Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես աշխատավարձի գումարներ անհիմն դուրս է գրվել 9.340.946 դրամ. ԱԱԾ-ն դատական դեպարտամենտի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր է բացահայտել

Հուլիս 28,2020 16:56

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցության առ այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դատարանների (այսուհետ՝ Դատարան) բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Դեպարտամենտի կազմում ստեղծված ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնատար անձը՝ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, Սնանկության դատարանի նստավայրում, մեկ միասնական դիտավորությամբ, 2018-2020 թթ. ընթացքում շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի շարք քաղաքացիների հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի տարբեր հաստիքներում և հաստատապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել աշխատակիցներ թվով 5 քաղաքացիների աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետական բյուջեից չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձի գումարներ անհիմն դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ 9.340.946 ՀՀ դրամ, որն էլ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով Բարձրագույն դատական խորհրդին նախապես իրազեկելուց հետո քննչական գործողություններ են կատարվել ինչպես Սնանկության դատարանի վարչական շենքում, այնպես էլ՝ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի փաստացի բնակության վայրում, որի ընթացքում  հայտնաբերվել և առգրավվել են տարբեր անձանց անուններով ձևակերպված աշխատավարձի վճարային քարտեր, արտարժույթով առկա գումարներ, արտարժույթով գումարներ տրամադրելու վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, ինչպես նաև քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութեր:

2020 թ. հուլիսի 27-ին հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը, ով հարցաքննվել է կասկածյալի դատավարական կարգավիճակում և տվել խոստովանական ցուցմունքներ՝ ամբողջությամբ հատուցելով նաև պետությանը պատճառված վնասը:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ և Ծառայությունը ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում՝ հատկապես հանրային միջոցների հափշտակության վերաբերյալ դեպքերով, և հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԱԱԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031