«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանրային համերաշխության կենսական նշանակությունն ամուր պետություն ունենալու համար վաղուց անտեսված է և մոռացված: Հատկապես, երբ ընդհանուր բարիքի ստեղծման դոկտրինը փոխարինված է չնախապատրաստված և մանիպուլացված ժողովրդական զանգվածների այսպես կոչված կարծիքով և կամքով:
Ցավալին այն է, որ հենց դա է ներկայացվում՝ որպես ընդհանուր և միասնական կամքի մարմնավորում: Մինչդեռ իրականում այն հեռու է բոլորի և ընդհանուրի կամքի արտահայտումից և արտահայտում է քաղաքական որոշ միավորների և դերակատարների շահերն ու ձգտումները՝ իբրև բոլորի և ամբողջի:
Հասարակության շատ տարբեր շերտեր, որոնք չունեն արժեքային, սկզբունքային, ինտելեկտուալ և մասնագիտական քաղաքական ընկալումներ, ոչ թե ձգտում են ընկալել բարդ երևույթները կամ գոնե ականջալուր լինել այդ երևույթներից քիչ թե շատ հասկացողների կարծիքներին և պնդումներին, այլ դրանք իջեցնում և տեղավորում են իրենց պատկերացումների, մտահորիզոնի և մեղսագրման շրջանակների մեջ:
Կարդացեք նաև
Ամենամեծ խնդիրն այս պարագայում հենց այդ հասարակական շերտերի թերի պատկերացումների և ձգտումների շահարկման և խրախուսման հաշվին դիվիդենտ շահող «քաղաքական խաղավարի» մենթալիտետ ունեցող իշխանություն ունենալն է:
«Քաղաքական խաղավարությունը» հանգեցնում է արդյունքի ստեղծման խաբկանքի, ինչը վաղ թե ուշ տեսանելի է դառնալու, երբ «խաղավարը» դադարի հետաքրքիր լինել, սպասելի արդյունքը չբավարարի կամ հերթական սերիան ձախողվի:
Փորձե՛ք խորքային խնդիրների և համակարգային լուծումների բովանդակային քննարկում սկսել և դա կհետաքրքրի քչերին, որովհետև քչերն են դրանից գլուխ հանում: Իսկ գլուխ հանողներն էլ ուսերն են թափ տալիս`խուսափելով քննադատությունից և թիրախավորվելուց: Մինչդեռ քաղաքական իրական կառավարում և իրական արդյունք ստեղծելու պահանջ և պոտենցիալ ունեցող այդ հասարակական խմբերը լուռ, զուսպ և համբերատար դիտում են այս ամենը`անելով խորը եզրակացություններ: Այդ եզրակացությունները չափազանց հետաքրքիր են և հիմնավոր: Դրանց հիմնական լեյտմոտիվը հետևյալն է`«խաղավարը» խամրում է աչքի առաջ, որովհետև չմտածված և տարերային սցենարն ավարտվում է»: Նոր «խաղավարի» պահանջը այլևս սպառված կլինի, քանի որ «սուպերաստղությունը» դերակատարություն է, իսկ քաղաքական խելամտությունը և գործ անելու, արդյունք ստեղծելու կարողությունը` լուրջ , ծանր և հիմնականում անշնորհակալ առաքելություն:
P.S. Մինչ սեզոնի ավարտը դեռ ժամանակ կա: Դիտելը պարտադիր է, որքան էլ սցենարը և դերակատարները անհաջող լինեն, միևնույն է դիտելը պարտադիր է եզրակացություններ անելու և երբևէ այլևս նույն սխալները չկրկնելու համար»: