ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպումը (երեք համանախագահներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները) կարող է տեղի ունենալ աշնան սկզբին՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրին, հանդիպումը տեղի կունենա, եթե երկու պետությունների միջև հարաբերությունների իրավիճակը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դինամիկան թույլ տան:
Միևնույն ժամանակ աղբյուրը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շփումները շարունակվում են մշտական ռեժիմով, ամենօրյա ռեժիմով համանախագահների միջև: «Հիմա գլխավոր խնդիրն իրավիճակի մեղմացումն է, որը շարունակում է բավականին լարված մնալ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, դիվանագիտական լուծում որոնելու ակտիվացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում »,- հավելել է աղբյուրը։
Նա նաև նշել է, որ հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված չէ, այն «կարող է տեղի ունենալ ցանկացած տեղ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ