Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը թույլ տա Խաչատուրովին գնալ իր ծննդավայր՝ Վրաստան, իր ծնողները, եղբայրը հուղարկավորված են այնտեղ:
Պաշտպանն ասաց, որ Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է գրավը՝ որպես խափանման միջոց ու այս ընթացքում նա չի լքել ՀՀ սահմանը: Միհրան Պողոսյանը խնդրեց դատարանին թույլ տալ դատական նիստերի միջակայքում երկու օրով լքել Հայաստանը. «Իր հեռախոսը, իմ հեռախոսահամարն էլ ակտիվ է լինելու, կարող ենք մի քանի ժամվա ընթացքում ապահովել իր ներկայությունը դատարան»:
Դատավորը հարցրեց՝ տեղեկություններ ունե՞ք Վրաստանում կորոնավիրուսի մեկուսացման հետ կապված ինչ կանոններ են գործում, այսինքն, կարող է երկու օրով գնա, բայց 14 օրով մեկուսացվի: Պաշտպանը պատասխանեց, որ օգոստոսի 1-ին սահմանափակումները, պարտադիր մեկուսացման կանոնը հանվում է, բայց նախապես կճշտեն՝ եթե ինքնամեկուսացման կանոնը եղավ՝ չեն մեկնի. «Յուրի Խաչատուրովի՝ ՀՀ-ում չլինելու պատճառով որեւէ դատական նիստ չի հետաձգվի»:
Դատավոր Աննա Դանիբեկյանը ռիսկ տեսավ չներկայանալու, որը կարող է պայմանավորված լինել ոչ միայն վարույթն իրականացնող մարմնից թաքնվելով, այլեւ օբյեկտիվ պատճառներով, որոնք կարող են խոչընդոտել չներկայանալ դատարան: Բացի այդ, դատարանը գտնում է, որ հրատապ անհետաձգելի հարց չեն մատնանշում, որի համար անհրաժեշտ է հատել սահմանը, ուստի այս պահին նպատակահարմար չգտավ թույլատրել Յուրի Խաչատուրովին լքել Հայաստանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ