Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Կարապետյան. Շատ տեղին և բնական էին քննադատություններն ու դիտողությունները. դպրոցահասակ ընթերցողների նախընտրած գրքերի ու հեղինակների ուսումնասիրություն արված չէ

Հուլիս 28,2020 14:44

7-12-րդ դասարաններում հայ գրականության դասագրքերի և հավելյալ ընթերցանության նյութերում ներկայացված շատ հեղինակներ, առավել ևս շատ ստեղծագործություններ, որոնք առանձին վերցրած թեպետ կարող են արժեքավոր լինել, սակայն դպրոցական տարիքի երեխաների աշխարհայացքի և արժեհամակարգի ձևավորման տեսանկյունից, մեղմ ասած, խոցելի են: Նման կարծիք ունի «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը՝ ԿԳՄՍՆ-ի կողմից 7-12-րդ դասարաններում հայ գրականության դասագրքերի և հավելյալ ընթերցանության նյութերի կազմման հանձնախմբի ներկայացրած չափորոշիչների վերաբերյալ։

«Շատ առողջ և բնական եմ համարում, որ հասարակության տարբեր մտահոգ խմբերում և անհատների, մասնագետների կողմից արձագանք եղավ, նաև շատ տեղին և բնական էին քննադատություններն ու դիտողությունները: Եթե հանձնախումբը նախագիծը դրել է քննարկման, ապա պետք է նաև պատրաստ լինի քննադատությունների: Բայց, սկսենք նրանից, որ հայ գրականության Ոսկեդարն ու Միջնադարը հանված էր, ինչն անընդունելի է ամեն պարագայում, և միայն բուռն քննադատությունների արդյունքում ինչ-որ պարզաբանումներ տրվեցին և որոշակիորեն վերականգնեցին մեր գրականության հիմք ու կարևորագույն ժամանակաշրջաններին վերաբերող նյութերը: Թեպետ այստեղ էլ վերապահումներ կան: Պետք չէ սևագիր անել ու դնել հանրության առաջ, իսկ հետո արդարացումներ փնտրել»,-նշում է Մկրտիչ Կարապետյանը։

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահը ունի նաև նկատառումներ հրատարակչության լույսընծայած գրքերի և հեղինակների մասով:

«Հարցը նրանում չէ, թե որ մի հրատարակչությունն է կոնկրետ հեղինակին կամ ստեղծագործությունը հրատարակել։ Ես չեմ ուզում հավատալ, որ ուղղորդված միտում կա այս ամենում, բայց ակնհայտորեն մեր հեղինակները անհասկանալի վերապահումներով ընդգրկված չեն որևէ ցանկում: Տեսեք, դպրոցահասակ ընթերցողների նախընտրած գրքերի ու հեղինակների ուսումնասիրություն արված չէ. այդ կարծիքն է ստեղծվում ցանկերը կարդալիս: Եթե ցանկում ներառվում են գրքեր ու հեղինակներ, որոնց միայն հանձնաժողովի կազմից որոշներին են հայտնի, արդեն իսկ անընդունելի է: Ավելի կոնկրետ. Ռեմարկից, Էքզյուպերիից և Ջոն Գրինից, որը դպրոցահասակների մասին պատմող գրքերի աշխարհում ամենաընթերցվող ժամանակակից հեղինակն է, ոչ մի ստեղծագործություն ներառված չէ, ի դեպ նշեմ, որ այս երեք հեղինակներն ամենաընթերցվողներից են նաև հայ  դպրոցահասակների կողմից: Ինքներդ կարող եք համոզվել՝ ճշտելով գրադարաններից և անգամ աշակերտներից»,-նշում է նա։

Մկրտիչ Կարապետյանն առանձնահատուկ շեշտում է՝ Ռեմարկն ու Էքզյուպերին համապատասխանում են դպրոցահասակներին: «Կարծում եմ, նույնիսկ ավելորդ է այդ հարցին անդրադառնալը. պարզից էլ պարզ է: Իսկ եթե հարց է դրված, որ աշակերտը պետք է դետեկտիվ ժանրի գրականության հետ ծանոթանա, ապա ինչպես է ստացվում, որ ցանկում շեշտված է Քոնան Դոյլի՝ Շերլոք Հոլմսին վերաբերող ընդամենը մի պատմվածք՝ «Վեց Նապոլեոնների առեղծվածը»: Ի՞նչ է, հանձնաժողովը տեղյակ չէ՞, որ մեր հրատարակչությունը հրատարակել է Շերլոք Հոլմսի մասին պատմող գրքերի լիակատար ժողովածուն: Ինչո՞ւ են հատուկ նշում այլ հրատարակչության կողմից առանձին գրքով հրատարակած մի պատմվածքը և հաջորդիվ նոր հպանցիկ ակնարկում Հոլմսին վերաբերող մյուս գործերը: Ի դեպ, եթե մասնագիտական մոտեցում է ցուցաբերվում հանձնաժողովի կողմից, ապա պետք է իմանալ, որ Շերլոք Հոլմսի հետ ծանոթությունը պետք է սկսել «Արնագույն գործը» ստեղծագործությունից»,-շեշտում է հրատարակչության հիմնադիր-նախագահը։

Նրա խոսքով՝ «Էդիթ Պրինտ»-ին են պատկանում Ագաթա Քրիստիի գրքերի հայերեն հրատարակման իրավունքները (այժմ արդեն չորրորդ գործն է տպարանում), և հեղինակին ամբողջ աշխարհում կոչում են Դետեկտիվի թագուհի: Կարապետյանի խոսքով՝ Քրիստիից ոչ մի գործ ներառված չէ, սակայն ներառված են Ալլան Պոյի ստեղծագործությունները:

Ամփոփելով՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանն այս ամենի հետ կապված ոչ միայն կողմնապահություն է նկատում, այլ՝ անտեղյակություն, անգրագիտություն ու ոչ կոմպետենտություն:

«Էդիթ Պրինտ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031