ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ երեկ հրապարակած 2020 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1,7 տոկոսի աճ, տարեսկզբից եւ առաջին հինգ ամիսների ընթացքում շինարարությունը մեծ անկում է արձանագրել՝ 23,4 տոկոս ցուցանիշ ամրագրելով: Նման ճգնաժամի պայմաններում, ըստ ՀՀԿ ԳՄ անդամ, տնտեսագետ Գագիկ Մինասյանի, ոլորտի անկումը բնական է:
Առաջին հինգ ամիսների կտրվածքով, Հայաստանում անկում է արձանագրել նաեւ առեւտուրը՝ 10,8 տոկոսով, ինչը բանախոսը ծանր եւ վտանգավոր ցուցանիշ է համարում, մանավանդ հասարակության՝ ավելի նվազ ապահովված անդամների համար, որոնք գործունեություն են ծավալում ՓՄՁ այն ոլորտներում, որտեղ արդեն տեւական ժամանակ գործազրկություն է՝ պայմանավորված ճգնաժամային իրավիճակով:
Ի դեպ, վեցերորդ ամսում անկումն ավելի է խորացել՝ հատելով 11 տոկոսի սահմանը: Անկում է գրանցվել նաեւ ծառայությունների ոլորտում՝ 6,4 տոկոս՝ կիսամյակի կտրվածքով, ինչը տնտեսագետը նույնպես վտանգավոր միտում է որակում, քանի որ ծառայությունների մեջ են մտնում նաեւ կոմունալ վճարները, որոնց վճարումները քաղաքացիները չեն կարող չանել: Հետաքրքիր է, որ առցանց կազինոների եւ բուքմեյքերական ընկերությունների գործերն են լավացել, ինչը ըստ տնտեսագետի, վկայում է նման գործունեություն ծավալողների գովազդը եւ նկատում, որ այդ ոլորտը, համենայնդեպս, բարիք բերող ոլորտ չէ եւ առավել կործանիչ ազդեցություն է ունենում հասարակության վրա:
Տնտեսագետի դիտարկմամբ, իրավիճակը կարող էին փրկել հարկային արձակուրդները, ապրանքների ներմուծման սահմանափակումները եւ ներքին արտադրողներին խրախուսելը, գյուղատնտեսական արտադրանքի հովանավորումը պետության կողմից, ինչի մասին ինքը արդեն 3-4 ամիս է խոսում է, բայց պատկան ատյանները համառորեն ուշադրություն չեն դարձնում դրան:
Կարդացեք նաև
«Գյուղատնտեսության ոլորտի հիմնական խնդիրն այն է, որ գյուղացին ապրանքը ստանում է շուրջ կես տարի հողի հետ կռիվ տալուց հետո։ Հետևաբար նա պետք է վստահ լինի, որ երբ գյուղատնտեսական ապրանքը ստանա, ինքը չի կանգնելու մեծ խնդիրների առջև և պետությունը պետք է լինի այն հովանավորը, որը կապահովի ապրանքի իրացումը բոլոր պայմաններում։ Ծիրանի «պատերազմական» իրավիճակը, որը ստեղծվեց Մոսկվայում, ուղղակի իմ ասածի պարզ ապացույցն էր, որ իսկապես պետությունն ուղղակի մի կողմ էր քաշվել այդ գյուղատնտեսական ապրանքի իրացման հետ կապված խնդիրներից։ Հայաստանի պետական կառույցների դերն իրենց վրա էին վերցրել մեր համայնքի ներկայացուցիչները Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում։ Նախորդ ճգնաժամի ժամանակ մեր պետությունը ՌԴ կենտրոնական իշխանությունների հետ կատարել էր լրջագույն աշխատանք, որն ապահովեց մեր գյուղատնտեսական ապրանքների իրացումը գյուղատնտեսական շուկայում»,- ասաց Գագիկ Մինասյանը։
Ավելի ամբողջական պատկերի համար, Գագիկ Մինասյանը ներկայացրեց նաեւ հարկերի հավաքագրման տոկոսները. 2020-ի առաջին կիսամյակի հարկային եկամուտները թերակատարվել են 90 մլրդ դրամով: Այս թիվը բանախոսը չափազանց մեծ է համարում, քանզի այն կազմում է մեր եկամուտների 16,7 տոկոսը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ