Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրճատումներ, եկամտի 70 տոկոսի նվազում․ Գյումրու զբոսաշրջային փողոցի գործարարների խնդիրները

Հուլիս 28,2020 18:40

Գյումրու «Կումայրի արգելոց- թանգարան»-ի տարածքում գտնվող Շիրազի անվան փողոցը, որը մինչ համավարակի տարածումը դարձել էր զբոսաշրջիկների ամենագրավիչ վայրերից մեկն, այսօր գրեթե դատարկ է։ Քաղաքի սրտում գտնվող այս փողոցում բավական մեծ ներդրումներ են կատարվել․ ամեն քայլափոխի սպասարկման օբյեկտներ են․ կան մեծ հյուրանոցներ, հյուրատներ, հագուստի ու կոսմետիկայի խանութներ, հացաբուլկեղենի արտադրամասեր, Գյումրիում արտադրվող հուշանվերների խանութներ։

Այս փողոցում է գտնվում նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող ռեստորանը, որը քաղաքային իշխանությունների փաստմամբ, ամենախոշոր ներդրումն էր «Կումայրի արգելոց- թանգարան»-ի տարածքում։ Նախորդ տարի ճիշտ այս ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց այս փողոցով՝ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրելով բոլոր պատմական կառույցներն ու այդտեղ գործող օբյեկտները։

Դրանցից մեկը Գյումրիում արտադրվող հուշանվերների ու անվանական նվերների գողտրիկ խանութն էր (խանութի անվանումը չենք նշում գովազդ չդիտարկելու համար)։ Այսօր խանութը կորցրել է իր եկամտի 70 տոկոսն այն պարզ պատճառով, որ Գյումրին մնացել է առանց զբոսաշրջիկների։

Aravot.am-ի հետ զրույցում հուշանվերների խանութի տնօրեն Սյուզաննա Վարդանյանն ասաց, որ խանութը գործում է մեկ տարի, այնտեղից մեծամասամբ առևտուր էին անում զբոսաշրջիկները։

«Վարչապետի այցից շատ էինք ոգևորվել, դրանից հետո սկսվեց համավարակային ճգնաժամը ու մեր գործերը վատացան։ Ամենամեծ հետաքրքրությունը մեր խանութի նկատմամբ զբոսաշրջիկների կողմից էր, քանի որ նման ոճով խանութ դեռ չկար։ Մենք առաջինն էինք, որ բացեցինք անվանական հուշանվերների խանութ, որտեղ ցանկացած մեկը կարող էր իր նվերը պատվիրել, մենք անվանական պատրաստեինք կամ հենց մեր մոտ եղած նվերներից ընտրեին, գնեին, այսպիսով` հայկական արտադրության որևէ հուշ տանեին իրենց երկիր։ Հիմա զբոսաշրջիկներ չկան ու վիճակը վատ է, տեղացիներին ևս հետաքրքրում են մեր հուշանվերները, բայց ոչ այնքան, որքան զբոսաշրջիկներին։

Մեր եկամուտը նվազել է մոտ 70 տոկոսով, բայց մենք խանութը դեռ պահում ենք, թեկուզ ֆինանսական խնդիրներ լինեն, ցանկանում ենք պահել։ Հույս ունենք, որ մոտակա ժամանակներում կշտկվի վիճակը»,-ասաց Սյուզաննա Վարդանյանը։

Նա նաև նշեց, որ նորաբաց տուրիստական ընկերություն էին հիմնել, ցանկություն ունեին հնարավորություն տալ գյումրեցիներին մատչելի գներով արտերկիր գնալ հանգստի, սակայն բացելուն պես փակել են։

«Վաճառված տոմսեր ունեինք, ստիպված եղանք գումարը վերադարձնել»,-ասաց մեր զրուցակիցը։

Այս փողոցում գտնվող շքեղ ռեստորաններից մեկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ համավարակի պայմաններում բնականաբար գործարարների վիճակը զգալիորեն վատացել է։

«Վիճակը, բնականաբար, անկայուն է, բայց չենք ուզում հաճախորդները հուսախաբ լինեն, աշխատում ենք։ Այն մարդիկ, ովքեր կարող են գալ, ճաշել, ընթրել, հանդիպումներ կազմակերպել, նրանց հնարավորություն ենք տալիս գալու։ Առանց այն էլ Գյումրիում շատ չեն հանրային սննդի օբյեկտները, որոնք այս պայմաններում բաց են ու աշխատում են։ Աշխատում ենք, որպեսզի չմերժենք այն մարդկանց, ովքեր եղել են մեր մշտական հաճախորդները և, ինչու չէ, նաև ներկա պահին Հայաստանի մյուս շրջաններից Գյումրի ժամանող զբոսաշրջիկներին»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեր հարցին՝ մարդկանց մեջ վախ չկա՞ այս պայմաններում ռեստորան հաճախելու, Կարեն Հարությունյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած, այն օրվանից, ինչ սկսել ենք աշխատել, վախը եղել է, բայց առաջին հերթին մենք ենք վախենում մեր անձնակազմի համար, մտածում ենք նրանց առողջության մասին։ Առաջին հեթին պահպանում ենք ներքին հիգիենան, մտածում ենք նաև հաճախորդի առողջության մասին ու ամեն ինչ անում ենք, որ իրեն ապահով զգա։ Պարետի ցուցումներից ավելին մեր մոտ արվում է»։

Մենք հետաքրքրվեցինք, թե աշխատակազմից կրճատումներ արե՞լ են։

«Այսօրվա դրությամբ առանց աշխատակիցների քանակ պակասեցնելու չես կարողանա բիզնես ղեկավարել, աշխատեցնել։ Նորից եմ կրկնում, այսօր բիզնեսը չի աշխատում, բայց պիտի կրճատում անես, որպեսզի կարողանաս փոքր-ինչ աշխատեցնել։ Չկա մի տեղ, որտեղ նման խնդիր չլինի, մենք աշխատողին չենք ասել կրճատված ես, չես գալու աշխատանքի, այլ որոշ ժամանակով դադարեցրել ենք մինչև այս դրության ավարտը, որից հետո կսկսենք բնականոն հունով աշխատել»։

Կարեն Հարությունյանը ներքին զբոսաշրջության մասին էլ կարծիք հայտնեց, թե Գյումրի այցելողները քիչ են։

«Գյումրին հիմնականում ակտիվ է ուրբաթ, շաբաթ օրերին, կիրակի այդքան էլ չէ, կիրակի օրվա երկրորդ կեսին նրանք վերադառնում են իրենց բնակավայրը։ Ինչքան տեղյակ եմ, զբոսաշրջիկների թվաքանակի նվազումը պայմանավորված է նաև հիվանդների թվով, շատերը կան հիվանդ Գյումրիում, այդ իսկ պատճառով մարդիկ չեն ցանկանում գալ Գյումրի»։

Երիտասարդ գործարարը նշում է, որ կառավարությունը երկու անգամ աջակցություն ցուցաբերել է, սակայն դա վերաբերել է աշխատողներին, ըստ նրա, ցանկալի կլինի աջակցել հենց տվյալ բիզնեսին մինչ այս դրության ավարտը։

«Տարբեր աջակցություններ կան աշխատակիցներին, կան նաև վարկային ծրագրեր բիզնեսի համար, բայց և կան սահմանափակումներ։ Ինձ թվում է կարիք կա հենց օբյեկտին՝ տվյալ բիզնեսին այնպիսի աջակցություն ցուցաբերել, որպեսզի բիզնեսմենը կարողանա դրա հետ մեկտեղ ներդրում անի ու բիզնեսը շարունակի։ Շատ դժվար է, երբ բիզնեսը կանգ է առնում որոշ ժամանակ ու սկսում ես աշխատեցնել զրոյից։ Այդ ժամանակ կորուստներն էլ ավելի են շատանում»,-ասում է Կարեն Հարությունյանը։

Ըստ գործարարի, իրենք կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ կորցրել են եկամտի կեսից ավելին։

«Այսօր շատ հանրային սննդի օբյեկտներ ուղղակի փակ են, որովհետև ծախսերն այնքան շատ են, որ մտածում են՝ ավելի լավ է փակեն, քան աշխատեցնեն։ Ներկա պահին ստացվող եկամտով հազիվ հասցնում ես գնումներ անել, աշխատողներին աշխատավարձ տալ, չհաշված կոմունալ ծախսերը։ Այսինքն` ծախսերը գերազանցում են, քան այն եկամուտը, որ ստանում ես ներկա պահին»,-ասում է գործարարը։

Նա նաև նշում է, որ իրենք մերժել են բոլոր տեսակի լայնամասշտաբ միջոցառումները։

«Մեզ առաջարկներ շատ են եղել, թե՛ հեռախոսազանգերով, թե՛ եկել են պատվերներ տալու, մենք մերժել ենք նման միջոցառումները, չնայած իրենք նեղվել են, թե ուրիշ տեղեր անում են, դուք չեք անում։ Այստեղ նույնպես գործում է դիմացինին ու նաև ինքդ քեզ հարգելու չափանիշը, եթե չես հարգում քեզ, ուրեմն դիմացինին էլ չես հարգում, մենք առաջինը մտածում ենք առողջության մասին։

Եղել են միջոցառումներ, որտեղ 15 հոգի են մասնակցել, բայց յուրաքանչյուր սեղանի նստած են եղել 5 հոգի, իսկ սեղանները միմյանցից երկու մետր հեռավորության վրա են դրված, ընթացքում չի հնչել երաժշտություն, որպեսզի չպարեն, շփվեն, ուղղակի նստել, ճաշել են։ Ասեմ, որ ստուգումներն էլ շատ-շատ են, գրեթե 12 անգամ այցելել են մեզ, ուրախ ենք, որ մեզ մոտ ամեն ինչ համապատասխանում է նորմերին»,- ասաց գործարարը։

Լուսանկարները՝ զրուցակիցների ՖԲ էջերից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031