Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գեւորգյանի աշխատավարձի հաշիվների վրա արգելանք է դրվել. պաշտպանը միջնորդեց հանել նրա ու իր հարազատների ունեցվածքի վրա դրված կալանքը

Հուլիս 28,2020 16:48

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը Գեւորգյանի գույքի վրայի կալանքը հանի:

Դատավորը հարցրեց, թե այս պահին փաստացի ո՞ր գույքի վրա է կալանք: Պաշտպանը պատասխանեց, որ Արմեն Գեւորգյանի հաշիվների վրա է արգելանք դրված, որը օրինական ստացած վարձատրություն է, իր աշխատավարձը ու չի կարողանում օգտվել դրանից ու արգելանք է դրվել Արմեն Գեւորգյանին պատկանող մեկ անշարժ գույքի վրա, որը գտնվում է Կոտայքի մարզում:

Պաշտպանը նաեւ ասաց, որ արգելանք է դրվել Արմեն Գեւորգյանի մերձավոր հարազատների ունեցվածքի վրա, որոնք ընդհանրապես կապ չունեն այս քրեական գործի հետ:

Դատավորը հետաքրքրվեց, թե կոնկրետ ո՞ր բանկային հաշվի կալանքի մասին է խոսքը, ինչքա՞ն գումար կա հաշվին, Արմեն Գեւորգյանը չկարողացավ պատասխանել: Իսկ թե Գեւորգյանի ո՞ր հարազատների ու ի՞նչ գույքի վրա է արգելանք դրվել, պաշտպանը պատասխանեց. «Կարեն Գեւորգյանի եւ Անդրանիկ Գեւորգյանի՝ Հյուսիսային պողոտա 3 հասցեում գտնվող 40 եւ 41-րդ բնակարանների վրա»:

Դատախազ Պետրոսյանն ասաց, որ գույքի վրա արգելանք դնելու նպատակներն են գույքի հնարավոր բռնագրավումը՝ որպես պատիժ եւ դատական ծախսերի ապահովումը. «Մենք գործ ունենք 3 մլն ԱՄՆ դոլար գումարի հետ՝ ըստ մեղադրանքի, դրա հնարավոր չափով բռնագրավման հետ եւ որի ապահովման համար էլ գույքի վրա դրված կալանքը պետք է պահպանվի»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն էլ Քոչարյանի գույքի եւ ունեցվածքի վրա կալանքի հարցով միջնորդություն ներկայացրեցին: Միջնորդության վերաբերյալ որոշումը կլինի հաջորդ դատական նիստին, քանի որ պաշտպանական կողմից պահանջվեցին հիմնավորումներ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031