«Պահանջատեր դիմորդ» շարժման անդամները վաղվանից դատական հայցեր են ներկայացնելու ԿԳՄՍ նախարարության եւ ԳԹԿ-ի դեմ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Պահանջատեր դիմորդ» շարժման անդամ, դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը:
Նշենք, որ բուհական ընդունելության քննություններին մասնակցած եւ առաջին հայտով նախընտրելի ֆակուլտետ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր եւս ցույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք պահանջում են, որ երկրորդ հայտով լրացրած ֆակուլտետներում իրենց տեղեր հատկացնեն, մինչդեռ կառավարության սահմանած՝ ընդունելության քննությունների նոր կարգի համաձայն առաջնահերթությունը տրվում է դիմորդի լրացրած առաջին հայտին:
«Ուզում ենք հնարավորինս շուտ հարցին լուծում տանք: Հավատացեք, չենք ուզում երեխաների հետ գանք արեւի տակ այսքան կանգնենք: Բոլորն էլ հասկանում են, որ կարելի է արագ լուծում տալ՝ ավելացնել տեղեր, ընդունել միավորներին համապատասխան դիմորդներին, իսկ կիսամյակի վերջում քննություններ կազմակերպել: Ով չի հանձնի, դուրս կմնա»,-լրագրողներին ասաց Մասիս Բաբալյանը:
Կարդացեք նաև
Դառնալով հայտին՝ նա համոզմունք հայտնեց, որ ԿԳՄՍ-ի եւ ԳԹԿ-ի կողմից խախտումները շատ են. «Ուստի պետք է հստակեցնենք հայցի կետերը: Մեր հայցերը վերաբերելու են այն դիմորդներին, որոնք բարձր գնահատական են ստացել, սակայն չեն ընդունվել, կամ էլ ընդունվել են վերջին հայտով լրացրած ֆակուլտետ: Հայցում նշվելու է նաեւ, որ դիմորդները բավարար տեղեկացված չեն եղել ընդունելության նոր կարգի մասին: Եթե կառավարությունը նոր որոշում է ընդունում, հին որոշումը պետք է չեղարկի, ինչը չի արել»:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք վաղը շարունակվելո՞ւ են ցույցերը, Բաբալյանն ասաց, որ այս պահին դեռ հստակ չէ, որովհետեւ հանդիպումներ են ցանկանում ունենալ խորհրդարանական խմբակցությունների հետ եւ այդ նպատակով դիմել են վերջիններիս:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ