Հուլիսի 24-ին ԱՄՆ-ում՝ Ֆիլադելֆիայում, 34-ամյա հայ կինը և վերջինիս 5-ամյա որդին հարձակման են ենթարկվել ավտոմեքենայով երթևեկելու ժամանակ: Ինչպես հաղորդում է «Զարթոնք Մեդիա»-ն, թուրքախոս երկու տղամարդ մոտեցել են ավտոմեքենային, երբ վերջինս կանգնած է եղել լուսակրի մոտ:
Տղամարդկանցից մեկը պոկել է ավտոմեքենային փակցված հայկական խորհրդանիշները, իսկ մյուսը, հարվածելով պատուհանին, տարատեսակ սպառնալիքներ է հնչեցրել և խոստացել «հիշել այս ավտոմեքենան»:
Տեղեկության համաձայն՝ կինը, բարեբախտաբար, կարողացել է շարունակել ճանապարհը: Կնոջ և երեխայի անունները չեն հաղորդվում անվտանգության նկատառումներից ելնելով: Նշվում է, որ միջադեպի մասին ոստիկանությունը տեղյակ է, ընթանում է քննություն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ