Հայաստանում մեկնարկում է երաժշտական մրցույթ՝ «Miss Singer Armenia» խորագրով: Մրցույթի նպատակն է գտնել գեղեցկուհիների, որոնք ունեն գեղեցիկ մոդելային կազմվածք, ձայնային, երաժշտական տվյալներ, և ներկայացնել հանրությանը: Մրցույթը նախատեսված է անցկացնել TV ձեւաչափով:
«Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «21TV» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանը, «Միսս Երգչուհի Հայաստան» նախագծի համակարգող Արմինե Մուրադյանը և «Միսս Երևան» փրոդաքշնի գլխավոր պրոդյուսեր Ռաֆ Սահինյանը մանրամասներ ներկայացրին մրցույթից:
Արմինե Մուրադյանը տեղեկացրեց, որ բացի արտաքին տվյալներից՝ պարտադիր պայման է նաեւ գեղեցիկ ձայնը: Միեւնույն ժամանակ էլ ընդգծեց. «Սա լավագույն երգչուհու կամ երգի մրցույթ չէ, այլ ընդհանուր առումով է ներկայացվելու, մեծ աշխատանք է տարվելու աղջիկների հետ, թե երգի, թե մոդելային ասպարեզում; Նախապես հայտեր կներկայացնեն մասնակիցները, կանցկացվի քաստինգ, ապա ընտրված մասնակիցների հետ աշխատանքներ կտարվեն… Աղջիկների հետ կաշխատեն լավագույն ստուդիաները, ոճաբաններն ու դիզայներները»: Նրա խոսքով, մրցույթի գաղափարն է ստանալ լավագույն շոու կերպար: Մրցույթին կարող են մասնակցել 15-30 տարեկան աղջիկներ:
Գոռ Հարությունյանի խոսքով, «Միսս երգչուհի Հայաստան» մրցույթը ձեւաչափային առումով էլ յուրօրինակ կլինի՝ համեմատած այլ երաժշտական հեռուստատեսային նախագծերի հետ, որոնք ունեն իրենց կանոնները, եւ երբեմն աղմուկ են բարձրացրել Հայաստանում. «Օրինակ, ժյուրիի ծաղրական վերաբերմունքը մասնակիցների հանդեպ, որը տվյալ նախագծի պահանջներից մեկն էր, կամ ժյուրիի ազատ վարքագիծը, որը աղմուկի եւ հումորի պատճառ դարձավ մեր երկրում:
Կարդացեք նաև
Այս պարագայում մենք ենք կանոնները մշակել, եւ տվյալ դեպքում ոչ թե էժան PR-ի կամ մարդկանց ծաղրելու շնորհիվ «Միսս երգչուհի Հայաստան»-ը ուշադրության կարժանանա, այլ հենց յուրատեսակ ձեւաչափի: Սա ավելի շատ պրոդյուսերական նախագիծ է, եւ մենք գերնպատակ չենք դրել լավագույն վոլակիստներին հավաքելու այս նախագծի ներքո, այլ խնդիր ենք դրել, որ համատեղենք վոկալային եւ մոդելային տվյալները:
Հույս ունենանք, որ աղջիկները կլինեն համարձակ եւ հայտեր կներկայացնեն, որպեսզի հետո արժանանան այն մրցանակներին, որը նախատեսել ենք մրցույթի հաղթողի համար: 24 մասնակից ենք նախատեսել, որ արդեն հեռուստանախագծում կներկայանան: Ըստ ամենայնի, մոտ երկու ամիս ընթացող հեռուստատարբերակում բոլորը կտեսնեն, թե ինչպես են սկզբում եթերին եւ բեմին անփորձ մարդիկ աստիճանաբար դառնում փորձված: Չասենք պրոֆեսիոնալ, որովհետեւ պրոֆեսիոնալիզմին հասնելու ճանապարհը երկար է, բայց աղջիկները գոնե անվախ ու ազատ կլինեն բեմում եւ հանդիսատեսի առաջ»:
Ռաֆ Սահինյանը հավելեց, որ մրցույթը «Միսս Երևան» փրոդաքշնի եւ «21TV» հեռուստաընկերության արդեն երկրորդ համատեղ նախագիծն է, առաջինը «Միսս Երեւանն» էր: Նրա խոսքերով, իրենք տեխնիկապես հագեցած են, կախված չեն այլ խնդիրներից: Նա վստահություն հայտնեց, որ շոուն շատ գեղեցիկ կստացվի:
Արմինե Մուրադյանը տեղեկացրեց նաեւ, թե ինչ է սպասվում հաղթողին. «Հաղթող մասնակցի հետ բավականին երկար ճանապարհ ենք անցնելու: Կլինի նոր երգի ստեղծում, կգրվի հիթային երգ, որ կկատարի մասնակիցը, կնկարահանվի նոր երաժշտական հոլովակ: Նախատեսում ենք մասնակցին ներկայացնել տարբեր հարթակներում, այդ թվում՝ միջազգային մրցույթներում: Հիմնական նպատակն է ստանալ շոու բիզնեսի լավագույն կերպար»: Նա հավելեց, որ իրենց համար նշանակություն չունի՝ մասնակիցը փորձ ունի՞ մոդելային կամ երաժշտական ոլորտում, թե ոչ, որովհետեւ միեւնույն է՝ նրան մեծ աշխատանք է սպասվում:
Գոռ Հարությունյանի խոսքերով, հայտնիության աստիճանը մի քիչ հարաբերական է: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա «Միսս Երեւանն», օրինակ, արդեն հայտ է ներկայացրել մրցույթին մասնակցության: Ռաֆ Սահինյանն էլ հավելեց, որ կան աղջիկներ էլ, որոնք կոնսերվատորիայում են սովորում: Կազմակերպիչների խոսքերով, մրցույթը հրաշալի հնարավորություն է հանրությանը ներկայանալու եւ նոր տեսահոլովակ ունենալու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ