Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա այստեղ ուղարկված է». Խաչատուրովը՝ իր նոր թարգմանչի մասին կասկածներ ունի. քննիչի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է

Հուլիս 28,2020 14:36

Կառավարության որոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն ու այսուհետ դատարանը չի կարող այլ թարգմանիչների ներգրավել, քան մրցույթը հաղթած կազմակերպությունների թարգմանիչների: Ուստի այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի թարգմանիչի փոխարեն այլ թարգմանչուհի եկավ՝ Վարդուհի Շահինյանը: Նա, ինչպես պարզվեց, 7 տարի է, աշխատում է ՀՔԾ-ի հետ, տարբեր փաստաթղթեր է թարգմանում:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հարցադրումներ արեց թարգմանչին, թե ոնց է որոշվել, որ հենց դուք պետք է գաք այս նիստով թարգմանություն իրականացնեք: Շահինյանը պատասխանեց, որ ընկերության տնօրենն ու հիմնադիրը ինքն է ու ինքն է որոշում, որ գործին ում լիազորի, այս դեպքում այլ թարգմանիչներ զբաղված են եղել՝ ինքն է եկել:

Խաչատուրովը դժգոհեց. «Չեմ հասկանում, թե ինչով ձեռնտու չի իմ այս թարգմանիչը»: Նա կասկածներ հայտնեց՝ պատմելով, որ զգացել է, թե քննիչի ու թարգմանչի միջեւ մտերիմ հարաբերություններ են եղել: Դատավորը հարցրեց՝ կարո՞ղ եք դատարանին ներկայացնել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կվկայեն թարգմանչի շահագրգռվածության մասին: Խաչատուրովն էլ պատասխանեց. «Երբ որ ես գնացի հարցաքննության, նա արդեն այնտեղ էր ու ակնհայտ էր, այնպիսի տպավորություն էր, որ իրենց միջեւ մտերիմ հարաբերություններ կան: Գիտեք, առհասարակ ինձ պետք է թարգմանիչ, որին ես հասկանում եմ ու որին ես մի փոքր վստահում եմ»: Դատավորը հարցրեց՝ դա ձեր ենթադրությո՞ւնն է, պարոն Խաչատուրով, ինչին նա պատասխանեց. «Դա ոչ թե իմ ենթադրությունն է, որպես մարդ, ես դրանում բացարձակապես համոզված եմ, որ նա այստեղ ուղարկված է»:

Դատավորը թարգմանչից ճշտեց, թե ի՞նչ հարաբերություններ ունի նա քննիչի հետ, Շահինյանն էլ պատասխանեց, որ զուտ գործնական հարաբերություններ են, 7 տարուց ավելի է՝ աշխատում են ու շատ գործեր են ունեցել, կազմակերպչական աշխատանքներն էլ ինքն է վարում, բոլորին ճանաչում է: Դատավորը գտավ, որ Խաչատուրովը որեւէ փաստական հիմք չներկայացրեց, թե ինչով է թարգմանիչը շահագրգռված այս գործում, ուստի որոշեց, որ Խաչատուրովի թարգմանիչը պետք է լինի Շահինյանը: Իսկ թե ինչ անեն նախկին թարգմանչի՝ Ժաննա Բաղրամյանի հետ՝ դատավորը նրան զգուշացրեց, որ դատարանն այսուհետ չի ապահովելու իր վարձատրությունը:

Բաղրամյանը պատասխանեց. «Այս գործում ներգրավել եմ որպես թարգմանիչ մարտի 3-ից ու մինչ այս պահը ինձ ոչ մի տեսակի վարձատրություն չի եղել ու ես չեմ էլ պահանջել ոչ դատական դեպարտամենտից, ոչ մի մարմնից, չնայած ինձ հրավիրել է դատարանը»: Նա հայտարարեց, որ մինչ օրս որեւէ վճարում իրեն չեն կատարել: Միայն մի տեղեկանք է ստացել հունիսին 30 րոպեանոց նիստի համար, որ ցանկացել են վճարել:

Դատավորը հարցրեց՝ դուք համաձա՞յն եք առանց վարձատրության, անհատույց շարունակել դատարանում աշխատել, Ժաննա Բաղրամյանը պատասխանեց, որ մինչ այս պահն էլ է անվարձահատույց աշխատել, շատ սիրում է իր աշխատանքը ու պատրաստ է աշխատել. «Ես իմ աշխատանքը կատարում եմ հաճույքով ու դրա դիմաց վարձատրություն չեմ էլ ակնկալել»:

Խաչատուրովն էլ ոտքի կանգնեց ու ասաց. «Թող մասնակցի, խնդրում եմ, եթե դուք չեք վճարի, ես կվճարեմ նրան»:

Մեղադրող դատախազնի համար անհասկանալի էր՝ Խաչատուրովը երկրորդ թարգմանչի կարիքն ունի՞, եթե ոչ, ապա պետությունը ինչի՞ վճարի երկրորդ թարգմանչի համար ու Շահինյանին էլ բերի դատարան: Դատավորը որոշեց, որ փաստաթղթերի ծավալը մեծ է, ուստի Բաղրամյանին չի ազատի գործի վարույթում ներգրավվածությունից, իսկ Շահինյանին կներգրավի՝ որպես երկրորդ թարգմանիչ, այդպես ավելի արդյունավետ կլինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031