Լրահոս
Օրվա լրահոսը

603.000.000 ՀՀ դրամը ձևակերպել է որպես դիվիդենտ-շահաբաժին և կանխիկացնելով՝ ամբողջությամբ փոխանցել Սեդրակ Առուստամյանին. կալանավորվել է «Սթոնս» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահը

Հուլիս 28,2020 13:31

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռևս 2019թ. սեպտեմբերի 20-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Տրանշ 3-ի կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ենթակապալառու «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեության կառավարմամբ զբաղված «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին, Գուրգեն Սարգսյանին և Սուրեն Ավագյանին մեղադրանքներ են առաջադրվել: Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունները 2019թ. սեպտեմբերի 21-ին դատարանի կողմից բավարարվել է, սակայն միևնույն ժամանակ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային միջոց գրավի կիրառումը: Մեղադրանքներ էին առաջադրվել նաև «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին, ինչպես նաև՝ նույն ընկերությանն իբրև խորհրդատվական ծառայություններ մատուցած «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի և «Գևորգյան քոնսալթինգ» ՍՊԸ-ի տնօրեններին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի հետագա նախաքննությամբ պարզվել, որ Սեդրակ Առուստամյանը, Գուրգեն Սարգսյանի և Սուրեն Ավագյանի հետ փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, համաձայնություն է ձեռք բերել՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ միջոցով ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու շուրջ, որն իրականացնելու նպատակով «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016թ. հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «Սթոնս» ՍՊ ընկերության և «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության միջև խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ թվով 2 պայմանագրերի կնքումը:

Նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մի մասն իրականացնելու պատրվակով, Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վերջիններս ընկերության գլխավոր հաշվապահի միջոցով, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, 2016թ. հոկտեմբերի 10-ին և նոյեմբերի 11-ին հիմնադրել են համապատասխանաբար «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը նույն ժամանակահատվածում կնքել է իբրև թե խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր:

Վերը նշված պայմանագրերի շրջանակներում ծառայությունների ձեռքբերման անվան տակ, պայմանագրերի կնքումից հետո մինչև 2017թ. ապրիլի 4-ը 7 փոխանցումների միջոցով «Սթոնս» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր 1.162.260.574,5 ՀՀ դրամ: Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարությամբ, ընկերությունում ստացված դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու, դրանց ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, այդ դրամական միջոցներից 140.000.000 ՀՀ դրամը փոխանցել է «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը, իսկ 124.800.000 ՀՀ դրամը՝ «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը՝ իբրև թե վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների համար կանխավճար: «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրենները, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, պայմանագրերի շրջանակներում չկատարելով աշխատանքներ, այլ փաստացի աշխատելով «Սթոնս» ՍՊ ընկերությունում և աշխատանքներ կատարելով որպես ընկերության աշխատակիցներ, գլխավոր հաշվապահի հետ «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերություններին որպես կանխավճար փոխանցված գումարներից համապատասխանաբար 130.800.000 և 116.100.000 ՀՀ դրամ գումարների հանցավոր ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելով՝ 2016թ. հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 25-ին և 28-ին, դեկտեմբերի 23-ին ձևակերպել են որպես ընկերությունների կարիքների համար այլ ծախսեր, կանխիկացրել, դրանցից որպես իրենց աշխատավարձ պահել են 12.000.000 ՀՀ դրամ և 8.000.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 108.100.000 ՀՀ դրամը և 118.800.000 ՀՀ դրամը՝ ընդհանուր 226.900.000 ՀՀ դրամը, առձեռն փոխանցել են Սեդրակ Առուստամյանին:

Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարություններով, «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից հանցավոր գործողությունների արդյունքում փոխանցած մնացած գումարների ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու՝ դրանք օրինականացնելու և նրանց փոխանցելու համար, «Սթոնս» ՍՊ ընկերությունում այդ գումարներից ընդհանուր 603.000.000 ՀՀ դրամը ձևակերպել է որպես դիվիդենտ-շահաբաժին և 2016թ. սեպտեմբերի 6-ին, հոկտեմբերի 5-ին, դեկտեմբերի 23-ին և 25-ին նշված պատրվակով կանխիկացնելով՝ ամբողջությամբ փոխանցել է Սեդրակ Առուստամյանին: «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին ներկայացված 1.167.409.328,31 ՀՀ դրամի 7 կեղծ հարկային հաշիվների տվյալները «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հանձնարարությամբ ընդունվել են և այդ տվյալները ներառվել ընկերության կողմից 2016-2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի արդյունքում «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս, որը «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից կատարված վերը նշված գործարքների, ինչպես նաև առանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ստեղծված «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից կատարված կեղծ ձեռնարկատիրական գործունեության՝ առանց ծառայությունների մատուցման դրանց վերաբերյալ կեղծ փաստաթղթեր դուրս գրելու համար հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր, կազմում է 2.729.457.229 ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ ընկերության գլխավոր հաշվապահը 2018թ. ապրիլի 1-ին «Գոլդեն Ֆլոուր» ՍՊ ընկերության տնօրենի հետ կնքված պայմանագրի շրջանակներում հաշվապահական ծառայություններ մատուցելով, նշված ՍՊ ընկերությանը և 2020թ. փետրվարի 17-ից անմիջականորեն ներգրավված լինելով նշված ընկերությունում իրականացվող համալիր հարկային ստուգմանը, ինչպես նաև նախապես տեղյակ լինելով ստուգմամբ ընկերությունում խախտումների հայտնաբերման դեպքում տնօրենի կողմից կաշառք տալու պատրաստակամության մասին, 2020թ. մարտի 2-ին տեղեկանալով ստուգողների կողմից հայտնաբերված խախտումների ծավալին, նպաստել է կաշառք տալու և ստանալու շուրջ համաձայնության ձեռք բերմանը:

2020թ. մարտի 23-ին գլխավոր հաշվապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է, սակայն դատարանի կողմից որպես կալանքի այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը:

Բացի այդ, պարզվել է նաև, որ գլխավոր հաշվապահը, վերը նկարագրված հանգամանքներում փողերի լվացման արդյունքում ստացված նշված գումարները հետագայում իբրև «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով ծախսված լինելու հանգամանքները հիմնավորելու, ենթադրյալ հանցանքի հետքերը թաքցնելու, նկարագրված հանցանքների կատարման մեջ մեղադրվող անձանց պատասխանատվությունից ազատող հիմքեր ստեղծելու նպատակով, արդեն իսկ կազմված, լրացված և պետական մարմնի՝ հարկային ծառայության, կողմից վավերացված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող «Սթոնս» ՍՊ ընկերության դրամարկղային գիրքը կեղծելու, հետագայում նաև այդ գրքում մտցված կեղծ տվյալների հիման վրա պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների դրամարկղային գրքերը կեղծելու դիտավորությամբ, պոլիգրաֆիական արտադրանքի տպագրությամբ զբաղվող Ա/Ձ աշխատակցուհու հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, «Սթոնս» ՍՊ ընկերության դրամարկղային գիրքը 2020թ. փետրվարի 1-ին տրամադրել է վերջինիս, ով այդ գրքում արդեն նախորդող ժամանակահատվածում ընկերության գանձապահի ու հաշվապահի կողմից կազմված ու ստորագրություններով հաստատված թերթերը փոխարինել է գլխավոր հաշվապահի կողմից տրամադրված դրամարկղային գրքի նոր թերթերով, այնուհետև փոխարինված, պատրաստված ու կարված կեղծ դրամարկղային գիրքը փետրվարի 7-ին վերադարձրել է նրան: Գլխավոր հաշվապահը նշված, ինչպես նաև «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների դրամարկղային գրքերում կատարել է կեղծ լրացումներ, որից հետո կեղծ տեղեկություններ պարունակող նշված դրամարկղային գրքերը ներկայացրել է «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրենների, ինչպես նաև՝ «Սթոնս» ընկերության գանձապահի ստորագրմանն ու հաստատմանը, դրանցում որպես նշված ընկերություների հաշվապահ ստորագրել նաև անձամբ: Այնուհետև 2020թ. ապրիլի 16-ին դրանք ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված ապացուցյների համակցությամբ՝ 2020թ. հուլիսի 21-ին որոշում է կայացվել գլխավոր հաշվապահին առաջադրված մեղադրանքները փոփոխելու, լրացնելու մասին, և նույն օրը նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացնելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը հուլիսի 24-ին դատարանի կողմից բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031