Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսության վրա էական գնաճային ազդեցություն չի լինի. ԿԲ նորանշանակ նախագահ

Հուլիս 28,2020 17:00

«2020 թ. հուլիսի 28-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 4.5%»,-այսօր Կենտրոնական բանկում հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով. «2020 թ. հունիսին արձանագրվել է 1.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.9% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 1.7%: Միեւնույն ժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է նախորդ ամսվա` 0.8% մակարդակում։ Երկրորդ եռամսյակում արտաքին հատվածում արձանագրվել է համաշխարհային տնտեսության և արտաքին պահանջարկի էական թուլացում, ինչը համահունչ է եղել դրամավարկային քաղաքականության ծրագրով կանխատեսվող զարգացումներին։ Եռամսյակի վերջում, սակայն, հիմնական ապրանքահումքային շուկաներում գները ձեւավորվել են սպասվածից փոքր-ինչ բարձր մակարդակում: Միաժամանակ, թե՛ զարգացած և թե՛ զարգացող երկրները շարունակել են իրականացնել խթանող դրամավարկային եւ զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականություն»:

Ըստ ԿԲ նորանշանակ ղեկավարի, ինչպես որ ակնկալվում էր, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա էական գնաճային ազդեցություն չի լինի. «Երկրորդ եռամսյակում համավարակի հետեւանքով ՀՀ տնտեսական ակտիվության եւ ներքին պահանջարկի նվազումը գտնվել է ԿԲ կանխատեսումների շրջանակներում։ Թողարկման նվազումը հիմնականում արտահայտվել է շինարարության եւ ծառայությունների ճյուղերում, մինչդեռ արդյունաբերության ճյուղում նվազումը սպասվածից ավելի դանդաղ է եղել: Համավարակի հաղթահարման ժամկետների հետ կապված առկա մեծ անորոշություններով պայմանավորված՝ գնահատվում է, որ առաջիկայում ներքին պահանջարկը դեռեւս կմնա թույլ, թեեւ դրամական փոխանցումների՝ սպասվածից էականորեն քիչ նվազումը կունենա որոշակի դրական նպաստում»։

Պարոն Գալստյանի խոսքով, վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը, մասնավորապես՝ շահութահարկի մասով օրենսդրական վերջին փոփոխությունները, կունենան դրական նպաստում թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի վրա. «Հաշվի առնելով, որ փաստացի զարգացումները մոտ են եղել երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի կանխատեսումներին` ԿԲ խորհուրդը գտնում է, որ դրամավարկային ներկա պայմանները բավարար խթանող են։ Միաժամանակ խորհուրդը գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաեւ միջնաժամկետ հատվածում, ինչը հնարավորություն կտա գնաճն աստիճանաբար ավելացնել եւ կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ կանխատեսվող հորիզոնի վերջում»:

Ներկայացնելով ԿԲ խորհրդի գնահատականները, Մարտին Գալստյանն ասաց, որ ծրագրված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերն առավելապես ներքեւի ուղղությամբ են՝ պայմանավորված պահանջարկի վերականգնման հնարավոր դանդաղմամբ եւ անորոշության հավանական պահպանմամբ. «Նման ռիսկերի դրսեւորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031