեռնած մարտական գործողություններից հետո առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները շփվել են, սակայն՝ միջնորդավորված:

Ադրբեջանում Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությունից հետո նոր արտգործնախարար նշանակվեց Ջեյհուն Բայրամովը, որը դիվանագիտական փորձ չունի, նախկինում կրթության նախարարն է եղել, իսկ ավելի վաղ՝ իրավաբանական ընկերության ղեկավար: 2004թ. ապրիլից արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած եւ փորձառու դիվանագետ համարվող Մամեդյարովի հեռացումից հետո, պարզ է, որ նորանշանակ արտգործնախարարին ժամանակ է հարկավոր լինելու՝ ծանոթանալու ղարաբաղյան կարգավորման պատմությանը, բանակցային գործընթացին:

Հուլիսի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել էր նաեւ Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Մնացականյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով լարված իրադրության շուրջ վերջին զարգացումներին: «Նա կարեւորել է լարվածության թուլացման եւ հրադադարի ռեժիմի վերականգնման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների կատարումը: Այդ համատեքստում որպես առաջնային քայլ Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից եւ պատերազմի սպառնալիքից հրաժարումը: Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով հեռախոսազրույցի ձեւաչափին, առանձնահատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոխարինելի դերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, բարձր գնահատել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին, ինչպես նաեւ վերջինիս այն դիտարկումը, որ տարածաշրջանային երկրները պետք է ձեռնպահ մնան իրադրության ապակայունացմանն ուղղված գործողություններից»:

Հուլիսի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 12-ից հետո արդեն երրորդ հայտարարությունը տարածեցին, որում ողջունել էին հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ից տիրող հարաբերական կայունությունն ու կոչ էր արել կողմերին օգտվել ռազմական գործողությունների նվազեցումից՝ պատրաստվելու լուրջ եւ առարկայական բանակցությունների՝ խնդրի համապարփակ լուծումը գտնելու համար: Միջնորդները նաեւ ընդգծել էին, որ այս զգայուն ժամանակաշրջանում՝ «ծայրահեղ կարեւոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից ու գործողություններից, այդ թվում` քաղաքացիական բնակչությանն ու կենսական կարեւորություն ունեցող ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներից»:

Կարեւոր էր միջնորդների հետեւյալ դիտարկումը, որով նրանք շեշտել էին, որ համանախագահող երկրների ջանքերը քննադատող հայտարարությունները եւ կամ բանակցությունների ձեւաչափում միակողմանիորեն նոր «պայմաններ» սահմանելու կամ փոփոխություններ մտցնելու փորձերը չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը: «Եռանախագահները վերստին ընդգծել են, որ տեւական ու խաղաղ կարգավորման համար քաղաքական կամքի լավագույն դրսեւորումն է զերծ մնալ առավելապաշտական մոտեցումներից, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմն ու խուսափել սադրիչ հայտարարություններից եւ գործողություններից»,- ասվում էր հայտարարության մեջ:

Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նաեւ երախտագիտություն էին հայտնել միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրամիության ղեկավարությանը, փաստելով, որ նրանց` հրադադարի խստիվ պահպանման եւ երկխոսության վերականգնման կոչերը համահունչ էին եւ աջակցում էին համանախագահների միջնորդական ջանքերին: Դրական որակելով նման ներգրավվածությունը, համանախագահները փաստել են` «նրանք կոչ էին անում կողմերին կենտրոնանալ լարվածությունը թուլացնելու վրա, եւ ոչ թե մյուսների վրա դնում իրավիճակը սրելու ողջ պատասխանատվությունը»: Նրանք նաեւ ընդգծել էին, որ իրենց միջնորդական ջանքերի հիմքում շարունակում են մնալ 2019թ. մարտի 9-ին տարածված հայտարարության մեջ շարադրված տարրերն ու սկզբունքները:

Հայկական կողմի համար կարեւոր է 2019թ. մարտի 9-ին տարածված հայտարարության սկզբունքների մասին կրկին հիշեցումը: Այդ ժամանակ միջնորդները Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւ միջեւ կայանալիք հանդիպումից առաջ եռանախագահները վերստին վկայակոչում էին Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները՝ շեշտելով, որ խնդրի արդար ու տեւական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:

Հիշեցնենք հայտարարության այդ կարեւոր հատվածը. «Այն պետք է ներառի նաեւ լրացուցիչ տարրեր, ինչպես 2009-2012թթ. առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար` անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաեւ միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաեւ խաղաղապահ գործողություն»:

Համանախագահներն ապա շեշտել էին, որ որոշ սկզբունքներ կամ բաղադրիչներ մյուսներից վեր դասելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշիռ լուծման հասնելը:

Հավելենք, որ համանախագահները հուլիսյան լարվածությունից հետո առաջին անգամ հայտարարություն տարածեցին հուլիսի 13-ին, ապա՝ հուլիսի 15-ին: Առաջին հայտարարությունում նրանք դատապարտելով հրադադարի ռեժիմի խախտումները՝ կողմերին կոչ էին արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հետագա լարվածությունը կանխելու համար, կողմերին հորդորել էին կիրառել հաղորդակցության ուղիղ միջոցները, ինչպես նաեւ՝ որքան հնարավոր է շուտ առարկայական բանակցությունների վերսկսել:

Իսկ հուլիսի 15-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպումից հետո տարածած հայտարարությունում կողմերին կոչ էին արել զերծ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից եւ տեղում իրավիճակը փոփոխելու փորձերից։ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ներկայացնող ղարաբաղյան կարգավորման միջնորդները կրկին ընդգծել էին խաղաղության գործընթացին նպաստող մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը։

Այսպես, միջնորդները լծվել են լարվածությունը թուլացնելու, «արագ ու առանց նախապայմանների» բանակցությունները վերսկսելու շուրջ աշխատանքին: Ադրբեջանից հայտարարել են, որ անիմաստ են համարում բանակցություններին մասնակցելը: Մինչդեռ միջնորդները շարունակում են պնդել, թե որ սկզբունքներով պետք է շարունակվեն բանակցությունները:

Ադրբեջանի վերջին ամիսների պահվածքին ի պատասխան՝ միջնորդները համառություն են դրսեւորում, թեեւ նրանց հայտարարությունները շարունակում են հավասարակաշռված մնալ եւ հասցեական քննադատություն Ադրբեջանի ռազմատենչ ու սադրիչ քաղաքականությանը չի արձանագրվում:

Մյուս կողմից պաշտոնական Երեւանը հուլիսյան ռազմական գործողություններից անմիջապես հետո հասկացնել տվեց, որ Բաքուն չի կարող ստիպել հայկական կողմին չհիմնավորված եւ միակողմանի զիջումների գնալ:

Հուլիսի 17-ին աշխատանքային այցով Բելառուսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը եւ ստիպել մեզ չհիմնավորված եւ միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, եւ խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին»:

Հայկական կողմի համար հետագա բանակցային գործընթացը խիստ վճռորոշ է լինելու: Պաշտոնական Երեւանն ու միջնորդները պետք է լինեն մի կողմում. ռազմատենչ ու ապակառուցողական Ադրբեջանն, ինչպես տարիներ առաջ՝ մի կողմում:

Ուժի ու թելադրողի դիրքերից հանդես եկող, շարունակաբար իր համար ցանկալի կարգավորման «սկզբունքների ընդունում» պահանջող Ադրբեջանը կամ պետք է վերադառնա խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ՝ սահմաններում զերծ մնալով սադրիչ քաղաքականությունից, կամ՝ պետք է պատասխանատվություն ստանձի բանակցային գործընթացը փակուղում պահելու, միջնորդների պահանջներին ու հորդորներին չենթարկվելու համար:

Ադրբեջանի՝ քրոնիկ արգելակող ու ռազմատենչ կեցվածքը պետք է միջազգային հանրության համար խնդիր դարձնել դրանից բխող հետեւանքներով, ընդհուպ մինչեւ՝ պաշտոնական Բաքվի քաղաքականության համատեքստում նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցն օրակարգ առաջ քաշելը:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 28.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031