Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հզոր բանակի միֆը պայթեց». Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել РБК-ին

Հուլիս 28,2020 16:40

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК-ին ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ:

Լրագրողի հարցին՝ ի՞նչ իրավիճակ է հիմա հայ-ադրբեջանական սահմանին, վարչապետը պատասխանել է՝ հայ-ադրբեջանական շփման գծում եւ Լեռնային Ղարաբաղին սահմանակից շփման գծում իրավիճակը կարելի է գնահատել համեմատաբար կայուն. «Ցավոք, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը, բայց կրակոցների ամենօրյա մակարդակը փաստորեն նորմ է վերջին տաս տարիներին»:

Լրագրողը հետաքրքրվեց՝ հուլիսի 12-ին այն, ինչ տեղի է ունեցել, կարո՞ղ ենք արդեն եզրակացություններ անել, թե ում էր ձեռնտու իրավիճակը սրել եւ ի՞նչ նպատակ ուներ:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել է՝ պետք է հղում անել փաստերին, որովհետեւ երկար տարիների ընթացքում եւ վերջին ամիսների ընթացքում, եւ նույնիսկ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի ղեկավարի ռազմական հռետորաբանությունն աճում էր, եւ այդ կրակոցներից մեկ շաբաթ առաջ շատ կոշտ հայտարարություն էր արել, որով փաստորեն սպառնացել է, որ դուրս է գալու բանակցային գործընթացից. «Նա ասել է՝ հիմա միջազգային հարաբերություններում առաջնային դերը ուժայինն է: Այսինքն՝ ուժային արտաքին քաղաքականությունը միակ ճանապարհն է խնդիրների լուծման, այդ թվում նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի:

Կա մեկ այլ նրբություն՝ ինչո՞ւ հարձակվեցին հայկական ուղղությամբ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի. Կոնկրետ ռազմական գործողություններից քանի օր առաջ եւ նաեւ երկար ժամանակ Ադրբեջանի ղեկավարն իր ժողովրդին խոստանում էր, որ կլուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը զինված հարձակման ճանապարհով: Խնդիրն այն է, որ վերջին տաս տարիներին Ադրբեջանի կառավարությունը մի քանի միլիարդ դոլար է ծախսել սպառազինության վրա՝ պատճառաբանելով զինված ուժերի զարգացմամբ: Եվ քանի որ նման հռետորաբանությունը երկար տարիների ընթացքում է, ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի նախագահը ստիպված է իր ժողովրդին բացատրել՝ ինչո՞ւ այն գումարները, որոնք չեն ծախսել Ադրբեջանի քաղաքացիների բարեկեցության համար, պատճառաբանում է, որ դա պետք է, որպեսզի ուժի միջոցով լուծեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը, եւ ինչու դա տեղի չի ունենում: Նա ասել է՝ մենք հիմա չենք կարող հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա, որովհետեւ նրանց զինված ուժերը տեսավերահսկողական համակարգ են տեղադրել շփման գծի երկայնքով եւ Ադրբեջանի բանակի ցանկացած տեղաշարժում կտեսնեն Ղարաբաղում:

Կա երկրորդ գործոնը՝ շփման գծի հարեւանությամբ կան ադրբեջանական շատ բնակավայրեր, հիմա շատ դժվար է ԼՂՀ-ի ուղղությամբ հարձակվելը: Այսինքն՝ նրանք հարձակվել են այնտեղ, որտեղ օրինակ՝ սահմանն այնքան էլ հագեցած չէ տեսավերահսկողական համակարգերով, եւ ի դեպ, այդ ուղղությամբ կա ադրբեջանական մեկ գյուղ, որը շատ ուշագրավ փաստ է, իսկ հայկական կողմում շատ-շատ են բնակավայրերը: Ես այսպես եմ մեկնաբանում, թե  ինչու այդ ուղղությամբ էր հարձակումը եւ սա է իմ բացատրությունը կոնկրետ դեպքին»:

Նիկոլ Փաշինյանն ասել է՝ տաս տարուց ավելին է՝ Ադրբեջանի նախագահը զարգացնում է ռազմական հռետորաբանությունը, իբրեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը իրենք պատրաստվում են լուծել ուժային ճանապարհով. «Ես մի քանի անգամ ե՛ւ հանրային, ե՛ւ գործնական միջավայրում Ադրբեջանի ղեկավարին խորհուրդ եմ տվել մեզ հետ չխոսել սպառնալիքի լեզվով, որովհետեւ դա որեւէ արդյունքի չի բերի եւ ինքը միշտ պնդում էր եւ իր քաղաքական գիծն այն է, թե Ադրբեջանի բանակը հզոր է, թե իբր երբ պետք լինի՝ 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի բանակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կլուծի: Նրանք այսպիսի միֆ են ստեղծել 15 տարիների ընթացքում: Եվ ինչո՞ւ են նյարդային արձագանքում այս վերջին իրադարձություններին, որովհետեւ այդ միֆն ամբողջությամբ պայթեց: Ինչո՞ւ պայթեց, որովհետեւ հայկական զինված ուժերն այնպիսի հակահարված հասցրեցին, որ ոչ ոք չէր սպասում, շատերը չէին սպասում, նույնիսկ Հայաստանում շատերը չէին սպասում: Եվ պարզվեց, որ այն բարեփոխումները՝ ՀՀ-ում ընդհանրապես, եւ բանակում, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում վերջին երկու տարում, դրանք շատ արդյունավետ էին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031