Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ այս ճգնաժամային իրավիճակում բանկերի տոկոսադրույքները չեն իջել. մեկնաբանում է ԿԲ նախագահը

Հուլիս 28,2020 17:51

Հարցին՝ բանկային համակարգն այս համավարակի ընթացքում ի՞նչ մարտահրավերների առաջ կանգնեց եւ կանխատեսվող ցուցանիշներն ի՞նչ փոփոխության ենթարկվեցին, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանեց. «Տնտեսության զարգացման տեսանկյունից, գնաճային մեր վերջին հաշվետվության մեջ կանխատեսումը -4 տոկոս էր եւ այս թիվը չի փոխվել: Այնուամենայնիվ, ֆինանսական համակարգի տեսանկյունից մարտահրավերները բազում են՝ սկսած իրենց աշխատակիցների առողջական խնդիրներից, որոնք ամենօրյա ռեժիմով առաջնագծում աշխատում են հաճախորդների հետ»:

ԿԲ նախագահն այսօր լրագրողների հարցերին պատասխանեց Կենտրոնական բանկում հրավիրած ասուլիսում:

Նրա խոսքով, բանկերում բազում դեպքեր են եղել, որ անմիջապես հաճախորդների հետ աշխատող աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով եւ բանկերը ստիպված են եղել փակել այն մասնաճյուղերը, որտեղ այդ համաճարակը դրսեւորումներ էր ցուցաբերում: Ըստ նրա, համավարակով պայմանավորված, կան նաեւ ֆինասական խնդիրներ. «Բանկային համակարգն առաջիններից էր, որ ձեռք մեկնեց մասնավոր հատվածին եւ երեք ամիս ժամանակահատվածով հետաձգեց կամ վերանայեց բոլոր վարկային վճարումները»:

Հարցին՝ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման ռիսկ տեսնո՞ւմ է, պարոն Գալստյանը պատասխանեց՝ ես դա ռիսկ չէի համարի, դա մի իրողություն է, որը ձեւավորվում է շուկայում՝ առաջարկի, պահանջարկի փոխազդեցության ներքո. «Ձեր նշած փոխարժեքը հայկական դրամի գինն է՝ այլ արժույթների նկատմամբ: Ոչ մի բան չեմ ուզում բացառել՝ ո՛չ արժեզրկում ո՛չ արժեւորում, որովհետեւ շուկայական ուժերը դա կորոշեն, բայց, ըստ էության, մեր կանխատեսումը խոսում է նրա մասին, որ տնտեսական անկման մեր կանխատեսումը -4 տոկոս է այս պահի դրությամբ, բայց, միեւնույն ժամանակ մի հետաքրքիր բան ենք արձանագրել՝ արդյունաբերության անկման տեմպերը, որը մեր կանխատեսմամբ պիտի լինեին ավելի շատ, ավելի թույլ են»: Ինչը, ըստ ԿԲ նախագահի, պայմանավորված է արտահանման եւ հանքահումքային արդյունաբերության թվերով:

Մարտին Գալստյանն ասաց, որ ի զարմանս իրենց, հունիս ամսին տրանսֆերտներն էլ իրենց կանխատեսածից բարձր են եղել, անգամ՝ նախորդ տարվա հունիսից էլ փոքր-ինչ ավելի. «Տնտեսական այն ծանր իրավիճակը, որը որ ունեցանք ապրիլ ամսին, որոշակիորեն դրական առումով փոխվեց մայիսին ու հունիսին: Սպասենք՝ տեսնենք հունիսի թվերն ինչ կլինեն»:

ԿԲ նախագահից նաեւ հետաքրքրվեցին՝ նրան չի՞ մտահոգում, որ այս ճգնաժամային իրավիճակում բանկերի տոկոսադրույքները չեն իջել:
Նա ի պատասխան ասաց. «Ստեղծված անորոշ իրավիճակում, երբ ոչ ոք չգիտի՝ ինչ կլինեն առողջապահական զարգացումների հետեւանքները, ինչ տնտեսությունում մենք կհայտնվենք երրորդ եռամսյակում կամ տարեվերջին, բանկերը, որպես ավելի կոնսերվատիվ բիզնեսի ներկայացուցիչներ, կարծում եմ, իրենց վարքագծում դա են դրսեւորում, այլ ոչ թե ինչ-որ կարտելային պայմանավորվածություններ: Բացի այդ, տոկոսադրույքի այն նվազեցումը, որը մենք իրականացրել ենք այս տարվա ընթացքում՝ մեկ տոկոսային կետով, մեր գնահատմամբ, դա եւս նպաստել է, որ, առնվազն, տոկոսադրույքները չաճեն այն մակարդակի, որը որ կարող էին աճել, եթե մենք այդ գործողությունները չիրականացնեինք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031