Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունները կարող էին վերածվել լայնամասշտաբ պատերազմի, եւ հիմա էլ չի բացառվում դրա հավանականությունը: Այս մասին ռուսական РБК-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ որքա՞ն է եղել լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը:
Փաշինյանն այդպիսի պատերազմի հավանականությունը չի բացառել, քանի որ, ըստ վարչապետի, կային երկրներ, որոնք բորբոքում էին հակամարտությունը:
«Դա առաջին հերթին Թուրքիան է, որը բորբոքում է հակամարտությունը, դրա համար կան ե՛ւ ընթացիկ հետաքրքրություններ, ե՛ւ պատմական պատճառներ, որովհետեւ Թուրքիան չի հրաժարվել հայերի ցեղասպանության քաղաքականությունից:
Կարդացեք նաև
Թուրքիայի նախագահը ոչ միայն չի ճանաչում հայոց ցեղասպանության փաստը, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին, նա նույնիսկ արդարացնում է ցեղասպանությունը»,-ասել է վարչապետը: Նա հարցազրույցում մեկ այլ գործոն էլ է նշել. «Թուրքիան ունի երազանք՝ վերահսկել Հարավային Կովկասը եւ նրանք վերջին երեսուն տարում, Խորհրդային միության փլուզումից հետո, ամեն օր աշխատում են, որպեսզի իրենց այդ երազանքն ու նպատակը կյանքի կոչեն: Եթե դա իրականություն դառնա, ես կարծում եմ, առաջին հերթին ռուսներին հասկանալի է, թե ինչպիսին են աշխարհաքաղաքական հետագա նպատակները, Թուրքիայի եւ թուրքական գործոնի այդպիսի զարգացումները, եւ նաեւ կարծում եմ՝ արդյունքում այդպիսի զարգացումներն անհնար են»:
Ի՞նչ դերակատարություն ունեցավ Մոսկվան այս հակամարտությունում, ի՞նչ արեց Մոսկվան, լրագրողի այս հարցին ի պատասախան վարչապետն ասաց. «Նախ ես ուզում եմ նշել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայունացման ուղղությամբ կարեւոր դեր խաղացին եւ այստեղ հատկապես ընդգծվում է Ռուսաստանի դերը: Ես կարծում եմ՝ այն գործողությունները, որոնք նախաձեռնեց Կրեմլը, ՌԴ ԱԳՆ-ի , ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներգրավումը առանցքային դերակատարում ունեցան, որպեսզի հիմա լինի կայուն իրավիճակ, Ռուսաստանի դերը բացառապես կառուցողական է: Իհարկե, շատ հայեր հարցեր են տալիս՝ ինչո՞ւ է Թուրքիան միանշանակ սատարում Ադրբեջանին, իսկ ՌԴ-ն, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, այդպես միանշանակ չի սատարում Հայաստանին: Բայց պետք է հասկանալ՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ, Ռուսաստանը առանցքային եւ կարեւոր միջնորդ է, եւ նրա գործողությունները պետք է լինեն այս շրջանակներում»:
Դիտարկմանը՝ այսինքն, դուք չունեք զգացողություն, որ այս անգամ Ռուսաստանը մի կողմ է քաշվել հակամարտությունից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ ոչ. «Բայց գիտեք, Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել այս իրավիճակից, որովհետեւ այստեղ շոշափվում են Ռուսաստանի Դաշնության կենսական կարեւոր շահեր. այդ շահերը միայն Հայաստանինը չեն: Մեր շահերը շատ բաներում համընկնում են, ես չեմ ասի, որ դրանք իդենտիֆիկացված են, ես չեմ կարծում, որ կան երկրներ, որոնց շահերն իդենտիֆիկացված են. բայց մենք ունենք ընդհանուր շատ հետաքրքրություններ, եւ սա հիմք է հետագա ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների զարգացման համար: Այստեղ ոչ միայն տարածաշրջանային անվտանգության հարցն է, այստեղ գլոբալ անվտանգության հարցն է, որովհետեւ այսօր մեր տարածաշրջանում իրավիճակն այն աստիճան լարված է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում էսկալացիան կարող է բերել գլոբալ աղետի, եւ աշխարհում այն արձագանքը, որոնք մենք տեսանք՝ վերջին իրադարձությունների վերաբերյալ, ապացուցում է, որ բոլորն են հասկանում, որ այս տարածաշրջանից կարող է սկսվել գլոբալ հակամարտություն: Եվ կան ուժեր, որոնք հետաքրքրված են այդ գլոբալ հակամարտության մեջ: Եվ եթե մենք նայենք, թե ինչ քաղաքականություն է վարում հիմա Թուրքիան Սիրիայում, Հունաստանի հետ հարաբերություններում, Լիբիայում, Իրաքում, ակնհայտ է, որ Թուրքիան դառնում է գլոբալ սպառնալիք տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար»:
Այդ գլոբալ հակամարտությունում մասնակիցները ո՞ր երկրներն են, այս հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց՝ բոլոր երկրները. «Որովհետեւ այն ինչ տեղի ունեցավ հուլիսի 12-ին ու հետո, դա լոկալ իրավիճակ է, նույնիսկ Հայաստանի համար, զուտ ֆիզիկապես, զուտ ռազմական իմաստով, դա լոկալ էսկալացիա է, բայց այդ լոկալ իրավիճակը ստացավ գլոբալ հրապարակայնություն, որովհետեւ զուտ ռազմական իմաստով, դա լոկալ էսկալացիա է, իսկ զուտ աշխարհաքաղաքական իմաստով, դա գլոբալ իրավիճակ է, եւ դա բոլորն են հասկանում, առաջին հերթին դա հասկանում է Ռուսաստանը, որովհետեւ այս տարածաշրջանը Ռուսաստանի համար շատ զգայուն է: Մյուս գլոբալ խաղացողները եւս դա զգացին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ