Շվեյցարիայի հայ համայնքը բողոքի ցույց անցկացրեց Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Հուլիսի 28-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բազմամարդ բողոքի ցույց` ընդդեմ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների։ Հայկական համայնքային մի շարք կառույցների նախաձեռնությամբ իրականացված ցույցի նպատակն էր շվեյցարական հասարակության և ՄԱԿ-ի միջոցով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությանը, հակահայկական ատելության ու այլատյացության դրսևորումներին, տարածաշրջանային լարվածությունը խթանելուն ուղղված Թուրքիայի գործողություններին։
Հիմնական կարգախոսները պահանջում էին դադարեցնել Հայաստանի նկատմամբ ագրեսիան, դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի ապակառուցողական գործողությունները, հաստատել խաղաղ ու անվտանգ միջավայր։
Ցույցի ընթացքում ելույթներով հանդես եկան մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Շվեյցարիայի խորհրդարանի կանտոնների խորհրդի անդամ (վերին պալատ) և Շվեյցարիա–Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Լիզա Մազզոնը (ելույթի տեսագրությունն ուղարկվել է), Ժնևի քաղաքային խորհրդում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Ալեն դե Կելբերմատեն, Ժնևի քաղաքային խորհրդում Սոցիալիստական կուսակցության անդամ Առնո Մորելլոն, Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի պատվավոր նախագահ և Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։
Հավելենք նաև, որ Շվեյցարիայի հայկական համայնքի մի շարք կազմակերպությունների անունից ցույցի նախօրեին տարածված մամուլի հաղորդագրությունը խստորեն դատապարտում էր Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունը` ներկայացնելով դրա մանրամասները։ Թուրքիայի կողմից այս ագրեսիայի միանշանակ աջակցությունն ու տարածաշրջանային փխրուն կայունությունը խաթարելու փորձերը շվեյցարահայերը որակել են որպես անպատասխանատու և թշնամական գործողություններ, իսկ Մեծամորի ատոմակայանին հարվածելու Բաքվի սպառնալիքը կոչել են պետական մակարդակով ահաբեկչություն։