Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվս երեք տարով կերկարացվեն սահմանապահ բնակավայրերի բնակիչներին տրվող մի շարք արտոնություններ». Սիսակ Գաբրիելյանը՝ առաջարկված օրինագծի մասին

Հուլիս 28,2020 14:48

«Առաջարկում ենք ևս երեք տարով երկարացնել սահմանապահ բնակավայրերի բնակիչներին տրվող մի շարք արտոնություններ»,- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Սիփան Փաշինյանը շրջանառության մեջ են դրել սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցության օրինագիծ, որով առաջարկում են ևս 3 տարով երկարացնել սահմանապահ համայնքներին գործող օրենքով տրվող մի շարք արտոնություններ:

Այս առիթով պատգամավորը մանրամասնեց. «Տարիներ առաջ ընդունվել է Սահմանապահ համայնքների սոցիալական աջակցության օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվում սահմանապահ բնակավայրերի բնակիչներին պետության կողմից ստանալ որոշակի աջակցություն՝ հաշվի առնելով, որ այս բնակավայրերում, ցավոք, ամեն օր մարդիկ վտանգում են իրենց գույքն ու առողջությունը՝ կապված հակառակորդի վայրագությունների դրսևորման հետ»:

Նա պարզաբանեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկում իր գործընկեր Սիփան Փաշինյանի հետ. «Առաջարկում ենք ևս երեք տարով երկարացնել մի շարք արտոնություններ: Ցանկանում ենք, որ առաջիկա երեք տարիներին ևս պետությունը 36 բնակավայրերի համար հիսուն տոկոսի չափով փոխհատուցի սպառված էլեկտրաէներգիան, բնական գազը, ոռոգման ջուրը: Կան որոշ սահմանափակումներ, որոնք նշում է կառավարությունը, փոխհատուցումը կգործի սահմանապահ համայնքների բնակիչների համար մինչև 1450 կ/վ սպառման էլեկտրաէներգիայի, 360 խ/մ գազի դեպքում, իսկ ոռոգման ջրի մասով սահմանափակում չկա: Անկախ օգտագործման ծավալից՝ պետությունը մինչև 2024-ի հունվարի 1-ը կվճարի կոմունալ ծախսերի հիսուն տոկոսը»:

Սիսակ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ հաջորդ փոփոխությունը նախատեսվում է դպրոցական դասագրքերի մասով: Նա պարզաբանեց. «Տարրական դասարաններում ամբողջ ՀՀ-ում դասագրքերը տրամադրվում են անվճար: Մենք սահմանապահ բնակավայրերի աշակերտների համար կառավարության կողմից չափանիշների հիման վրա նախատեսում ենք տրամադրել կամ հիսուն տոկոս մասնակի փոխհատուցմամբ կամ անվճար դասագրքեր՝ կախված չափանիշներից. երկու և ավելի աշակերտ ունենալու դեպքում և այլ չափանիշների համապատասխանության դեպքերում: Նախատեսում ենք , որ դասագրքերը սահմանապահ համայնքների մինչև 12-րդ դասարանների աշակերտների համար կտրամադրվեն անվճար»:

Պատգամավորը հայտնեց, որ Տավուշում հակառակորդի հարձակումներից տուժած տների վերակառուցման աշխատանքները սկսվել են, որոշ դեպքերում նաև ավարտվել: Անդրադառնալով այս առիթով փոփոխություններին՝ Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Խոսքը վնասված տների մասին է, հակառակորդի վայրագություններից տուժած գույքին է վերաբերում: Մենք բնակչի գույքը օրենքի ուժով ենք ամրագրում: Նոր նախագծով նախատեսում ենք, որ Ադրբեջանի կողմից հրետակոծման հետևանքով վնասված տները, երբ վնասը չի հանգեցրել գույքի կորստի, փորձում ենք երաշխավորել մեր սահմանապահ բնակչի համար, որ վնասի դեպքում պետությունն ամբողջ կվերականգնի այդ օթևանները: Իսկ կորստի դեպքում մեկ ամսվա ընթացքում պետությունը պարտավոր է այլ համարժեք բնակելի տնով ապահովել»:

Պատգամավորի հավաստմամբ՝ հաշվի են առել նաև սահմանապահ համայնքի բնակիչների առաջարկությունները: Սիսակ Գաբրիելյանը մանրամասնեց. «Ոչ շատ հազվադեպ, լինում են դեպքեր, երբ հակառակորդի կրակոցից սպանվում են գյուղացիների մթերատու կամ գյուղատնտեսական այլ կենդանիներ: Գյուղացիների խնդրանքն էր, որ այս մասով ևս լինի ապահովագրություն: Ամրագրել ենք, որ եթե ռազմական կամ ահաբեկչական գործողությունների պատճառով կվնասվեն մեր սիրելի գյուղացիների այս կենդանիները, ապա պետությունը նույնպես այս դեպքում կտրամադրի փոխհատուցում: Ինչպես նաև մինչև 2024 -ի հունվարի 1-ը շուրջ 36 բնակավայրերի բնակիչներ կազատվեն հողի և գույքի հարկից ամբողջությամբ: Եթե հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների ընթացքում, Աստված չանի, մեր սահմանապահ բնակիչներից որևէ մեկը կվիրավորվի, որի հետևանքով ձեռք կբերի հաշմանդամության կարգ, ապա նրա բուժօգնությունը կլինի անվճար՝ կախված հաշմանդամության կարգից: Պետության կողմից այս բնակիչը կստանա 1-3 միլիոն դրամ գումար՝ կախված հաշմանդամության կարգից: Եթե կունենանք զոհ, ապա ընտանիքին կտրամադրվի միանվագ հինգ միլիոն դրամ գումար, ինչպես նաև պետությունը գործող օրենքի համաձայն՝ փոխհատուցելու է թաղման և գերեզմանի հետ կապված բոլոր ծախսերը»:

Հարցին՝ այս փոխհատուցումները տարեկան մոտավորապես ի՞նչ գումար են կազմում, պատգամավորը պատասխանեց՝ տարեկան մոտավորապես 1-2 միլիոն դոլար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031